Սիլվա Կապուտիկյան - Դու հեռացար

Բայց ես գիտե'մ, ես գիտե'մ,
Ո'ւր էլ գնաս, ես քեզ հե՜տ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքա՜ն շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...

Կարդալ Ամբողջը

Ի՞նչ աշխատանքներ են կատարվել Քաշաթաղի շրջանի համայնքներում

inc-asxatanqner-en-katarvel-qasataxi-srjani-hamaynqneroum

Յուրաքանչյուր տարի, փետրվարի սկզբից Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարները ներկայացնում են հաշվետվություն նախորդ տարում կատարած աշխատանքների վերաբերյալ: Փետրվարի 1-2-ին հաշվետվությամբ հանդես եկան Ողջի գետի ավազանում գտնվող Կովսականի, Միջնավանի քաղաքային, Ալաշկերտի, Մուշի, Վանի, Կերենի գյուղական համայնքների ղեկավարները:

Վերոնշված և Ծոբաձոր համայնքները գտնվում են Ողջիի և Ծավի՝ Արաքսին միախառնվելու հատվածում՝ Արաքսի ձախափնյա հարթություններում: Տարածքի բնակիչներն առևտրային, հաճախ առողջապահական և այլ կապերը հիմնականում պահպանում են ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանի հետ՝ օգտվելով Կապան-Կերեն-Կովսական-Միջնավան-Ծոբաձոր ճանապարհահատվածից, որը բարվոք վիճակում չէ: Բոլոր համայնքներում առաջնային համարեցին, որ բարեկարգվի այս ճանապարհը: Սակայն առավել մտահոգիչ է նշված ճանապարհի վրա գտնվող Կապան քաղաքի աղբավայրը, որն զբաղեցնում է մեծ տարածք՝ աղբավայրի միջով անցնող ճանապարհն ունի մի քանի ոլորան:

Ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը նույնպես օրակարգային հարց է: Գրեթե բոլոր բնակավայրերում առկա է խմելու ջրի մատակարարման խնդիրը, ոռոգման ջրատարների նորոգումը, էլեկտրական հոսանքի կարգավորումը: Դարձյալ առաջնային է բնակարանաշինության հարցը, չնայած վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՀ կառավարության կողմից մեծ քանակությամբ շինանյութ է հատկացնել բնակչությանը (հիմնականում՝ կտուրի թիթեղ, փայտանյութ, երբեմն՝ ցեմենտ), որոշ սոցիալական խմբերի համար կառուցվել են բնակելի տներ: Միջնավանում ու Կովսականում կառուցվել են բազմաբնակարան շենքեր:

Կովսական քաղաքը, որը տարածքի համար կենտրոնի դեր է կատարում, ընկած է Ողջիի ափերին՝ շրջկենտրոն Բերձորից մոտ 110կմ հարավ: Ազատագրվել է 1993թ. Նոյեմբերի սկզբին, վերաբնակեցվել 1997-ին: Համայնքի կազմում են Դիցմայրի և Քարատակ գյուղերը: Դիցմայրին գտնվում է Ծավ գետի հովտում՝ դարավոր սոսիների պուրակում: Համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը քաղաքապետարանի դահլիճում ներկայացրեց հաշվետվություն՝ 2018թ. կատարած աշխատանքների վերաբերյալ: Հաշվետվության համաձայն համայնքում հաշվառված է 210 ընտանիք՝ 790 բնակչով: Այժմ բնակվում է 152 ընտանիք: Անցած տարի քաղաքում բնակություն է հաստատել 4 նոր ընտանիք, հեռացել է 3: Ուրախալի է՝ ծնվել է 13 երեխա: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է, այգեգործությունը, անասնապահությունը:

Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցը գործում է 1997 թվականից, այժմ ունի 112 աշակերտ, դպրոցում աշխատում են 20 ուսուցիչներ: Դիցմայրիում գործող հիմնական դպրոցում սովորում են 10 աշակերտ: Արդեն 5-րդ տարին է, որ Կովսականում գործում է պետության կողմից հովանավորվող մանկապարտեզ, որտեղ հաճախում են նաև հարևան բնակավայրերի երեխաները: Այս ուսումնական տարում նախակրթարանն ունի 40 սան:

Կովսականը 2018 թվականին համագործակցության հռչակագիր է կնքել Լիբանանի Այնճար քաղաքի հետ: Կայացել են քաղաքապետերի փոխայցելություններ: Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանը, երկրորդ անգամ այցելելով Կովսական, դպրոցի և մանկապարտեղի սաների համար բերել է նվերներ՝ պայուսակներ, գրենական պիտույքներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին մեծ շուքով նշվեց քաղաքի ազատագրման 25 ամյակը: Համայնքն ունի մոտ 1500հա վարելահող, հիմնականում հացահատիկ է մշակվում: 2018-ի բերքահավաքից ստացվել է 3000տ հացահատիկ:

Տեղեկացնենք, որ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին անհատույց տրամադրում է 10 տեսակի մշակաբույսերի սերմացու: Այս ծրագրից օգտվելու համար գյուղնախարարություն է ներկայացվել 20հա եգիպտացորենի, 10հա արևածաղկի, 20հա առվույտի գարնանացան սերմացուի հայտ: Կովսականը բոլոր տարիներին տարբեր բերքատեսակներով է մասնակցում Ստեփանակերտում կայացող «Բերքի տոն»-ին:

Բոլոր համայնքներում առկա գյուղատնտեսական հարցերին անդրադարձավ գյուղվարչության պետ Լ. Սիմոնյանը: Կարևորելով պետության կողմից բնակչությանը հատկացվող օժանդակությունը՝ տեղեկացրեց, որ 1 և ավելի հեկտար նռան այգի հիմնողներին անհատույց կտրվի նռան տնկիներ, կես և ավելի հեկտար բանջարաբոստանային մշակաբույս արտադրողներին 1հա-ի դիմաց անհատույց կտրվի 200000 դրամ գումար:

Առավել կարևորեց այն, որ պետությունը լիզինգային կարգով տրամադրում է գյուղտեխնիկա: Ուրախությամբ հավելեց՝ հայտ ներկայացնողները շատ են: Անդրադարձ եղավ նաև վերաբնակեցման խնդիրներին:

Կովսականից մոտ 10կմ հարավ է գտնվում Միջնավան քաղաքը՝ փռված Արաքսի ձախ ափին՝ Ծավ և Ողջի գետերի միջնամասում: Տարածքի առաջին վերաբնակեցված բնակավայրն է Միջնավանը. 1995 թվականին եկան առաջին բնակիչները: 1996-ին բացվեց Գալինա Ստարովոյտովայի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում են 72 աշակերտ, աշխատում 32 հոգի, որից 23-ը՝ ուսուցիչ:

Քաղաքապետ Մանուկ Մկրտչյանը տեղեկացրեց՝ Միջնավանում կա 128 ընտանիք՝ 467 բնակչով: 2018-ին քաղաքում կառուցվեց 8 բնակարանով շենք, հիմնանորոգվեց քաղաքապետարանի շենքը: Տարվա ընթացքում այստեղ բնակություն է հաստատել 5 ընտանիք՝ 17 շնչով, ծնվել է 13 երեխա: Միջնավանն ունի 803հա վարելահող, 35հա խոտհարք, մոտ 3000հա արոտավայր, 400հա այլ հողատարածքներ և այլն: Վարձակալության է տրված մոտ 500հա անջրդի և 400հա ջրովի վարելահող, 140հա արոտավայր: Բնակիչներն առավել կարևորեցին մանկապարտեզի խնդիրը: Քաղաքում կա մոտ 50 նախադպրոցական երեխա: Գործող դպրոցին կից կառույց կա, որը կարելի է դարձնել մանկապարտեզ, ակումբ, նաև ուսուցչի տուն:

Ալաշկերտ և Մուշ գյուղերն ընկած են Կովսական-Միջնավան ճանապարհի աջ ու ահյակ կողմերում: 2 բնակավայրերն ազատագրվել են 1993թ. Նոյեմբերին, վերաբնակեցվել 1998-ին: Հիմնականում ՀՀ Շիրակի մարզից են առաջին բնակիչները, որոնց հիմնական զբաղմունքը հողագործությունն է և անասնապահությունը: Երկու գյուղերին սպասարկում է 1 դպրոց, որն սկզբում գործում էր Ալաշկերտում՝ տեղակայված 2 հարմարեցված վթարային շենքերում:

2017-ին «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից, ԱՀ կառավարության և Քաշաթաղի շրջվարչակազմի օժանդակությամբ Մուշ գյուղում դպրոցի համար նոր շենք կառուցվեց: Բացումը կայացավ սեպտեմբերի 1-ին և կոչվեց Ապրիլյան քառօրյայի հերոս-նահատակներից Արմենակ Ուրֆանյանի անունով: Այժմ դպրոցում սովորում են 40 աշակերտ: Դպրոցի տնօրեն Լիանա Հակոբյանը տեղեկացրեց, որ աշակերտների մոտ կեսը և որոշ առարկաների ուսուցիչներ դպրոց են հաճախում Ալաշկերտից: Տեղափոխումը կատարվում է հատկացված ավտոբուսով: Ներկա բնակիչները համայնքի խնդիրներից առավել կարևորեցին ոռոգման ջրատարների կարգավորումը: Գտնում են՝ մոտ 3կմ հեռու գտնվող Ողջի գետից ջուրը կարելի է գյուղ հասցնել պոմպի միջոցով: Համայնքային հողատարածքներից մի քանի տասնյակ հեկտարը եղեգնապատ է, դրանք կարելի է օգտագործել՝ մաքրելով նախկինում գործած ընդհանուր մոտ 5կմ երկարությամբ դրենաժները:

Շրջանի ղեկավարի տեղակալ Հովհ. Սահակյանը տեղեկացրեց, որ մոտ օրերս կսկսվեն միջհամայնքային և ներհամայնքյին ճանապարհների բարեկարգման աշխատանքները:

Մուշ համայնքում ապրում է 33 ընտանիք: Դպրոցից բացի, գյուղում գործում է բուժկետը: Գյուղն ընդհանուր ունի 90հա ջրովի և 280հա անջրդի վարելահող, 980հա արոտավայր: Անասունների քանակը քիչ է: 2018-ին տնկել են 1000 բերքատու ծառ և 30 եղևնի: Կատարել են 43հա ձմերուկի, 19հա տարբեր տեսակի բանջարեղենի ցանքս: Բերքատվությունից և իրացումից չեն դժգոհում: Անցած ամռանը համայնքի հացահատիկի ցանքատարածքների մեծ մասը կարկտահարվեց, բերքատվությունը ցածր էր: Ընդհանուր հնձվել է 150հա ցորենի և 200հա գարու արտ: Անցած աշնանը կատարել են 40հա ցորենի և 172հա գարու ցանքս: Գյուղում խնդիրները նույն են, ինչ հարևան համայնքներում:

Վանի գյուղական համայնքը գտնվում է Միջնավան-Բերձոր գլխավոր ճանապարհի վրա՝ Բերձորից մոտ 100կմ հարավ, Ողջիի ձախ ափին: Անցած ամռանը դպրոցի երկհարկանի շենքը ԱՀ կառավարության հատկացումներով և «Հայրենասեր» ՀԿ-ի որոշակի օժանդակությամբ հիմնանորոգվեց, փոխվեցին կտուրը, պատուհանները, վերջերս կառուցվել է կաթսայատուն, ջեռուցման ցանց, սակայն անելիքներ դեռ կան: Դպրոցի տնօրեն Վարդան Վարդանյանը տեղեկացրեց՝ 8 համակարգ-դասարանով գործող կրթօջախն ունի 40 աշակերտ, 13 ուսուցիչ: Վանում կա 30 ընտանիք՝ 133 բնակչով, ովքեր հիմնականում զբաղված են հողագործությամբ, այգեգործությամբ:

Մոտ 600հա վարելահողերի մեծ մասը տրված է վարձակալության, որից դժգոհում են բնակիչները: Անցած տարի ամռանը գյուղի հացահատիկի ցանքատարածքները և Հադրութի շրջանում վանեցիներին հատկացված 30հա-ը գրեթե ամբողջությամբ կարկտահարվեցին, մնացածն էլ հնձվեց ցածր բերքատվությամբ: ԱՀ կառավարությունը փոխհատուցել է հողօգտագործողներին՝ յուրաքանչյուր հեկտարի դիմաց վճարելով 30 000 դրամ գումար կամ ազատել է հողի վարձավճարից: Գյուղն ունի նաև 10 հա պտղատու այգի, որի մեծ մասն արքայանարինջ է: Մրգի բերքատվությունից և իրացումից նույնպես չեն դժգոհում բնակիչները,

Կերենի գյուղական համայնքն ազատագրվել է 1993-ի աշնանը: Մեկ տարի անց այստեղ արդեն կային վերաբնակիչներ: 2013 թ. հունիսի 27-ից, ԼՂՀ կառավարության որոշմամբ, ստացել է առանձին համայնքի կարգավիճակ: Գտնվում է Կովսական-Կապան ճանապարհի վրա՝ Ողջի գետի աջ ափին: Համայնքի կազմում են նաև Սպիտակաշեն և Գրհամ գյուղերը: Տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, հատկապես նախաքրիստոնեական դամբարանադաշտով, եկեղեցիներով: 2012 թվականին կառուցվեց Կերենի դպրոցի շենքը, և սկսեց գործել կրթօջախը:

Տնօրեն Անուշ Աբրահամյանը տեղեկացրեց, որ միջնակարգն այժմ ունի ութ ուսուցիչ և 15 աշակերտ: Համայնքում այժմ ապրում է 18 ընտանիք: Այստեղ հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Համայնքի Գրհամ և Կերեն գյուղերը մինչ օրս էլեկտրաֆիկացված չեն: Այս հարցը բարձրաձայնեցին բնակիչները, կարևորեցին ոռոգման ջրատարի խնդիրն այն առումով, որ ջուրը բերվում է Ողջի գետից, և հաճախ աղտոտվում է Կապանում գործող հանքերի պոչամբարներից բաց թողնված ջրով և քաղաքի մոտակա անասանպահական ֆերմայի կեղտաջրերով:

Խմելու ջրի կարգավորման համար բնակիչներն առաջարկներ արեցին:

Երեկոյան Բերձոր վերադարձանք Կապան-Գորիս-Բերձոր ճանապարհով՝ անցնելով Ողջիի ավազանի բնակչությանն անհանգստացնող աղբավայրի մոտով, որը, հիրավի, գտնվում է բարձիթողի վիճակում, փակում է ճանապարհը, և ամենակարևորը՝ Արցախից Մայր հայրենիք մտնում ենք աղբավայրով՝ անցնելով Ողջիի գեղատեսիլ հովտով, որի աջ կողմում բարձրաբերձ ժայռերի մեջ է Գրհամի պատմական ամրոցը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ