Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հեռուստաբանավեճն իմաստ կունենար, եթե անցկացվեր ընդդիմադիր քաղաքական լիդերների միջև. Գարիկ Քեռյան

heroustabanavejn-imast-kounenar--ete-anckacver-enddimadir-qaxaqakan-liderneri-mije-garik-qeryan

Հեռուստատեսային բանավեճի կազմակերպումը կարևոր քայլ է մեզ մոտ նոր քաղաքական մշակույթի ձևավորման գործում, սակայն բանավեճն իմաստ է ձեռք բերում, եթե այն կազմակերպվում է մրցակից, իրար ընդդիմադիր քաղաքական լիդերների միջև: Իսկ նախօրեին անցկացված հեռուստաբանավեճում 11 քաղաքական ուժերից թերևս 2-3-ն էին իրար ընդդիմադիր: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

«Ժողովրդավարական զարգացած երկրներում տասնյակ տարիներ կիրառվում է հեռուստատեսային բանավեճի ֆորմատը, իսկ դրա դասական օրինակը Միացյալ Նահանգներում է: Այսպիսի հեռուսատաբանավեճերը էական դեր են կատարում հատկապես ընտրություններից մի քանի օր առաջ ընտրողների կողմնորոշման իմաստով, հատկապես այն ընտրազանգվածի համար, որը դեռ տատանվում է քաղաքական այս կամ այն ուժի միջև: Երբեմն նույնիսկ անհաջող դեբատները կարող են վճռորոշ լինել քաղաքական ուժի ընտրության հարցում:

Հայաստանում առաջին անգամ էր այս ֆորմատով բանավեճ կազմակերպվել, և բնական է, որ կային որոշակի թերություններ: Ինչո՞ւ, որովհետև ես չեմ տեսել այլ երկրներում բանավեճեր, որտեղ հրավիրեն բոլոր կողմերին: Նման սպեկտոր ընտրելը, ինձ թվում է, ճիշտ չէ, որովհետև ինչքան էլ երկար տևի բանավեճը, 10-12 քաղաքական ուժ չեն կարող արդյունավետ ներկայացնել իրենց դիրքորոշումները: Բանավեճն արդյունավետ է այն ժամանակ, երբ տեղի է ունենում երկու կամ առավելագույնը երեք կողմերի միջև, դա է ցույց տալիս համաշխարհային փորձը, և բանավեճը իմաստ է ձեռք բերում այն ժամանակ, երբ տեղի է ունենում մրցակից քաղաքական ուժերի միջև, որոնք ունեն տարբեր դիրքորոշումներ, որոնց հայեցակարգերը բախվում են: Իսկ նախօրեին անցկացված բանավեճում ընդամենը 2-3-ն էին իրար ընդդիմադիր, մեծամասանությունը նույն քաղաքական գծի վրա էին, այսինքն, սատարում էին հեղափոխությանը»,- ասաց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ հարց է ծագում, եթե բոլոր ուժերը կողմ են հեղափոխության գաղափարին, ինչո՞ւ չեն միավորվում մեկ ճակատում: «Հենց այստեղ է, որ տարակուսանք է առաջանում ինձ մոտ, երբ a, b, c քաղաքական ուժերը նույն պլատֆորմով մասնակցում են ընտրությունների՝ որպես առանձին քաղաքական ուժեր, տրամաբանությունը թելադրում է, որ նրանք պետք է լինեն մրցակիցներ, բայց նրանք հանդես են գալիս ոչ թե որպես մրցակիցներ, այլ տարբեր մարդկանց խմբավորումներ՝ նույն դիրքորոշմամբ: Սա արդեն քաղաքագիտական իմաստով ճիշտ չէ»,- նշեց նա:

Մեր այն հարցին, թե քաղաքական լիդերները կարողացա՞ն հստակորեն ներկայացնել իրենց գաղափարներն ու ծրագրերը և նկատելի չէ՞ր արդյոք, որ նրանք փորձում էին խուսանավել այս կամ այն հարցից կամ լղոզված պատասխաններ հնչեցնել, քաղաքագետը պատասխանեց. «Համամիտ եմ, որ հստակ ձևակերպումներ չէին արվում, սակայն դրանում իրենք չեն մեղավոր: Ձևաչափն այնպիսին է, որ իրենց տրված է երկու րոպե, իսկ դա շատ կարճ է դիրքորոշում ներկայացնելու և քննարկելու համար: Էքստրեմալ իրավիճակ էր քաղաքական գործիչների համար: Այդպես էլ չհասկացվեց՝ ով ում թիրախն էր և ում դաշնակիցը»:

Իսկ այն դիտարկմանը, թե բանավեճի ժամանակ կարծես պարզ դարձավ՝ ով որ ճամբարումէ իրեն տեսնում, Գարիկ Քեռյանը նշեց. «Պարզից էլ պարզ էր, որ հիմնական բախումը տեղի է ունենում հին քաղաքական ուժի և նորի միջև, և մնացածները կարծես հայտնվել էին ավելի շուտ դիտորդի կարգավիճակում, ինչը իրենց իմիջին, ըստ էության, այդքան էլ օգուտ չէր: Մյուս կողմից, մարդիկ արդեն շատ լավ գիտեն, թե հին և նոր քաղաքական ուժերի միջև տարակարծությունները որոնք են, և այս տեսանկյունից՝ հեռուստաբանավեճը այն բոլոր հարցերի կրկնությունն էր, որոնք հնչել էին նախկինում:

Իսկ թե ով ով է, այս հաղորդումով չէ, որ պետք է երևար: Արդեն տևական ժամանակ գործընթացներ են ընթանում՝ ՏԻՄ ընտրություններ, Երևանի ավագանու ընտրություններ, ելույթներ ևա այլն: Շատ բան արդեն պարզ էր»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ