Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

ՀՀ Անկախության հռչակագիրը և Թուրքիայի անհանգստությունը 29 տարեկան են

hh-ankaxoutyan-hrcakagire-e-tourqiayi-anhangstoutyoune-29-tarekan-en

Մոտ 6 դար, ապա նաև 7 տասնամյակ անկախությունից զրկված հայ ժողովուրդը 29 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 23-ին, հաղթահարեց այդ զրկանքը: 1990-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին իսկ նստաշրջանում ընդունվեց Անկախության հռչակագիրը, որով էլ մեկնարկ տրվեց անկախ պետականության հաստատման իրավական գործընթացին: Հայաստանի երկու հիմնարար փաստատթղթերից մեկը Անկախության հռչակագիրն է, մյուսը՝ Սահմանադրությունը: Անկախության հռչակագիրը կազմված է 12 կետից: Պետք է նշել, որ Հռչակագրի ամեն կետն ընդունվել է առանձին քննարկումներով ու քվեարկությամբ: Բանավեճերից ամենաերկարատևը ու տարաձայնություններից ամենաշատը եղավ 11-րդ կետի քննարկման և քվեարկման ժամանակ: Իսկ ի՞նչ էր ազդարարում Հռչակագրի 11-րդ կետը:

Ահա թե ինչ.

«Հայաստանի Հանրապետությունը սատար է  կանգնում 1915 թվականին Օսմանյան  Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային   ճանաչման գործին»:

Գերագույն խորհրդի պատգամավորների փոքրամասնությունը դեմ էր, որ Հայոց ցեղասպանության հարցը ներառվի իրավական այդ փաստաթղթում, մեծամասնությունը՝ կողմ: Առաջինները պնդում էին, որ քաղաքագիտորեն և դիվանագիտորեն ճիշտ չէ, Ցեղասպանության հարցն արծարծել ու ամրագրել այդ փաստաթղթում: Պնդեցին, բայց, բարեբախտաբար, չհաջողեցին: Ամենակարևոր փաստաթղթում անկասկած պիտի լիներ ազգի ամենամեծ ողբերգության ու ամենախոշոր կորստի արձանագրումը: 

Քվեարկության ժամանակ 25 պատգամավոր, այնուամենայնիվ, դեմ քվեարկեց Հռչակագրի 11-րդ կետի  վերոհիշյալ բովանդակությանը:

Ի դեպ, այդ կետին դեմ էին և են նաև թուրքերը: Երբ ժամանակին քննարկումների հարթակներում հայտնվել էին ցյուրիխյան արձանագրութունները, առիթ եղավ, որպեսզի Թուրքիայից կրկին հնչեն տեղատարափ քննադատություններ Հայաստանի Անկախության հռչակագրի 11-րդ կետի վերաբերյալ: Հատկապես փորձագիտական համայնքը տարատեսակ վերլուծություններում հրապարակային ամենակոշտ քննադատություններն էր հնչեցնում 11-րդ կետի հասցեին: Թուրքական լսարանին Հռչակագրի այդ դրույթը ներկայացվում էր որպես բացահայտ սպառնալիք թուրքական պետությանը: 

Իհարկե, սպասելի էր, որ Թուրքիան չի ողջունելու այդ կետը: Նախ որովհետև իրավական այդ փաստաթղթում ամրագրված էր «Հայոց ցեղասպանություն» եզրը: Եվ երկրորդ՝ «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը թուրքերն ընկալել ու անվանել են հողային պահանջատիրության ակտ:

Անցել է արդեն շուրջ 3 տասնամյակ: Հայաստանի հետ սահմանը փակ պահող, հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնող, թուրքաբնակ հայերին քաղաքական պատանդի պես օգտագործող, Արցախի հարցում ադրբեջանամետ լոբբինգ անող Թուրքիայի այս 30 տարվա վարքագիծը միայն ու միայն ապացուցում է, որ Հռչակագրի 11-րդ կետի գոյությունը ճիշտ էր և օրախնդիր, իսկ իրականացումը՝ միշտ պարտադիր: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ