Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

«Իմ քայլը» և «Վորլդ Վիժն Հայաստանը» հիմնադրամները ԱՀ-ում կիրագործեն աղքատության հաղթահարման ծրագիր

am
im-qayle-e-vorld-vijn-hayastane-himnadramnere-ah-oum-kiragorcen-axqatoutyan-haxtaharman-cragir

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Իմ քայլը» և «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների պատվիրակություններին՝ Հովհաննես Ղազարյանի և Ժիրայր Էդիլյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը ողջունել է կազմակերպությունների որոշումն Արցախում գործունեություն ծավալելու վերաբերյալ: Նա ընդգծել է, որ, ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված, Արցախի բնակչությունը մեծապես զրկված է միջազգային ծրագրերին մասնակցելու և կուտակված փորձին հաղորդակից լինելու ուղիղ հնարավորությունից: Ուստի, հայկական կազմակերպությունները զգալի անելիք ունեն այդ բացը լրացնելու հարցում՝ ակտիվորեն ընդգրկվելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության, կարողությունների զարգացման, աղքատության հաղթահարման և այլ նմանատիպ ծրագրերի կյանքի կոչման գործընթացներում:

Հիմնադրամների ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ներուժը կիրառել նաև Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության ու բարօրության համար:

Հովհաննես Ղազարյանն ու Ժիրայր Էդիլյանը տեղեկացրել են, որ իրենց գործունեության առաջին փուլում նախատեսում են «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Արցախի 20 ընտանիքների համար իրագործել աղքատության փուլային հաղթահարման ծրագիր, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվելու շահառու ընտանիքներին՝ կարողությունների զարգացման, եկամուտների կայուն ավելացման ու արդյունավետ կառավարման նպատակով:

Պաշտպանն իր աջակցությունն է հայտնել աղքատության հաղթահարման նոր մոտեցման կիրառման ծրագրին՝ ընդգծելով, որ դրա արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է խորությամբ գնահատել ընտանիքների կարիքները և հաշվի առնել տեղի առանձնահատկությունները: Նա հույս է հայտնել, որ ծրագրի դրական արդյունքները կնպաստեն նաև պետական ոլորտային ծրագրերի երկարաժամկետ արդյունավետության բարձրացմանը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխշփումները և քննարկել համատեղ այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ