Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում

inc-e-katarvoum-adrbejanoum

Միլլի մեջլիսի ոչ իշխանական համարվող պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հանդես է եկել աղմկոտ հայտարարությամբ, ըստ որի՝ «որոշ ուժեր պատգամավորների միջոցով Ադրբեջանում անկայունություն են սադրում»: Ակնարկն, ամենայն հավանականությամբ, ուղղված էր իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովին, որը մի շարք նախկին նախարարների մեղադրել էր ընդդիմությանը ֆինանսավորելու և կառավարող վերնախավի հետ կապերը խզելու մեջ: Նովրուզովի հայտարարությանն արձագանքեցին կրթության և տրանսպորտի նախկին նախարարներ Մարդանովը և Մամեդովը՝ հավաստիացնելով, որ հավատարիմ են «համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի քաղաքականությանը և պաշտպանում են նախագահ Իլհամ Ալիևի ուղեգիծը»: Հաջորդեց գլխավոր դատախազության հայտարարությունը, որով այդ կառույցը փաստացի հեղինակազրկեց իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Նովրուզովին և տեղեկացրեց, որ չի ուսումնասիրում նախկին նախարարներին կոռումպցիայի մեջ մեղադրելու մասին նրա հայտարարությունները: Սա չափազանց ուշագրավ է, որովհետև Նովրուզովի հայտարարությունից հետո տպավորություն կար, թե իշխանությունն այդ ձևով հարձակման է անցնում նախկին նախարարների դեմ: Դատախազության հայտարարությունը ցրում է այդ տպավորությունը:

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում՝ մնում է միայն ենթադրություններ անել: Ըստ երևույթին, իշխող կուսակցության ներսում առաջացել են խմբավորումներ՝ կապված եկող տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ: Ադրբեջանում գործում է միայն մեծամասնական ընտրակարգ, և պատգամավորական տեղերը խստագույնս քվոտավորված են: Վերջին տասնհիգ տարիներին խորհրդարանի կազմը գրեթե փոփոխության չի ենթարկվել: Պատգամավորներ կան, որ պաշտոնավարում են նույնիսկ Հեյդար Ալիևի ժամանակներից: Միլլի մեջլիսը փաստացի պետական կառավարմանը ոչ մի մասնակցություն չունի: Այս իրավիճակում, բնականաբանաբար, ծագում է հաջորդ խորհրդարանում աթոռ ապահովելու խնդիր: Ոչ ոք չգիտի, թե վերջին պահին ինչ որոշում կարող է ընդունել Իլհամ Ալիևը: Այս առումով ուշագրավ տեսակետ է արտահայտել իշխող կուսակցության երկարամյա գործիչ, ներկայումս փոխվարչապետի պաշտոն զբաղեցնող Ալի Հասանովը՝ հայտարարելով, թե «մի օր մենք բոլորս էլ հրաժարական ենք տալու»:

Կարելի է ենթադրել, որ իշխանության ներսում քննարկվում է խորհրդարանը թարմացնելու հարցը, ինչը, տրամաբանորեն, անհանգստացնում է Միլլի մեջլիսի հնաբնակներին: Ադրբեջանում պատգամավորի պաշտոնը ենթադրում է նաև որոշակի բիզնես-քվոտաներ: Խոսքը վերաբերում է նաև այս կամ այն տեղաշրջանում վերահսկողությանը: Զրկվել պատգամավորի պաշտոնից՝ նշանակում է կորցնել այդ ամենը: Ադրբեջանը հայտնվել է բարդագույն մարտահրավերի առջև: Միջազգային կառույցները հետևողականորեն դնում են քաղաքական համակարգի նորացման և ազատականացման պահանջ: Արտաքին աշխարհում մեծ է մտավախությունը, որ իշխանության հետագա կենտրոնացումը կարող է հանգեցնել բողոքի զանգվածային ցույցերի, նույնիսկ՝ քաղաքացիական պատերազմի: Իշխանությունը, սակայն, բարեփոխումների գնալու ոչ մի մտադրություն չի ցուցաբերում: Ավելին, տեղեկություն է տարածվել, որ Բաքվի քաղաքապետարանը որոշել է վերանորոգման-բարեկարգման աշխատանքներ սկսել «Մահսուլ» մարզադաշտում և հարակից տարածքներում: Դա միակ վայրն է, որտեղ իշխանությունը վերջին տարիներին ընդդիմությանն արտոնում էր անցկացնել հանրահավաքներ: Կարելի է վստահաբար ասել, որ Բաքվի քաղաքապետարանի այդ քայլը համաձայնեցված է Իլհամ Ալիևի հետ և նպատակ ունի ընդդիմությանը զրկել հանրահավաքներ անցկացնելու վերջին հնարավորությունից: Գարնանը նույն տեղում ընդդիմությանը հաջողվել էր հավաքել տասը հազարից ավելի ցուցարար: Դա վերջին տասնամյակում Ադրբեջանի ընդդիմության կազմակերպած ամենազանգվածային միջոցառումն էր:

Ընդդիմությունն անոնսավորել էր, որ աշնանը կշարունակի հանրահավաքների շարքը՝ նպատակ ունենալով հասնել ավելի մեծ կոնսոլիդացիայի: «Մահսուլ» մարզադաշտի փակումը հետապնդում է ընդդիմության ծրագիրը ձախողելու նպատակ: Ալիևը փաստացի հասկացնում է, որ բարեփոխման և ազատականացման ոչ մի հորդոր չի ընդունում: Դատախազության միջոցով ինդուլգենցիա շնորհելով նախկին նախարարներին՝ նա ցույց է տալիս, որ մեծ գործարքը տեղի է ունեցել: Չեզոքացվել է ընդդիմության խոշոր չափերով ֆինանսավորման վտանգը: Այս դեպքում, սակայն, բաց է մնում մի հարց՝ իսկ ի՞նչ անել իշխող կուսակցության ներսում ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչների հետ: Հեռացնե՞լ կուսակցությունից, գործի դնել նրանց դեմ ունեցած կոմպրոմատնե՞րը, թե՞ պայմանավորվել:

Ո՞ր տարբերակը կընտրի Ալիևը: Մեծ է հավանականությունը, որ կընտրվի «աղբը տնից դուրս չտանելու» տարբերակը, և սպասվող խորհրդարանական ընտրություններում ամեն ոք կունենա իր բաժինը: Խնդիրն այն է, սակայն, թե ներկա պայմաններում Ալիևին կհաջողվի՞ անցնցում խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս հարցում շատ բան կախված կլինի արտաքին շահառուների կեցվածքից: Ռուսաստանի ուղղությամբ խնդիր չի լինի: Իսկ մյուսնե՞րը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ