Իմ աղունն իջավ․ հատված «Ռանչպարների կանչը» վիպասքից

am
im-axounn-ijav-hatvac-rancparneri-kance-vipasqic

Ահագչի գյուղի Խոտնոցի մեծ քարը լայն ստվեր էր նետել ձորի մեջ։

Այդ քարի մոտով թիակը ուսին և ոտքերը քշտած լեռնի՛վեր էր շտապում մի կայտառ ծերունի։ Ետևից վազում էին մի խումբ մանուկներ, աղջիկ և տղա, մեկը մյուսից առաջ անցնելով և գրեթե կախվելով ծերունու թևերից։

— Ֆադե պապի, էն հեքիաթը պատմիր։

— Ո՞ր հեքիաթը։

— Մոսե Իմոյի հեքիաթը։

— էն, որ հրեղեն ձիեր է տեսել Պայթող աղբյուրի մեջ։

— Պայթող աղբյուրի և Շապինանդի հեքիաթը։

— Աշխարհի հեքիա՜թը։

— Աշխարհը ջրաղաց է, — դեպի մանուկների կողմը կըտրուկ շուռ գալով և թիակին հենվելով ասադ Ֆադեն։ — Դու ջրաղաց մտնողի գալը մի հարցրու, նրա գնալը հարցրու։ Մեկի բերածը կորեկ է, մեկինը ցորեն, մյուսինը՝ գլգըլ։ Բոլոր մտնողները իրենց բերածը աղալու հերթի կսպասեն։ Ջըրաղացպանն էլ, ասենք թե աստվածն է։ Առաջին եկողին ասում է. «Պարկիդ տակը թոթվիր, խնամ Կիրակոս, քո աղունն իջավ»։ Հերթը մյուսինն է։ Քիչ հետո ջրաղացպանը կրիչակին նայելով գոռում է. «Խնամ Համբարձում, պարկիդ տակը թոթվիր, քո աղունն իջավ»։ Սա էլ է գնում։ «Քավոր Գրիգոր, թեռդ առաջ քաշիր, հերթը քոնն է»։ Մի հանգ հետո դառնում է մյուսին, «Խնամ Մարկոս, քավորից հետո հերթը քոնն է, պատրաստվիր»։ Ջրաղացպանի ալրոտ աչքը հանկարծ ընկնում է ռես Օնեին, որ նոր է ներս մտել և կանգնած է շեմքի մոտ։

— Ռես Օնե, դու ինչու՞ ես շեմքին կանգնել, անցիր իմ մոտ, էս բարձր թեռան վրա նստիր, մինչև քո աղունը իջնի։ Իմա՞լ եք, քոչ–քուլֆաթ իմա՞լ է։ Ճժեր, մալեր, սաղ–սալամա՞թ են։

— Փառք աստծո, ամենքն էլ սաղ–սալամաթ են։ ներս է մտնում մեկ ուրիշը։

— Բարով, խնամ Աբրո, թեռդ իջեցրի՞ր։

— Հա, իջեցրի։

— Բերածդ ի՞նչ է։

— Գլգըլ։

— Քո հալն ինչպե՞ս է, խնամ Աբրո։ Լսեցի, որ աղջկադ մարդու ես տվել ու հորքուր Շաքրոն շատ լաց եղավ։ Հալբաթ, աշխարհք է։ Էսօր մեկը քո աղջկադ կտանի, դու կիլաս, վաղը դու կերթաս ուրիշի աղջկան կբերես քու տուն, էս անգամ դուք կխնդաք, էնոնք կիլան։ Մենք ամենքս էլ մանրած թութուն ենք աստծո ծխատուփի մեջ։ Կհանի իր գոտու տակից, կլցնի իր ղեյլանի մեջ ու կվառի։ Կրակ կեղնենք, ծուխ կեղնենք ու կերթանք։ Աղունդ պատրաստ է, քավոր Գրիգոր։ Հիմա քո հերթն է, ռես Օնե։ Խնամ Մարկոս, դու թեռդ քաշիր առաջ և քիչ սպասիր մինչև ես ռես Օնեի աղունն աղամ։

— Առանց հերթի՞։

— Ռեսին ի՞նչ հերթ։

Ու էսպես ամեն մարդ կմտնի ջրաղաց ու իր աղունն աղալով կերթա դուրս։ Բայց եթե աղացքի ջուրը կտրվի, ի՞նչ պիտի անի ջրաղացպանը։ Նա պետք է վերցնի իր թիակը և գնա ջուրը կապելու։ Ուրեմն, աստծո մոտ էլ, երեխաներ, ամենազորավոր գործիքը դարձյալ թիակն է։ Էս է աշխարհքի հեքիաթը, — ասաց Ֆադեն և ետ դառնալով բահը ուսին դրած շարունակեց ճամփան։

— Մոլուք Կալոյի հեքիաթը պատմիր, — ծղրտաց երեխաներից ամենափոքրը, որ պորտը բաց տոտիկ–տոտիկ անելով ճիգ էր անում մյուսներին հասնել։

— Գալե, դու փոքր ես, գոլ գնա տուն։ Աղջի Կաքավ, չե՞ս տեսնում, ախպորդ պորտը քիչ մնա վազելուց պատռի, տուն տար, — բարկացավ խմբի ավագը, որի անունը Գևորգ էր։

— Մոլուքի հեքիա՜թը, — նորից ծղրտաց Գալեն, Կաքավի գրկից փախչելով։

— Դե, լավ, սպասեք ջուրը կապեմ ու ետ գամ ձեզ Մորուք Կարոյի հեքիաթը պատմեմ, — ասաց ծերունին առանց դադարեցնելու քայլերը։

— Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

— Էդ թիակն է եղել, չէ՞, պապի։

— Հա, էս թիակն էր, բայց պոչը փոխել եմ։

— Ու էդ տարի շատ ձյուն էր եկել Խտանա Կածին։

— Էնքան ձյուն էր եկել, ճնճուղը որ պառկեր մեջքի վրա ու ոտներն էլ տնկեր, կհասներ աստծուն։

— Ու դու ելար նստեցիր էդ ձյուների՞ վրա։

— Ելա նստեցի ու ձեռքս թալեցի աստծո չոքերին։

— Էդ էս՞ արան է եղել, որ գցել ես Մորուքի վրա, — հարցրեց Կաքավը, Գալեին շալակած ետևից հասնելով։

— Հա՜, Կարոն էս ճանապարհով փախավ Ղարաչի։ Խեղճը տկլոր էր. արաս գցեցի վրան ու գնացի իր շորերի ետեվից։ Իշխնձորցին գլխաշորը թափ տվեց ձիու քթին ու Սոսեն թռավ դեպի Ղալաչի։ Գնացեք նստեք Խոտնոցի հովին, ես էս մեծ առվի ջուրը կոլխոզի արտին կապեմ ու ետ գամ ձեզ Մոսե Իմոյի, Շապինանդի և Մորուք Կարոյի հեքիաթը պատ՛մեմ։

— Ու թե ինչպես քո թիակը մոռացար Խտանա Կածի ձյու՛ներին։

— Քեռի Ֆադե, դու հրեղեն ձի տեսա՞ծ կաս։

— Էս աշխարհում հրեղեն ձի միայն Մոսե Իմոն է տեսել։ Հետն էլ խոսել է։ Թե ուրիշը կասի՝ տեսել եմ, չհա՛վատաք։

— Իսկ ու՞ր է Մոսե Իմոն։

— էն քարափի գլխին կարմիր քարեր կան, տակը ձորն Է։ էգ քարերից մեկի տակ Մոսե Իմոն է պառկած։

— Ո՞ր քարի։

— Էն բարձրադիր կարմրաքարը տեսնու՞մ եք, որի վրա մի ձեռքի քանդակ կա՝ մաճը բռնած. տակը դրած է «Որդուդ մահը քեզ մահ պատճառեց»։ Դրա կողքին մի անգիր մաշված քար կա, — դեպի Խոտնոցի դիմացի քարափը շուռ գալով մատնացույց արեց Ֆադեն. — դա Մոսե Իմոյի գերեզմանն է։ Էս թիակով եմ փորել։

— Դե, պատմիր, պապի, Մոսե Իմոյի հեքիաթը պատմիր։ Ճի՞շտ է, որ նա Լոնդոնից մինչև Սասուն մի օրորոց է շալակով բերել ու մեջը մի հրեղեն աղջիկ է եղել։

— Բոլորը ճիշտ է։ Էն կարմիր գլխաշորով պառավին տեսնում եք, ձորի պռնկին նստած։ Էդ էն հրեղեն աղջիկն է։

— Մորքուր Վիտոն, — զարմանքով բացականչեցին երեխաները։

— Հա, մորքուր Վիտոն, — համոզիչ շեշտով հարեց Ֆադեն։ — Գնացեք մոտը, նա ձեզ շատ բան կպատմի Մոսե Իմոյի և նրա բերած օրորոցի մասին։

— Իսկ ճի՞շտ է, որ Մոսե Իմոն օձեր է կախարդել նրանց աչքերի մեջ նայելով։

— Էդ էլ ճիշտ է։ Վերջին տարիներին նա մեր գյուղում օձերի հմայությամբ էր զբաղված։ Վիտոյի մոտ գնացեք, Վիտոն ձեզ ամեն ինչ կպատմի։

— Չէ, դու պատմիր Մոսե Իմոյի ու Շապինանդի հեքիաթը։

— Եվ Շապինանդի հրեղեն ձիու հեքիաթը։

— Քաջ է եղել, չէ՞, պապի, Շապինանդը։

— Շատ քաջ, երեխաներ, ես Էլ նրա պես քաջ եմ, տեսեք ինչպե՜ս եմ վազում։ Բռնեք ինձ, թե կարող եք։

Եվ ջրտուքվար Ֆադեն թիակը ուսին, ոտքերը քշտած շարժվեց լեռնիվեր։

Մանուկները վազում Էին, որ ետևից հասնեն, վազում Էին ու կանչում։

— Պայթող աղբյուրի հեքիաթը պատմիր… Կապտաջուր լիքը առուն աղմկալի գալարվում Էր բարձրադիր լանջով։

Ծերունին հասավ ու թիակի թաթը ամուր հարվածեց մայր առվի մեջքին։ Զարկեց ու վայր թեքվեց հանկարծ։ Շեղբի վրայով խուժեց ջուրը բախվելով նրա ծնկներին։ Կարծես հանգստանում Էր թամբին նստած, գլուխը թեթևակի հակած կրծքի վրա, ձեռքով թիակը պահած։

— Երեխեք, իմ աղունն իջավ…

Մանուկներից մեկը առաջինը մոտենալով բերանը դրեց նրա ականջին։

— Շապինանդի հեքիա՜թը պատմիր, պապի…

— Չե՞ս տեսնում, որ մեռած է, — բղավեց Գևորգը հեռվից՝ կռահելով, թե ինչ պատահեց։

Մանուկները իսկույն հավաքվեցին շուրջը, խոշոր աչքերով կայտառ երեխաներ, այտերը մուգ կարմիր ինչպես աշնան մասուր։

Էլի էն էր, նույն ջրտուքվար Ֆադեն, կարճ բեղերով, սև արան ծալած ուսին, ոտքերը մինչև ծնկները քշտած, նեղ-թաթ թիակը ձեռքի մեջ։ Էն երկրագործ տալվորիկցին, որ լսել էր ջրաղացքարերի գոռոցը ձորերի մեջ և Սասնա գահավեժ ջրերի որոտը բարձր լեռներում, որ գիտեր, թե ինչ է կատարվում լեռնային արծվի հետ, եթե ջախջախված թեվերով վայր է ընկնում երկնքից։

— Իր աբան քաշենք վրան և գյուղից մարդ կանչենք։

— Ոտքերը կմրսեն, շուտ ծածկենք մի բանով։

— Սերո՛բ, դու վազիր գյուղ և կոլխոզի նախագահին ասա՝ Ֆադե պապին մեռավ, թիակը մնաց, — կարդա դրեց Գևորգը մի խաժաչք տղայի։

Սերոբը վազեց։

Մանուկները ծերունու աբան ուսից առնելով պարզեցին մեռածի ծնկների վրա, մինչև գյուղից մարդ կգար։

Լեռնային կապույտ պաղ ջուրը զնգալով գլորվում էր դեպի Խոտնոցի մեծ քարը, և աշխարհը կար։

— էս էլ հեքիաթ է, — ասաց Գևորգը և ձեռքը Ֆադե պապի թիակին դրեց։

Լրահոս