Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

ՀՊՏՀ-ն նոր ռեկտոր ունի

am
hpth-n-nor-rektor-ouni

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, որին մասնակցել են ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմերի ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Արայիկ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը երեկ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ քննարկվել և որոշում է կայացվել ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանին: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Կորյուն Աթոյանին՝ նշելով, որ վերջինիս աշխատանքը հեշտ չի եղել, և մամուլի հրապարակումներն էլ վկայում են, որ անցնող տարիները եղել են բարդ բարեփոխումների տարիներ: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կատարված աշխատանքը կարելի է տվյալ փուլի համար հաջողված համարել՝ նկատի ունենալով մասնագիտությունների խոշորացման, կադրերի երիտասարդացման և մյուս ուղղություններով փոփոխությունների սահմանված նշաձողը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նախարարության համար կադրերի երիտասարդացումը կարևոր ուղղություններից է, սակայն այն ինքնանպատակ չէ: Անդրադառնալով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ռուբեն Հայրապետյանը ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսորներից է: «Տպավորված եմ նրա անցած ճանապարհով և գիտելիքներով, և սա կարելի է երիտասարդության, փորձի և գիտելիքների համադրության լավ օրինակ համարել»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ ներկաներին հորդորելով համագործակցել բուհի նոր ղեկավարության հետ: Անդրադառնալով ՀՊՏՀ կառավարման ամբիոնի աշխատակիցների կողմից երեկ հրապարակված բաց նամակին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պատրաստ է քննարկել հայեցակարգային, սկզբունքային հարցեր, սակայն թույլ չի տա, որ մեկ մարդ կամ մարդկանց փոքր խումբ խաթարի բուհերի աշխատանքը։ Նրա խոսքով՝ միայն համագործակցային մթնոլորտում հնարավոր է անել առավելագույնը՝ բուհական համակարգում արագ փոփոխություններ կատարելու համար: Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստ կլինի բուհի կառավարման խորհրդի կազմը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այս հարցում ԿԳՆ-ի մոտեցումը բուհերի խորհուրդների ապաքաղաքականացումն է:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել՝ բուհի ղեկավարման կարևոր և պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: Նա նշել է, որ առկա մարտահրավերներին դիմակայելու և փոփոխությունները կյանքի կոչելու համար հարկավոր է յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը ընդհանուր գործին՝ վստահեցնելով, որ պատրաստ է աշխատել փոխգործակցության մթնոլորտում:

Նիստի մասնակիցները շնորհակալություն են հայտնել նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին համատեղ աշխատանքի համար՝ միաժամանակ շնորհավորելով Ռուբեն Հայրապետյանին ռեկտորի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ