«Իմ քայլը» դաշինքի ցուցակը կազմելիս ընկեր-ծանոթների մեխանիզմը չի գործել, ընտրել են մասնագետների. Տաթև Հայրապետյան

im-qayle-dasinqi-coucake-kazmelis-enker-canotneri-mexanizme-ci-gorcel--entrel-en-masnagetneri-tate-hayrapetyan

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցը «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն է։

-Տարիներ շարունակ զբաղվել եք գիտական և վերլուծական աշխատանքով։ Ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել քաղաքական դաշտ, ինչպե՞ս հայտնվեցիք «Իմ քայլը» դաշինքի ցուցակում և ո՞րն է լինելու Ձեր անելիքը ապագա խարհրդարանում, եթե ընտրվեք պատգամավոր։

-Յուրաքանչյուր մարդ փորձում է գտնել այն տեղը, որտեղ նա առավելագույն օգտակար կարող է լինել՝ հասկանալով, որ մենք կարևոր փուլ ենք մտնում թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական առումով։ Քննարկումներից հետո ինձ առաջարկ եղավ ընդգրկվելու «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, ու ես սիրով համաձայնեցի, որովհետև, կարծում եմ, որ իմ գիտելիքներով, լեզուների իմացությամբ և փորձով կարող եմ օգտակար, պետքական աշխատանք կատարել։ Հետևաբար, որոշեցի վերլուծական, քաղաքագիտական դաշտից տեղափոխվել քաղաքական դաշտ և ավելի համարձակ գործել, որովհետև առաջիկայում, կարծում եմ, մեզ իսկապես կարևոր, փոքր-ինչ բարդ, բայց նաև շատ համարձակ փուլ է սպասվում։ Ուստի ես ուզում էի լինել այն մարդկանց կողքին, ովքեր այդ ռիսկերը վերցնում են։ Եթե նախկինում պաշտոնն ու իշխանությունը Հայաստանում ասոցացվում էր փողի և ուժի հետ, ապա այժմ իշխանությունը ենթադրում է հսկայական պատասխանատվության, ինչ-որ տեղ նաև ինքնազոհաբերության էլեմենտ կա, որովհետև դու քո կամքով հարմարավետության դաշտից դուրս ես գալիս և պետք է տարբեր մարտահրավերների հետ առնչվես։

-«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակն ամենաքննարկվածն ու ամենաքննադատվածն է։ Հետաքրքիր է ՝ ի՞նչ սկզբունքով է կազմվել ցուցակը, և ինչպե՞ս է կատարվել թեկնածուների ընտրությունը։

-Ցուցակը հիմնականում կազմվել է ՔՊ վարչության կողմից, յուրաքանչուր թեկնածու հանդիումներ ու քննարկումներ է ունեցել վարչության անդամների հետ։ Այսինքն, դա բարդ գործընթաց է եղել, այնպես չէ, որ առաջարկ են արել և վերջ։ Նրանք ուզում էին հասկանալ, թե դու ինչ օգուտ կարող ես տալ, ինչպես կարող ես աշխատել։ Այսպես ասած, ընկերներ-ծանոթների մեխանիզմը չէր գործում, փորձում էին քեզ հասկանալ և ճանաչել որպես մասնագետ։ Կարևոր խնդիրներից մեկն էր, որ ցուցակում ներգրավվածները լինեն քաղաքական մարդիկ։ Ասենք` մեկը կարող է լինել շատ լավ մենեջեր, բայց եթե նա չունի քաղաքական մտածղություն, չի կարող այս դաշտում գործել։ Ես, օրինակ, կյանքիս տասը տարին ուսումնասիրում եմ Ադրբեջանի քաղաքական դաշտը, գիտեմ, և դա ինքնանպատակ չէ։ Դու սկսում ես հասկանալ, թե քո երկրի զարգացումներն ինչպես են ազդում հակառակորդ երկրի զարգացումների վրա։

-Նոր իշխանությունները թեև հայտարարում էին, որ միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո կգնան ընտրությունների, սակայն օրենքսգիրքն այդպես էլ չփոխվեց։ Արդյունքում, դեկտեմբերի 9-ի ընտրություններին ևս կգործի <<ռեյտինգային>> ընտրակարգը։ Սա որքանո՞վ կարող է ազդել վերջնարդյունքի վրա, և ըստ Ձեզ՝ կունենա՞նք, արդյոք, որակապես նոր ընտրություններ։

-Ես կարծում եմ, որ մենք իսկապես կարևոր փուլ ենք մտնում, որովհետև վերջապես ունենալու ենք ազատ ու արդար ընտրություններ, և քաղաքացին էլ պետք է գիտակցի իր քվեի արժեքը։ Եթե նախկինում շատերն ասում էին, ես չեմ գնա ընտրության կամ կգնամ «Չակ Նորիս» կգրեմ քվեաթերթիկի վրա, կամ կպատռեմ, կգցեմ քվաթերթիկը, այսինքն, ընդդիմանալու տարբեր ձևեր էին փնտրում, ապա այժմ քաղաքացուն վերադարձվել է ընտրություն կատարելու իրավունքը և յուրաքանչյուրի քվեն նշանակություն է ստանալու։

Այն մարդիկ, որոնք կանցնեն խորհրդարան կամ կլինեն գործադիր մարմնում` ստանձնելու են շատ մեծ պատասխանատվություն՝ արդարացնելու մարդկանց հույսերը և իրենց տրված քվեն, իրականացնելու այնպիսի բարեփոխումներ, որոնք «ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չեն հանի», որովհետև մարդիկ ուզում են օր առաջ լավ ապրել, և դա բնական է։ Մյուս կողմից էլ բոլորս հասկանում ենք, որ երկիրը չի կարող միանգամից թռիչքային զարգացում ունենալ, սակայն եթե սկսում ես հիմքից, ապա առկա խնդիրների պատճառները, հետևանքները կարող ես նաև համակարգված ձևով լուծել։

-Մասնակցե՞լ եք «Իմ քայլը» դաշինքի ծրագրի կազմման աշխատանքներին, ինչպիսի՞ ծրագիր է այն լինելու։ Հատկապես, հետաքրքիր է, թե արտաքին քաղաքական և Արցախյան հարցերում ի՞նչ մոտեցումներ է որդեգրում «Իմ քայլը» դաշինքը։

-Դաշինքի ծրագիրը շուտով կներկայացվի, և ես փակագծերը չեմ բացի։ Ինքս մասնակցել եմ ծրագրի քննարկումներին իմ մասնագիտական գծով։ Նշեմ, որ ծրագրի կազմման ընդհանուր քննարկումները բավականին ներառական են եղել, այսինքն, դրան մաս են կազմել նաև փորձագիտական դաշտի ներկայացուցիչներ, որոնք որևէ կերպով չէին պատրաստվում ներգրավվել դաշինքի մեջ։

«Իմ քայլը» դաշինքի ծրագրում հիմնականում ներառված են այն մոտեցումները, որ հնչել են Նիկոլ Փաշինյանի կողմից` վերջին ամիսների ընթացքում։ Արցախյան հիմնահարցի հետ կապված նա նշել է, որ մեզ համար առաջնայինը կարգավիճակն է։ Նաև նշել է, որ Արցախը ինչ-որ պահի պետք է վերադառնա բանակցային սեղան, որպեսզի լուծումն ընդհանրական լինի։ Միանշանակ տարվելու է այն գիծը, որի մասին վարչապետը հայտարարել է։ Ծրագրում հիմնական շեշտը դրվելու է սոցիալ-տնտեսական ոլորտի, դրա զարգացման ու ռեֆորմների վրա, որովհետև պարզ հասկանում ենք, եթե ուզում ենք երջանիկ քաղաքացիներ ունենալ, պետք է ունենանք սոցիալապես ավելի կայուն ու զարգացած պետություն, որպեսզի մարդիկ աշխատեն ու հաճույքով ապրեն Հայաստանում։

Լրահոս

Նմանատիպ նորություններ