Հուլիսի ամենապահանջված գրքերի տասնյակը

am
houlisi-amenapahanjvac-grqeri-tasnyake

Հայաստանի ազգային գրադարանի հուլիսյան ամենապահանջված գրքերի տասնյակը կարելի է առանձնացնել բնորոշումների գերադրական աստիճանով. ամենավերջին հրատարակություն, ամենաառաջին վեպ, ամենաամառային, ամենաշատ վաճառված, ամենաքաղաքականացված, ամենասկանդալային, գրադարանի 2018-ի ամենապահանջված պոետ և այլն:

1. Վահան Տերյան, «Ընտիրը»

Ազգային գրադարանում հուլիսին ամենաշատն ընթերցել են Վահան Տերյանի ստեղծագործությունները: Ընթերցողներին է տրամադրվել Տերյանի բանաստեղծությունների ամենավերջին հրատարակությունը՝ 2012 թվականին լույս տեսած «Ընտիրը» ժողովածուն: Գիրքն ընդգրկում է Տերյանի բանաստեղծական ամբողջ ժառանգությունը (բացառությամբ սևագրութունների և տարբերակների)՝ առանց ընտրության, քանի որ բանաստեղծի բոլոր գործերը գեղարվեստական մեծ արժեք ունեն: Ինչպես ժողովածուում տեղ գտած «Գեղեցկություն ասված Աստծու լույսը» իր հոդվածում է գրել Հրանտ Մաթևոսյանը՝ «Նա չարտագրված բառ չունեցավ: Նա չքաղաբերված տող չունեցավ։ Նա լեզու դրեց հայ գրականության բերանը»:

2. Ֆյոդոր Դոստոևսկի, «Դևերը»

Ֆյոդոր Դոստոևսկու վեցերորդ վեպը Ազգային գրադարանի հուլիսյան տասնյակի երկրորդ տեղում է: «Դևերը» Դոստոևսկու լավագույն ստեղծագործություններից մեկն է, վեպ-կանխագուշակում, վեպ-նախազգուշացում: Գերքաղաքականացված այս օրերին պատահական չէ Դոստոևսկու ամենաքաղաքականացված վեպի ընտրությունը մեր ընթերցողների կողմից: Պուշկինից ու Ղուկաս Ավետարանիչից մեջբերված բնաբաններով վեպն սկսվում է նման համեստ խոսքերով. «Ձեռնարկելով մինչ այդ ոչնչով աչքի չընկած մեր քաղաքում ոչ վաղուց կատարված և այդչափ տարօրինակ դեպքերի նկարագրումը՝ իմ անհմտության բերումով, հարկադրված եմ սկսել փոքր-ինչ հեռվից…»: Սակայն ընթերցողը լավ գիտի բարդ, խոր պատմություններ հյուսելու Դոստոևսկու հմտությունը:

3. Լևոն Շանթ, Երկեր

Արձակագիր, դրամատուրգ, հասարակական ու քաղաքական գործիչ Լևոն Շանթի 150-ամյակը հիանալի առիթ է գրողին վերհիշելու, նորովի արժևորելու համար: Հայաստանի ազգային գրադարանում էլ օրերս Շանթի 150-ամյակին նվիրված գրքերի ցուցադրություն կազմակերպվեց. ներկայացվեց Շանթի՝ Ազգային գրադարանի գրապահոցներում առկա գրքերի մի մասը: Բնական է, որ գրադարանի ընթերցողները նույնպես հետաքրքրված են Շանթի ստեղծագործություններով:

4. Հրաչյա Սարիբեկյան, «Երկվորյակների արևը»

Հրաչյա Սարիբեկյանի ամենաարևային, ամենաշոգ, ամենաթեժ, ամենաառաջին վեպն ընթերցողին գրավել է նաև ամառվա այս տապին: Մենակության, օտարման, գոյության սարսափի էքզիստենցիալ թեման՝ վիրտուոզ մատուցմամբ, գերել է Ազգային գրադարանի մոտ չորս տասնյակ ընթերցողի: Երկվություն, երկակիություն երկիմաստություն. իրականությո՞ւն, թե՞ երևակայություն, կյա՞նք, թե՞ մահ, քո՞ կյանքն ես ապրում, թե՞ նաև մեկ ուրիշի… Ակամա հիշում ես մեկ ուրիշ ամենաամառային վեպ՝ իր մանուկ հերոսով. Ռեյ Բրեդբըրիի «Խատուտիկի գինին», որը սակայն առավել լուսավոր, կենսալից ուղերձներով է շոշափում գոյության կենսափիլիսոփայությունը՝ դարձյալ հանգելով նմանատիպ ընդհանրացումների: «Գրված է, թե կծնվեն մանուկներ, որ գերազանց կտիրապետեն խոսքին: Նրանք կազդարարեն, որ ժամանակները հասունացել են, և կցանկանան մեռած լինել»: «Երկվորյակների արևը» գրքի 3 բնաբաններից մեկը՝ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպից մեջբերումը հիանալի ընդգծում է վերոնշյալը:

5. Լեռ Կամսար, «Ծերուկների մանկապարտեզ»

«Ծերուկների մանկապարտեզ»-ը լույս է տեսել 2018-ին՝ Լեռ Կամսարի 130-ամյակի միջոցառումների շրջանակում: Գրողի կյանքի վերջին երկու տարիներին գրված ֆելիետոններն ընդգրկող ստվար ժողովածուն կազմվել է Կամսարի՝ ժամանակին արգելված անտիպների մի մասով միայն: Լեռ Կամսարն իրեն բնորոշ պայծառատեսությամբ արծարծել է թեմաներ, որոնք մինչ օրս էլ արդիական են ու հետաքրքիր ընթերցողի համար: Հասարակությանը, հասարակարգին նետված նրա կծու ծաղրը, մերկացնող ձևակերպումները դրդել են, որպեսզի գրականագետները գրողին երկրորդ Հակոբ Պարոնյան անվանեն: Ինչին ի պատասխան Կամսարը գրել է. «Պարոնյանն իր բոլոր ասելիքներն սպառեց, նոր մեռավ, իսկ ես իմ բոլոր ասելիքները հետս գերեզման պիտի տանեմ»։

6. Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, «Փոքրիկ իշխանը»

Էքզյուպերիի ամենահայտնի գործը ֆրանսերենով գրված ամենաշատ կարդացվող ու վաճառվող գիրքն է ամբողջ աշխարհում: Թարգմանվել է ավելի քան 250 լեզվով ու բարբառով, նաև՝ կույրերի համար նախատեսված Բրայլի այբուբենով։ Եվ այսօր թերևս չկա մեկը, որ չճանաչի ոսկեգանգուր այս փոքրիկ հերոսին: «Փոքրիկ իշխանն» առհասարակ աշխարհում ամենաշատ վաճառված գիրքն է համարվում: Սակայն թողնենք վիճակագրությունն ու թվերի լեզվով խոսելը. ինչպես Փոքրիկ իշխանն է ասում, միայն մեծահասակներն են դրանով գնահատում գեղեցկությունը: Իսկ մենք՝ հոգով մանուկներս, սիրում եք իմաստուն հեքիաթներ, սիրուն, ներդաշնակ հարաբերություններ: «Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են դա հիշում»:

7. Գուրգեն Խանջյան, «Ենոքի աչքը»

Ավելի քան մեկ տասնյակ գրքերի հեղինակ Գուրգեն Խանջյանը արդի հայ գրականության ակնառու դեմքերից է: «Ենոքի աչքը» վեպում հեղինակն իրեն բնորոշ ոճով համադրում է ժամանակակիցն ու առասպելաբանականը, բարձր արվեստն ու կենցաղը… Թվացյալ թեթևությամբ գրված այս պատումը, Ենոքի ապակյա աչքի սառն, անթափանց հայացքը թարմացնող օդի պես սթափեցնում է, միաժամանակ շշմեցնում, հմայում ու սարսափեցնում՝ այսպիսով լարվածության մեջ պահելով ընթերցողին: Քսանմեկերորդ դարի մարդուն մշտապես հուզող թեմաները գրավել են նաև մեր ընթերցողների ուշադրությունը: «Ենոքի աչքը» վեպը 2012-ին առաջադրվել է ՀՀ պետական մրցանակի, սակայն Գուրգեն Խանջյանը պետական մրցանակի է արժանացել 2017-ին՝ «Տուր ձեռքդ, պստլո» գրքի համար:

8. Դենիել Քիզ, «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Ամերիկացի գրող Դանիել Քիզի գիտաֆանտաստիկ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպը (սկզբնապես՝ պատմվածքը, որ հեղինակը լրացրել է՝ դարձնելով ամբողջական վեպ) հայ ընթերցողին հրապուրել է նույն պատճառով, ինչով ժամանակին գուցե գերել էր 20-րդ դարի 60-ականների ամերիկացի ընթերցողին. «Շատերը, որ առաջիններ են, վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ» (Մատթեոս 19։1-30). ավետարանական սույն ճշմարտությանն առնչվող հավերժական թեման գերիշխող է եղել բոլոր ժամանակներում, բոլոր ժողովուրդների մեջ և հրատապ է նաև հիմա՝ մրցակցության և ցանկացած գնով հաջողության հասնելու և արևի տակ սեփական տեղը հաստատելու մեր հարաճուն դարում: Որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք գիրքն արժանացել է «Հյուգո» մրցանակի, իսկ 1966 թվականին՝ «Նեբյուլա» մրցանակի՝ որպես լավագույն վեպ։

9. Հուսիկ Արա, «Տան դուռը»

Հուսիկ Արայի գրքերն Ազգային գրադարանի ընթերցողների կողմից 2018-ի ամենապահանջվածներից էին: «Տան դուռը» ժողովածուն ընդգրկում է բանաստեղծի 2011-15-ի չափածո գործերը, որոնց հիմքում, բանաստեղծի խոսքերով՝ նորանկախ պետականության արժևորումն է, նոր Հայաստանի շոշափվող իրականությունը, նաև հեղափոխության ու պատերազմի արանքում կորած սերնդի ողբերգությունն ու արժեքների անկումը: Գրքում առանձին շարքերով ընդգրկված են նաև սիրային բանաստեղծություններ և սաղմոսներ:

10. Վլադիմիր Նաբոկով, «Լոլիտա»

20-րդ դարի ամենաաղմկահարույց ու ամենաբացառիկ «սիրո պատմությունը»՝ Վլադիմիր Նաբոկովի ամենաանթերի ստեղծագործությունը, այսօր էլ, ի հեճուկս նորին մեծություն Համացանցի ընձեռած՝ թեմայի լայն ընտրության, շարունակում է նույնքան ցնցել աշխարհը, տագնապել ընթերցողի միտքն ու խռովել հոգին, որքան անցյալ դարի 60-ականներին էր: «Լոլիտան» իր աներևակայելի ուժով և արտասովոր վայելչագեղությամբ վեր է բարոյական կանոնների պայմանականությունից ու ժամանակի օրենքներից: Պատահական չէ, որ Նաբոկովի գիրքը նյույորքյան Նորագույն գրադարանի (Modern Library) 100 լավագույն վեպերի ցանկում գրավում է պատվավոր 4-րդ հորիզոնականը, ընդգրկվել է Time հանդեսի, ինչպես նաև Le Monde ֆրանսիական թերթի վարկածի 100 լավագույն երկերի ցանկում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ