Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Հյուսիսային Կորեա – ԱՄՆ. մեղրամսի ավա՞րտ թե…

hyousisayin-korea-amn-mexramsi-avart-te

2018 թվականի հունիսին Վաշինգթոնը և Փհենյանը` ի դեմս իրենց առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի, որոշեցին հանգուցալուծել սառը պատերազմի արշալույսին ձևավորված հակամարտություններից մեկը` սկսելով կառուցողական երկխոսություն: Արդյունքում, Սինգապուրում ստորագրվեց մի փաստաթուղթ, համաձայն որի, ԱՄՆ պարտավորվում էր ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ տրամադրել, իսկ հյուսիսկորեացիները հայտնեցին ամբողջական ապամիջուկայնացման իրենց պատրաստակամության մասին: 2019-ի ձմռան ավարտին արդեն Վիետնամի մայրաքաղաք Հանոյում նրանք հանդիպեցին երկրորդ անգամ: Այս հանդիպումը, սակայն, ոչ այնքան լավատեսական ավարտ ունեցավ՝ կողմերը բաժանվեցին, բանակցություններն այդպես էլ ավարտին չհասցնելով:

Պատմական էքսկուրս

Հեռավոր` 1950-1953 թվականներին, Կորեական թերակղզին վերածվել էր ռազմի դաշտի: Հարաբերություններն էին պարզում սոցիալիստական և կապիտալիստական ճամբարներին պատկանող Հյուսիսային և Հարավային Կորեաները: Ոմանք այդ արյունալի դեպքերին տվեցին պատերազմ, մյուսներն ավելի մեղմ՝ հակամարտություն անվանումը: Ամենաօրիգինալը ամերիկացիներն էին, որոնց կարծիքով դա ընդամենը ոստիկանական գործողություն էր (Police action): Մի բան անվիճելի է. Կորեական պատերազմը «այնքան էլ կորեական չէր», քանզի իրադարձություններին մասնակցում էին նաև «ռազմական խորհրդականներ». չինացի և խորհրդային՝ հյուսիսի կողմից, իսկ ամերիկացի, բրիտանացի, ավստրալացի կամավորները աջակցում էին հարավին:

Ըստ էության, դա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված հակադիր երկու ճամբարների անդրանիկ բախումն էր, որն ավարտվեց ֆուտբոլային լեզվով ասած՝ ոչ-ոքի. ստորագրվեց ընդամենը զինադադարի վերաբերյալ ակտ: Այնպես որ, ֆորմալ առումով կորեական պատերազմը այսօր էլ դեռ շարունակվում է, չնայած նրան, որ մի կողմի ակտիվ խաղացողներից մեկը՝ ԽՍՀՄ-ը վաղուց արդեն գոյություն չունի աշխարհի քաղաքական քարտեզի վրա:

Փետրվարի 28: Ահա այս պայմաններում Կիմը և Թրամփը հանդիպեցին երկրորդ անգամ: Առաջին օրից հետո կողմերը փոխադարձ գովեստներ էին շռայլում և բոլորն ակնկալում էին դարակազմիկ մի փաստաթղթի ստորագրում, որը զգալիորեն կնվազեցներ լարվածությունը ոչ միայն Կորեական թերակղզում, այլ նաև ողջ Հարավ Արևելյան Ասիայում, սակայն տեղի ունեցավ անսպասելին՝ բանակցություններն այդպես էլ անավարտ մնացին:

Ամփոփիչ մամլո ասուլիսում ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ հիմնական խոչընդոտ հանդիսացավ Հարավային Կորեայի պահանջը՝ ամբողջովին վերացնել Փհենյանի վրա դրված պատժամիջոցները, ինչին ի պատասխան Կիմը խոստանում էր հրաժարվել միջուկային զենքից: Թրամփը, սակայն, դրան դեմ էր: Հետաքրքիր է նաև պետքարտուղար Մայք Պոմպեոյի կարծիքը: Նա նշեց, որ չնայած որոշակի առաջընթացի, ԿԺԴՀ առաջնորդը «պատրաստ չէր ավելին անելու»: Եվ վերջապես, Սպիտակ տան մամլո քարտուղար Սարա Սանդերսի հավաստմամբ, հանդիպումը կառուցողական էր և կողմերը պատրաստվում են առաջիկայում շարունակել շփումները:

Ինչպես տեսնում եք, ամերիկյան կողմի մեկնաբանությունները զգուշավոր - լավատեսական են: Սակայն վերլուծաբանների մեծ մասը չի կիսում այդ լավատեսական մոտեցումը: Համենայնդեպս, բանակցությունների ավարտից ժամեր անց Հյուսիսային Կորեայի ղեկավարը դեռևս պաշտոնական կարծիք չի հայտնել դրանց արդյունքների և հետագա ճակատագրի մասին, ինչն, առնվազն, նման լավատեսություն չի ներշնչում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ