Իջևանի Աղջկաբերդի լեգենդները

am
ijeani-axjkaberdi-legendnere

Աղջկաբերդը հանդիսանում է ռազմական կառույց Տավուշի մարզի Իջևան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք, Աղստև գետի հովտում, անտառապատ սարի գագաթին, որը բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական, բրգավոր պարիսպներով: Զարգացած միջնադարում բերդը, ինչպես և ամբողջ գավառը կոչվել է Կայեն: Կայեն ամրոցը եղել է բավական անառիկ մի կառույց` հանդիսանալով գավառի իշխանների նստոցը:

Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի, կան երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի։ Ջրամբարներից մեկը շատ մեծ է։ Ջուրը թրծված կավե խողովակով նախ լցվել է մի փոքրիկ ավազանի մեջ, իսկ այնտեղից մի այլ խողովակով թափվել մեծ ջրամբարը։ Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես և պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից, ամուր կրաշաղախով։ Այս ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ է պահպանվել նրա ամբողջականությունը։

Ամրոցի և ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ ավանդություններ են ձևավորվել։

Ասում են, եղել է մի գեղեցիկ աղջիկ, որն ունեցել է իր զորքը։ Շատ իշխաններ, հրապուրվելով նրա գեղեցկությամբ, ցանկացել են ամուսնանալ, բայց նա մերժել է բոլորին։ Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել։ Իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրոցը և իր զորքով պատսպարվում այնտեղ։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են գրգռում իշխան Մանթաշին: Նա աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշի բերդը և հարձակումներ գործում աղջկա բերդի վրա։ Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում, միշտ հաղթում է աղջիկը։ Մի անգամ էլ նա զորքը ուղարկում է Մանթաշաբերդի վրա։ Կռվում նորից հաղթում է աղջկա զորքը։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) կառուցում են վերը նշված բաղնիքը։

Ըստ մեկ այլ ավանդության՝ Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվորներին, որ բերեն իր մոտ։ Երեք զինվորներ գալիս, առևանգում են աղջկան։ Մի հովիվ տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնում են, հովիվն սպանում է նրանց և աղջկան նորից հետ բերում։ Լենկ Թեմուրը կատաղած հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն հաղթում հայերին։ Տեսնելով այդ, աղջիկը պարսպից գետն է նետում իրեն։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ։

Լրահոս

Նմանատիպ նորություններ