Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

«Հրաշափառի» արարողություն Մելբուռնի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում

am
hrasapari-araroxoutyoun-melbourni-sourb-astvacacin-haykakan-ekexecoum

Փետրվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի և իր շքախմբի, Սիդնեյից մեկնեց Ավստրալիայի հայաշատ երկրորդ քաղաք` Մելբուռն:

Փետրվարի 9-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մելբուռնի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ «Հրաշափառի» արարողություն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեծ խանդավառությամբ դիմավորեցին այս օրհնյալ առիթով եկեղեցում համախմբված Մելբուռնի հայ համայնքի ներկայացուցիչներ` առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի և եկեղեցու ծխական խորհրդի:

Աղ ու հացի արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը, օրհնելով ժողովրդին, թափորով, «Հրաշափառի» ներքո առաջնորդվեց եկեղեցի, ուր կատարվեց համատեղ աղոթք:

Այնուհետև ներկա հավատավոր ժողովրդի անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ և, մասնավորաբար, Մելբուռն ողջունեց Հայկազուն Սրբազանը` ընդգծելով Հայոց Հոր այցերի կարևոր նշանակությունը հայ համայնքի համար և հրավիրելով Նորին Սրբությանն իր օրհնությունն ու պատգամը բերելու բարեպաշտ ժողովրդին:

Դիմելով հավատավոր հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց, որ Աստծո կամոք վերստին այցելել է նրանց՝ բերելու իր հայրական սերը, հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունները: Հայոց Հայրապետը հաստատեց, որ ուրախության նույն զգացումով օրեր առաջ հանդիպել է Սիդնեյում բնակվող հայորդիներին, նրանց հետ միասնաբար աղոթել եկեղեցու խնկաբույր հարկի ներքո, այցելել կրթական և բարեսիրական հաստատություններ, հանդիպումներ ունեցել երիտասարդների, տարեցների, ազգային կառույցների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հաղորդ դարձել ավստրալիահայ համայնքում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին:

Նորին Սրբությունը նշեց, որ Ավստրալիայում թեմական ու ծխական կյանքի աշխուժությունը, հոգևոր-եկեղեցական անդաստանի բարեզարդությունը Աստծուց օրհնյալ պտուղներն են Ավստրալիայում բնակվող մեր ժողովրդի զավակների աստվածսիրության ու ազգանվեր կյանքի:

«Սիրելիներ, Ձեզ հետ միասնական աղոթքի այս խորհրդանշական պահին Սրբազան Պատարագի աղոթքն ենք բարձրաձայնում՝ հայցելով Տիրոջ բարիքներն ու պահպանությունը մեր ժողովրդին. «Տէր Աստուած մեր, կեցո՛ զժողովուրդս Քո, եւ օրհնեա՛զժառանգութիւնս Քո. զլրումն Եկեղեցւոյ Քո պահեա՛»: Աստծո Սուրբ Աջի պահպանության ներքո է եղել դարերի մեջ ընթացքը մեր ժողովրդի, որ դժվարություններ է կրել, փորձություններ հաղթահարել, սակայն իր հավատքի շնորհիվ միշտ մնացել է տոկուն ու հուսառատ և ձեռքբերումներով զարդարել իր կյանքը: Հայրենիքից հեռու սփռվելով մեր ժողովրդի զավակները շեն ու պայծառ համայնքներ են կերտել՝ բարեզարդ եկեղեցիներով, կրթարաններով, ազգային ու մշակութային հաստատություններով: Աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքները, հիրավի, մեր ժողովրդի ինքնության նվիրական օրրաններ են, որոնք իրենց յուրահատկությամբ ու ավանդույթներով հարստացնում են մեր ժողովրդի պատմությունը և իրենց բերած նպաստով սատար լինում նաև մեր հայրենիքի առաջընթացին ու զորացմանը: Այս իրականության առջև տեսանելի է, որ մեր ժողովրդի կրած նեղությունները, ողբերգությունները փոխհատուցվում են երկնաշնորհ ձեռքբերումներով, քանզի Տերն օրհնում ու ապրեցնում է Իրեն հավատարիմ ժողովրդին», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հավելելով, որ աստվածային զորակցությամբ և իրենց հավատքի, ազգասիրության ու եկեղեցասիրության շնորհիվ է, որ հայրենիքից հեռու կարողանում են պահպանել ազգային ինքնությունը, շեն պահել հայ համայնքը, եկեղեցիները և ազգային կառույցները:

Նորին Սրբությունը կոչ արեց կյանքում առկա մարտահրավերները հաղթահարել Տիրոջ հանդեպ հավատարմությամբ: «Ձեր ու ձեր զավակների ազգային և եկեղեցական կյանքը անսասան կլինի մեր հայրերի հավատքին, սրբազան արժեքներին հավատարիմ բարեպաշտ ընթացքով՝ ամենայն հարգանքով հանդերձ այլ ժողովուրդների և նրանց մշակութային առանձնահատկությունների հանդեպ:
Մեր Սուրբ Եկեղեցին իր յուրաքանչյուր զավակի հույսի ապաստանն է, մեղքի քավարանը, մշտական բաշխողը աստվածային ողորմությունների, երկնային անսպառ օրհնությունների ու շնորհների: Մեր Եկեղեցու հովանու ներքո է ամուր մնում ձեր հաղորդակցությունը հոգևոր արժեքներին, հայրենիքին, ազգային արմատներին ու պատմությանը: Հոգեկերտ այդ ակունքներից սնվելով՝ դուք համայնքում պիտի շարունակեք արդյունավորել մեր մանուկներին կրթող հաստատությունների, ազգային, մշակութային կազմակերպությունների գործունեությունը, նաև նախանձախնդրորեն ձեր ավանդը բերել հայրենական մեր կյանքին: Այն մեծ տարածությունը, սիրելիներ, որ բաժանում է ձեզ Հայաստանից, երբեք չի կարող բաժանել ձեր սրտերը հայրենիքից, հայրենի հողից և հայրենյաց ժառանգությունից, մեր հոգևոր նվիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

«Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. Զ 21),- ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոս: Եվ ձեր սերն ու մտահայացքը, արդարև, ուղղված են դեպի մեր հոգեղեն գանձերը, դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստան հայրենի մեր երկիրը, որտեղ ձեր եղբայրներն ու քույրերը հավատքով համախումբ, հույսով ու լավատեսությամբ, քաջարի սրտով արարում և կերտում են մեր նոր կյանքը, լուսավոր ապագան մեր ժողովրդի: Արդ, սիրելիներ, միշտ ապրեք պայծառ հավատքով, հաստատուն պահեք ձեր հայրնանվիրումն ու ազգասիրությունը և շարունակեք գովարժան ընթացքով ու գործերով մասնակցություն ու ներդրում բերել հայրենիքի առաջընթացին ու բարգավաճմանը՝ մնալով հարազատ ու արժանավոր զավակները մեր ժողովրդի և Առաքելական մեր Մայր Եկեղեցու», - նշեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, բարեջան հոգևոր դասին և նրանց առաքելությանն աջակցող թեմական ու ծխական խորհուրդների, կրթական, ազգային, մշակութային հաստատությունների պատվարժան անդամներին ու աշխատակիցներին:

Հայոց Հայրապետը իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց նաև թեմական խորհրդին և բոլոր այն նվիրյալ անձանց, ովքեր միասնաբար ու նվիրումով աշխատանք տարան հովվապետական այցելությունը Ավստրալիա ու հավատավոր հայորդիների հետ հանդիպումը կազմակերպելու համար:

Վերջում առ Աստված աղոթքով Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ միշտ պայծառ ու շեն լինի Ավստրալիայի հայ համայնքը, առատանա նորանոր ձեռքբերումներով, եկեղեցաշեն ու ազգանպաստ հաջողություններով և աստվածային օրհնություններն ու երկնահեղ բարիքներն անպակաս լինեն հայորդիներից և նրանց ընտանիքներից:

Հայրապետական «Պահպանիչ» աղոթքից հետո ժողովուրդը հնարավորություն ստացավ համբուրելու Վեհափառ Հոր Աջը և նրանից ստանալու նվեր խաչիկներ իբրև օրհնություն Ս. Էջմիածնի:

«Հրաշափառի» արարողության ավարտին, եկեղեցու կից սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ «Ակինյան» և Համազգայինի «Մեսրոպ Մաշտոց» մեկօրյա վարժարանների աշակերտների հետ:

Երկու կրթօջախների տնօրենների բարիգալստյան ջերմ խոսքերից հետո աշակերտները հանդես եկան փոքրիկ գեղարվեստական հայտագրով:

Այնուհետև մանուկներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` պատգամելով լինել մեր սուրբ նախնյաց արժանավոր ժառանգները, իրենց բարեջան և ուշիմ ուսումնառությամբ դառնալ ազգի նվիրյալ զավակներ` կերտելու հայոց բարօր ու պայծառ կյանքը:

Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը բերեց վարժարանների տնօրեն կազմին և մանակավարժներին` բարձրորեն գնահատելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում իրենց կողմից ներդրվող անդուլ ջանքերը, հանձնառությունն և նվիրումը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ