Հիշողություններ՝ 28-ամյա հեռավորությունից

hisoxoutyounner-28-amya-heravoroutyounic

 

1991-ի օգոստոսն էր: Խորհրդային միության առաջին և վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովը, համանուն անվանումով նավի ղեկն ամուր բռնած, այն վստահաբար տանում էր դեպի անխուսափելի նավաբեկություն: Այնքան վստահաբար, որ նույնիսկ մարդիկ, որոնք դեռ մեկ-երկու տարի առաջ կարծում էին, որ ԽՍՀՄ-ը հավերժ է, արդեն համոզված էին, որ երկիրը փլուզման եզրին է:

Վերջին հզոր հարվածը ԽՍՀՄ պետության հիմքերին հասցվեց օգոստոսյան խռովության տեսքով, որի տապալումից հետո այլևս կասկած չկար, որ դեպի երևակայական կոմունիզմ տանող փշերով և տատասկներով ուղեկցվող ճանապարհն այդպես էլ կիսատ մնաց: Եվ նույնիսկ իշխանությունների կողմից օրեր անց ձեռնարկված հանրաքվեն պետության հետագա գոյատևման վերաբերյալ արդեն զուտ ձևական բնույթ էր կրում...

Իսկ ի՞նչ էր տեղի ունենում Հայաստանում: Չնայած դեռևս 1990-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել էր Հայաստանի անկախության հռչակագիրը և հայտարարել նոր պետության՝ Հայաստանի Հանրապետության ձևավորման մասին, սակայն այն դեռևս դեկլարատիվ բնույթ էր կրում: Իսկ ահա 1991-ի սեպտեմբերի 21-ին արդեն մայր Հայաստանում բնակվող ողջ ժողովուրդը հանրաքվեի միջոցով գրեթե միահամուռ կերպով կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն: Երկու օր անց էլ Գերագույն Խորհուրդը վավերացրեց այդ որոշումը՝ իրավական վերջակետ դնելով անկախության գործընթացին:

Գրում եմ այս տողերն ու կրկին վերապրում 28-ամյա հոռավորության վրա գտնվող իրադարձությունները: Վերապրում այն աննախադեպ ազգային զարթոնքը, որն սկսվել էր դեռևս 1988-ին՝ ղարաբաղյան շարժումից ի վեր: Վերհիշում այն ոգևորությունն ու միասնականության զգացումը, երբ ողջ ազգը՝ թե՛ Հայաստանում և Արցախում, թե՛ Սփյուռքում, միավորված էր մեկ սուրբ գաղափարի՝ միասնական Հայրենիք ունենալու շուրջ:

Միայն այդպիսի միասնականության պահպանման և ամրապնդման շնորհիվ, անցնելով ցուրտ ու մութ տարիների զրկանքներով, նահատակներ և վիրավորներ տալով ռազմի դաշտում, մենք հետագայում կարողացանք հասնել Հայաստանի պատմության մեջ աննախադեպ հաղթանակի: Հաղթանակի՝ քանակով և զենք-զինամթերքով մեզ զգալիորեն գերազանցող թշնամու նկատմամբ, որին անթաքույց սատարում էին արհեստավարժ երկրագնդի տարբեր «տաք կետերից» ժամանած արհեստավարժ զինված հրոսակախմբեր: Համընդհանուր այդ ոգևորության պայմաններում էր, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը հայտարարեց. «21-րդ դարը մերն է լինելու»:

Անկախության հռչակման օրվանից անցել է 28 տարի: Ցավոք, այսօր մենք կրկին կանգնած ենք շատ լուրջ մարտահրավերների առջև, որոնք արդեն ավելի շատ աշխարհաքաղաքական բնույթ են կրում: Սակայն եկեք այսօր դրանց չանդրադառնանք: Պարզապես ևս մեկ անգամ շնորհավորենք մեկմեկու՝ անկախ քաղաքական և այլևայլ նախապատվություններից: Եկեք ևս մեկ անգամ վերապրենք իրական, ոչ թե թվացյալ միասնականության՝ ոչնչի հետ չհամեմատվող զգացումը, որը կար 1991-ի սեպտեմբերի 21-ին:

 

Տոնդ շնորհավո՜ր, իմ անկախ Հայրենիք: Խաղաղություն և համերաշխություն քեզ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ