Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետաքրքրասերի ակումբ. «Զարմանահրաշ» գրողները ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում (լուսանկարներ)

am es en ru
hetaqrqraseri-akoumb-zarmanahras-groxnere-rak-siraki-marzayin-grasenyakoum-lousankarner

Ազգի լեզուն ու գրականությունը այն բարձր արժեքներն են, որոնց շնորհիվ գոյատևում ու անմահանում է ժողովուրդը։

ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբում հոկտեմբերի 20-ին կազմակերպվել էր խաղ-վիկտորինա հայ և համաշխարհային գրողների վերաբերյալ: Ակումբը հյուրընկալել էր «Խորանարդ» ինտելեկտուալ ակումբի տնօրեն Արմեն Պետրոսյանին, ում ներկայացրեց ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի համակարգող Հովիկ Կարապետյանը։ Վիկտորինային մասնակցում էին ինչպես ակումբի անդամները, այնպես էլ ՌԱԿ համակիրներ։


Վիկտորինայի սկզբում խաղավարը՝ Արմեն Պետրոսյանը, ծանոթացավ ներկաների հետ։ Ներկայացվեց վիկտորինայի ծրագիրը։ Անդրադառնալով ծրագրի առաջին ՝ «Մեր սիրելի գրողները» կետին, նա հետաքրքրվեց, թե որ գրականությունն է գրավում մասնակիցներին և ինչ գիրք են կարդում այժմ։ Պետրոսյանը հիացմունքով նշեց, որ երիտասարդների նախընտրած գրքերը գլխավորապես խոհափիլիսոփայական և հոգեբանական վեհ գաղափարներ պարունակող գրքեր են։

Հաջորդ փուլը կոչվում էր «Գուշակիր հայ գրողներին», որի ընթացքում մասնակիցները փորձեցին կռահել նկարում պատկերված հեղինակներին։ Հարկ է նշել, որ նրանք ոգևորությամբ սկսեցին գուշակել գրողներին, իսկ հարկ եղած դեպքում օգնության էին գալիս մեծահասակները։ Արդյունքում այս փուլի համար մասնակիցները հավաքում էին միավորներ, որոնց հանրագումարը դառնում էր գիրք-մրցանակ։

Երրորդ փուլը պատկերային էր։ Ցուցադրվեցին համապատասխան նկարներ, որոնք ամփոփում էին տարբեր հայտնի ու սիրված բանաստեղծություններ։ Գովելի էր երիտասարդների ակտիվությունը, ովքեր ջանք չէին խնայում ցուցադրել իրենց գիտելիքներն այս ասպարեզում։

Չորրորդ փուլը կոչվում էր «Այդ տարօրինակ գրողները»։ Այս փուլում խաղավարը ներկայացրեց հայտնի գրողների տարօրինակություններն ու առանձնահատուկ կողմերը։ Գրողները ներկայացվեցին այլ տեսանկյունից։ Օրինակ, քչերս գիտեինք, որ դետեկտիվ ժանրի թագուհի Ագաթա Քրիստին երբեք իր ձեռքը չի վերցրել գրիչը, այլ ուրիշին է թելադրել գրել իր ստեղծագործություններն իր փոխարեն։ Ներկաներից յուրաքանչյուրը տարօրինակ գրողների շարքում գտավ իր սիրելի հեղինակին ։

Ինչպես գիտենք, շատ գրողների լուսանկարներ տարբեր երկրներում պատկերվել են թղթադրամների ու մանրադրամների վրա։ Արմեն Պետրոսյանը ցուցադրեց այն թղթադրամների և մանրադրամների լուսանկարները, որոնց վրա պատկերված են հայտնի դեմքեր կամ գրողներ, ինչպիսիք են Գրիմմ եղբայրները, Չ.Դիքքենսը, Ելիզավետա թագուհին և այլք։

«Եռատառ» փուլի ժամանակ մասնակիցներին բաժանվեցին հեղինակների անուններ՝ համապատասխան նկարներով։ Խաղավարը ընթերցում էր տվյալ հեղինակներին բնորոշող գծերը, իսկ մասնակիցները ընտրում էին ճիշտ տարբերակները։ Այս փուլի հաղթողներին տրվեցին միջանկյալ մրցանակներ գրքերի տեսքով։

Մեր խոսքը լեցուն է առածներով ու ասացվածքներով, որոնք հարստացնում են մեր բառապաշարը։ Հաջորդ փուլը «Հայկական առածանիի» գուշակումն էր նկարներով։ Մասնակիցները նույնպիսի հետաքրքրասիրությամբ ու աշխուժությամբ ավարտեցին այս փուլը՝ համալրելով իրենց միավորները։

Վերջում կայացավ գլխավոր՝ ինտելեկտուալ խաղը: Մասնակիցներին հանձնվեցին գրողների նկարներով հարցաթերթեր, համապատասխան հարցի ճիշտ պատասխանով պետք է որոշվեին 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր գրավողները։ Արդյունքում պարզվեց, որ մեր ակումբայինները գիտակ են գրականության ասպարեզում. 4 հոգի հավասար էին 2-րդ տեղում, իսկ 3-ը՝ 3-րդ։ Բոլորը պարգևատրվեցին ՌԱԿ գրասենյակի գիրք-մրցանակներով:

Միջոցառման վերջում մասնակիցներն ու ներկաները արտահայտեցին իրենց բարձր տպավորությունը, շնորհակալություն հայտնեցին Արմեն Պետրոսյանին, իսկ կազմակերպիչները խոստացան հաճախակի կազմակերպել նման միջոցառումներ ու կրկին հավաքել բանիմաց երիտասարդներին մեկ սեղանի շուրջ։

Միջոցառման ողջ ընթացքում իրենց գեղեցիկ և ոգևորիչ երաժշտական համարներով հանդես եկան Գյումյու թիվ 1 երաժշտական դպրոցի սաներ՝ դհոլահարներ Կոլյա Աթոյանը և Սամվել Խչեյանը, դուդուկահար Մարտին Մոսոյանը՝ կատարելով հայկական ժողովրդական և գուսանական սիրված երգեր։

ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի անդամ, ՇՊՀ օտար լեզուների ֆակուլտետի անգլիական բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

Սիրանուշ Խաչատրյան

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ