Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հին Խնձորեսկ գյուղն ու քարանձավային բնակարանները

am
hin-xncoresk-gyouxn-ou-qarancavayin-bnakarannere

Գորիս քաղաքից 13 կմ դեպի հարավ-արևելք, այժմյան Խնձորեսկ գյուղի հյուսիսարևելյան եզրի խոր ձորահովիտներով կտրտված լեռնահովտի աջ ու ձախ լանջերին տարածվում է Հին Խնձորեսկ գյուղը: Ըստ ավանդության` խոր ձորերի մեջ կառուցված լինելու պատճառով, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ` հետագա ձևափոխությամբ դառնալով Խնձորեսկ: Խնձորեսկը ունեցել է 11 պատմական թաղ (մայլա)` Փռթոսի, Ծտի, Թելունց, Չայլուկի, Ներքին, Վերին, Տափլակ և այլն: Սկզբում Խնձորեսկի տների մեծ մասը քարանձավային է եղել, հետագայում կառուցվել են նաև քարաշեն տներ:

Անձավային բնակարանները եղել են նաև ինքնատիպ պատսպարաններ: Մի քարայրից բաղկացած ժայռերից բացի կան նաև տարբեր բարձրության վրա փորված քարայրներ ունեցող ժայռեր: 20-30 մ բարձրության վրա եղած քարայր-բնակարաններ (տեղացիներն անվանում են «քրատակներ») բնակիչները բարձրացել են պարաններով: Ժամանակի ընթացքում քարայրների ճակատային մասերում տներ են կառուցվել, որոնք դասավորված են եղել դարավանդաձև` զառիթափ լեռնալանջով դեպի վեր. մեկ տան կտուրը ծառայել է իբրև բակ մյուս տան համար: Այնպես որ հեռվից գյուղը լեռնալանջն ի վեր ձգվող բազմահարկ հսկայական շենքի տպավորություն է թողել:

Նշանավոր հուշարձաններից է Խնձորեսկի բերդը: Այն իրենից ներկայացնում է դժվարամատչելի քարայրների մի ամբողջական համալիր: Բերդը 1728-1730թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը:

Գյուղի տարածքում տարբեր պատմական ժամանակահատվածներում կառուցվել են չորս եկեղեցի: Կանգուն են Ս. Թադևոս և Ս. Հռիփսիմե եկեղեցիները, Անապատի եկեղեցին խոնարհված է, իսկ գյուղի հարավարևելյան եզրին պահպանվել է IX-X դդ. ժայռափոր եկեղեցի: Ս. Հռիփսիմեն (1666թ.) եռանավ բազիլիկ կառույց է, իսկ Ս. Թադևոսը (XVII-XVIII դդ.) միանավ սրահ է: Անապատ եկեղեցին եղել է գրչության կենտրոն, որտեղ գրվել և պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր: Եկեղեցու բակի տապանատանն է գտնվում Մխիթար Սպարապետի գերեզմանը:

Գյուղատեղիի տարբեր հատվածներում կան աղբյուրներ, որոնց մի մասը կամարակապ է: Բոլոր աղբյուրներն էլ ունեն քարից կառուցված մեծ կամ փոքր նովեր: Աղբյուրներն հիմնականում կոչվել են կառուցողների անունով` Ղանդունց նով, Թելունց և այլն: Գյուղատեղիի բարձրադիր լանջին է գտնվում Մելիք Քասու ապարանքը (1836 թ.): Ուշագրավ կառույց է նաև Ս. Թադևոս եկեղեցու մոտ գտնվող ժայռափոր ջրամբարը:

Այսօրվա Խնձորեսկ գյուղը կառուցվել է հնի հաշվին. բնակիչները, լքելով գյուղը, նոր բնակարանների կառուցման համար քանդել և օգտագործել են հին տների շինաքարը, ինչի արդյունքում մեծապես տուժել է մինչև 1954թ. անխաթար պահպանված գյուղի պատմամշակութային նկարագիրը:

2012թ. հունիսին գործարկվել է Հին Խնձորեսկի երկու ձորափները (Ղանդունց նովն ու Ներքին թաղը) իրար միացնող 160 մ երկարությամբ, 63 մ առավելագույն բարձրությամբ ճոճվող կամուրջը: Այն իր տեսակի մեջ եզակի, գեղեցիկ և տեսարժան կամուրջ է:

Խնձորեսկի մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Ստեփանոս Օրբելյանը իր «Պատմություն նահանգին Սիսական» աշխատության մեջ: Աշխատության վերջում բերված հին հարկացուցակի համաձայն` Խնձորեսկ գյուղը Տաթևի վանքին տալիս էր 10 միավոր հարկ: Բնակչությունն զբաղվել է տարբեր արհեստներով, իսկ դարբինները, պայտագործները, որմնադիրները, զինագործները, գորգագործները իրենց արհեստը տարածել են նաև այլ երկրներում: Ամենուրեք հռչակված են եղել գյուղի աշուղները:

Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը: XX դարի սկզբներին նրա բնակչության թիվը հասել է 8300-ի, ունեցել է 7 դպրոց և 27 խանութ: Գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռազմաճակատ է զորակոչվել 1300 մարդ, որոնցից շուրջ 80-ը արժանացել են սպայական կոչումների, այդ թվում` 1 գեներալ և 8 գնդապետ, իսկ 480 խնձորեսկցիներ զոհվել են ռազմի դաշտում: Արցախյան ազատամարտը փոթորկել է նաև խնձորեսկցիներին, որոնք իրենց անմնացորդ մասնակցությունը բերեցին ինչպես պատմական հողերի ազատագրման, այնպես էլ անկախ պետականության բանակաշինության նվիրական գործին:

Գյուղը հռչակված է նաև մշակույթի, գիտության, պետական ու քաղաքական ասպարեզներում ճանաչված գործիչներով: Խնձորեսկում են ծնվել գրողներ Սուրեն Այվազյանը, Գարեգին Սևունցը, Սաթյանների նշանավոր երգահանների ընտանիքը, երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը և այլն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ