Ի՞նչ է փնտրում Մամեդյարովը Հարավային Ամերիկայում

inc-e-pntroum-mamedyarove-haravayin-amerikayoum

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով ուղեւորվել է Հարավային Ամերիկա:https://haqqin.az/news/146832 Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա կայցելի Չիլի, Արգենտինա, Ուրուգվայ եւ Պարագվայ: Ուղեւորության առիթը ՄԱԿ-ի հովանու ներքո Բուենոս-Այրեսում գումարվելիք այսպես կոչված՝ Հարավ-հարավ համագործակցության հարցերով խորհրդաժողովն է:

Ադրբեջանը Հարավային Ամերիկայի երկրների հետ ավանդական կապեր չունի: Հարաբերությունները ձեւավորվել են վերջին երկու տասնամյակներում եւ մեծամասամբ կրում են արարողակարգային բնույթ: Ցածր է տնտեսական, բայց հատկապես՝ մշակութային շփումների մակարդակը: Այս համապատկերին Մամեդյարովի հարավ-ամերիկյան շրջայցը բավական ուշագրավ երեւույթ է եւ վկայում է, որ Ադրբեջանը նոր հետաքրքրություններ է փնտրում արեւմտյան կիսագնդում:

Անշուշտ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը չէր կարող հրապարակայնացնել Մամեդյարովի աշխատանքային ողջ ժամանակացույցը: Բայց առանց այդ էլ հասկանալի է, որ միայն մի խորհրդաժողովի մասնակցելու նպատակով նա այդքան երկար ճանապարհ չէր անցնի: Հիմնական տպավորությունն այն է, որ Ադրբեջանը նպատակադրվել է շոշափել Հարավային Ամերիկայի, հատկապես, երկու երկրի՝ Արգենտինայի եւ Ուրուգվայի տրամադրությունը: Գաղտնիք չէ, որ այդ երկրներում հայկական բավական ազդեցիկ համայնքներ կան: Ուրուգվայն աշխարհում առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մի քանի տարի առաջ ադրբեջանական կողմը պարզապես վայնասուն էր բարձրացրել, երբ Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել էր Արցախ:

Այդ այցը կարեւորվել էր նրանով, որ ուրուգվայցի խորհրդարանականները ԼՂ կարգավորման հեռանկարը պայմանավորել էին ինքնորոշման իրավունքն անվերապահորեն հարգելու հանգամանքով: Դժվար է ասել, թե խնդրի շուրջ ներկայումս ի՞նչ տրամադրվածություն ունեն Ուրուգվայի քաղաքական եւ պետական շրջանակները: Նույնը՝ Արգենտինայի պարագայում: Այդուհանդերձ, եթե Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մտադրություն ունի հանդիպելու այդ երկրների համապատասխան պաշտոնատարների հետ, ապա կասկածից դուրս է, որ այդ ընթացքում շոշափվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի թեման: Բնական է՝ Բաքվի նախընտրած տարբերակով Մամեդյարովը կրկնելու է այն, ինչ պաշտոնական Բաքուն միջպետական հարաբերություններում եւ միջազգային բոլոր հարթակներում հնչեցնում է մշտապես: Բայց դա խնդրի մի կողմն է: Առավել հետաքրքրական է, թե արդյոք Ադրբեջանն ունի՞ տեղեկություններ, որ, դիցուք, Ուրուգվայը ԼՂ հարցում պատրաստվում է ինչ-որ քայլի դիմելու: Մամեդյարովը այդ երկիր է ուղեւորվել, որպեսզի տարհամոզի՞ քաղաքական շրջանակներին:

Առհասարակ, ի՞նչ է փնտրում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Հարավային Ամերիկայում:

Հարցը բոլորովին էլ հռետորական չէ: Տրամաբանական է թվում, որ հայկական կողմը պետք է ձեռնարկի համապատասխան կանխարգելիչ քայլեր, ընդ որում՝ թե դիվանագիտական խողովակներով, թե' Ուրուգվայի եւ Արգենտինայի հայկական համայնքային կառույցների միջոցով: Այսինքն, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Ուրուգվայում եւ Արգենտինայում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ադրբեջանական մեկնաբանությունը տեղեկատվա-քարոզչական եւ պաշտոնական տարածում չգտնի եւ փոխարենն ամրապնդվի Ուրուգվայի խորհրդարանականների կողմից տարիներ առաջ հնչեցրած մոտեցումը, որ ԼՂ կարգավորումը պետք է հենվի ինքնորոշման իրավունքի վրա: Ի՞նչ արդյունքներ կարձանագրի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը՝ կախված է հայկական կողմի հակազդեցության ծավալից եւ հատկապես մակարդակից:

Բոլոր դեպքերում պարզ է, որ Ադրբեջանը Հարավային Ամերիկայում, առանձնապես՝ Ուրուգվայում եւ Արգենտինայում հայկական ազդեցությունն առնվազն հակակշռելու, իսկ հնարավորության դեպքում նաեւ լիովին չեզոքացնելու խնդիր է դրել:

Ո՞րն է լինելու հայ դիվանագիտության, հայկական Սփյուռքի համակարգված հակաքայլը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ