Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Հունիսյան խառնաշփոթ Մոլդովայում

hounisyan-xarnaspot-moldovayoum

Խորհրդային միության փլուզումից անցել է արդեն 28 տարի, սակայն նախկին ԽՍՀՄ հանրապետություններից գրեթե ոչ մեկում «արշալույսները խաղաղ չեն»: Թերևս բացառություն է կազմում դրանցից ամենափակը՝ Թուրքմենստանը, որն իր սեփական վարք ու բարքերով ավելի շատ դասական արևելյան միապետություն է հիշեցնում:

 

Առաջիկայում առավել մանրամասն կվերլուծեմ նախկին «15 քույրերի» հետխորհրդային ճակատագրերի թեման, իսկ այժմ ցանկանում եմ անդրադառնալ դրանցից մեկին՝ Մոլդովային: Ինչո՞ւ հատկապես նրան: Առաջին հերթին այն պատճառով, որ առանց այդ էլ չափազանց աշխույժ քաղաքական կյանքով ապրող այս երկրում վերջին օրերին տեղի են ունենում սրընթաց զարգացումներ՝ որոշ դրվագներում հիշեցնելով հայաստանյան զարգացումները:

 

Հունիսի 8-ին երկրի նախագահ Դոդոնի (չե՞ք մոռացել նրա կուսակցական պատկանելիությունը) և նրան ըստ էության ընդդիմադիր կառավարության դիմակայությունն ավարտվեց հետաքրքիր հանգուցալուծմամբ: Խորհրդարանում ներկայացված երկու հակադիր բևեռներ՝ սոցիալիստական կուսակցությունն ու ACUM անվանումով աջ դաշինքը, միավորվելով ընտրեցին խորհրդարանի նոր նախագահ և հաստատեցին նոր կառավարության կազմը՝ Մայա Սանդուի գլխավորությամբ: Ձեռքի հետ էլ Մոլդովան հայտարարեցին «բռնազավթված պետություն, որն անհրաժեշտ է ազատագրել»: Սակայն երկրի Սահմանադրական դատարանը խորհրդարանի որոշումները անօրինական հայտարարեց և նախագահ Իվան Դոդոնին ժամանակավորապես հեռացրեց պաշտոնից՝  նախագահի պարտականությունները դնելով նրա օպոնենտ վարչապետ Պավել Ֆիլիպի վրա: Իմիջիայլոց, 2016 թվականից հետո դա Դոդոնի վեցերորդ հեռացումն էր, որը վավերացվել էր ՍԴ-ի կողմից: Ավելին, դատարանը նաև լիազորեց Ֆիլիպին ցրել խորհրդարանը, ինչն էլ վարչապետն անմիջապես հաճույքով արեց՝ համապատասխան որոշում ստորագրելով և նոր ընտրություններ նշանակելով սեպտեմբերի 6-ին: Իր հերթին խորհրդարանը անօրինական համարեց Սահմանադրական դատարանի որոշումը և օրենքից դուրս հայտարարեց վարչապետ Ֆիլիպին և Դեմոկրատական կուսակցությունը, որին նա անդամակցում է:

 

Այս պատային իրավիճակում որոշիչ դարձավ դրսի ազդեցիկ ուժերի պահվածքը: Եթե Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը միշտ նույնն է եղել՝ նա միշտ ընդգծել է, որ սատարում է լեգիտիմ նախագահին, ապա Եվրախորհրդի որոշումը մի փոքր զարմանալի էր: Եվրոպան հայտարարեց, որ լեգիտիմ է համարում Մոլդովայի նոր կառավարությունը և պատրաստ է համագործակցել նրա հետ, ըստ էության, կանխորոշելով Ֆիլիպի ճակատագիրը: Իսկ ռուսական ТАСС գործակալության հաղորդմամբ դրան նպաստեց նաև նախօրեին Մոլդովայում ԱՄՆ դեսպան Դերեկ Հոգանի այցը Դեմկուսի գրասենյակ, որն, ըստ էության, նույնպես «հանձնեց» նախկին գործընկերոջը:

 

Արդյունքում, մի քանի օր դիմադրող նախկին վարչապետը հունիսի 14-ին հրաժարական տվեց և որոշ աղբյուրների պնդմամբ լքեց երկիրը: Այդ լուրը դեռ հաստատված չէ, սակայն երեկ՝ հունիսի 15-ին, պաշտոնապես հայտարարվեց, որ երկրից հեռացել է Դեմկուսի առաջնորդ, խոշոր գործարար Վլադիմիր Պլախոտնյուկը, որը նաև զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը: Կուսակցության մամլո ծառայության հաղորդմամբ, «նա որոշել է մի քանի օրով մեկնել երկրից՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու նպատակով»: Այն ինչ տեղի լրատվամիջոցները, մասնավորապես՝ Jurnal TV հեռուստաընկերությունը, պնդում են, որ դեմոկրատները և նրանց ընտանիքի անդամները մասնավոր ինքնաթիռներով զանգվածաբար լքում են երկիրը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ