Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

«Իմ խաչը». նոր գեղարվեստական ֆիլմ Արցախյան պատերազմի հերոսների մասին

im-xace-nor-gexarvestakan-film-arcaxyan-paterazmi-herosneri-masin

Մոսկվա կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ «Իմ խաչը» գեղավեստական ֆիլմի պրեմիերան, որին նախորդեց ստեղծագործական թիմի մամուլի ասուլիսը:

Լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի պրոդյուսերներից Հրաչյա Մեսրոպյանը նշեց, որ ֆիլմարտադրության աշխատանքները սկսել են դեռևս 2014 թվականից և այս հինգ տարիների ընթացքում ծանր, երկարատև նկարահանումների արդյունքում ստեղծվեց «Իմ խաչը» ֆիլմը, որն այսօր արդեն ներկայացնում են հանդիսատեսի դատին:

«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը ներկայացնում է 1991-1992 թվականներին Ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած և ազատագրական պայքար մղած հայ մարդու հերոսական սխրանքները:

Ֆիլմում կարմիր թելի նման անցնում է գլխավոր ասելիքը` սա մեր կռիվն է` հանուն պատմական արդարության:

Հենց այստեղ են միահյուսվում ֆիլմի գլխավոր հերոսներ` ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի պատմությունները: 

1991 թվականին բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված բժշկին մարմնավորում է Ֆրանսիայից հրավիրված հայազգի դերասան Երո Մուրյանը, ում, ինչպես պրոդյուսերն է նշում` երկար են փնտրել. «Դերասանների հետ կապված ամենամեծ խնդիրը գլխավոր հերոսներին` Սոնային և Ժակին գտնելն է եղել, իրենց շատ ենք փնտրել: Աստծո կամքով ստացվեց այնպես, որ մենք Փարիզում բնակվող Երո Մուրյան ունենք, ավելի լավ ռուսախոս ֆրանսիացու չէինք էլ կարող գտնել»:

Եվ այսպես, ակամա հայտնվելով երկու ազգերի բախման կիզակետում` ֆրանսիացին իր փրկությունը գտնում է Սոնայի մեջ: Իսկ Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է` վրեժխնդիր լինել անդառնալի կորուստների համար: Ժակի առաքելությունն էլ Սոնային փրկելն էր. ոչ միայն նրա վիրավոր մարմինը, այլ նաև վիրավոր հոգին: 

Միասին հաղթահարելով բազում փորձություններ` նրանք փոխում են միմյանց կյանքն ու իրենց անձնական դրաման հաղթահարում մեկը մյուսի հանդեպ անսահման նվիրումով:

88 թվականից պատերազմի դաշտում նկարահանումներ իրականացրած օպերատոր Շավարշ Վարդանյանի հիշողություններն են ֆիլմում: «Իմ խաչը» ֆիլմի ռեժիսորը պատմում է, որ չորս տարի եղել է Արցախում` ոչ թե զենքով, այլ տեսախցիկով: Պատերազմի ընթացքում Շավարշ Վարդանյանը հինգ տեսախցիկ է կորցրել, բայց կարողացել է փրկել շատ կարևոր կադրեր, որտեղ երևում են, թե ինչպես են մեր հերոս տղաներն ազատագրում Արցախը. «Իմ նպատակն էր պատմությունը մեր սերունդներին փոխանցելը, և ես այսօր հպարտ եմ, որ տարբեր ֆիլմերում ու հաղորդումներում ցուցադրվում են իմ կադրերը»:

Այս ֆիլմում ևս տեղ են գտել Շավարշ Վարդանյանի անձնական արխիվից երբևէ չհանրայնացված վավերագրական կադրեր:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ