Ի՞նչ են ուտում երեխաները, արդյո՞ք այն անվտանգ է նրանց համար

inc-en-outoum-erexanere--ardyoq-ayn-anvtang-e-nranc-hamar

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ծավալի առկայությունը մեր պարենային շուկայում մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ վերջիններիս ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա տվյալ պահին ակնհայտ չէ, բայց ժամանակի ընթացքում այն լուրջ փոփոխություններ է առաջ բերում:

Այս թեմայի շուրջ ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցել է կենսաբան Մելանյա Բադոյանի հետ: Փորձագետը նկատում է, որ ԳՁՕ-ները գյուղատնտեսության մեջ դրական փոփոխություններ բերելու նպատակով են ստեղծվել, սակայն այսօր դրանք արդեն մտահոգություններ են առաջացնում.

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները կամ գենետիկորեն մոտիֆիկացված օրգանիզմները ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմերն են, որոնք ստացվել են դրանց գենետիկական ապարատում մարդու միջամտությամբ առաջացած փոփոխության շնորհիվ: ԳՁՕ-ն տարբերվում է բնական օրգանիզմներից և ընդունակ է վերարտադրել կամ փոխանցել ժառանգական գենետիկական նյութը, այսինքն, գիտնականները հայտնաբերել են ֆերմենտներ, որոնց միջոցով հնարավոր է անջատել ժառանգական հատկանիշների համար պատասխանատու նյութը՝ ԴՆԹ կոչվածը, որի մանրադիտակային հատվածներ վերծանվել են, այսինքն, ուսումնասիրվել են, թե ինչ հատկանիշներ ունի այդ հատվածը և ներմուծվել են այդ բջիջների մեջ: Արդյունքում տվյալ գենի նոր տերը կարող է ձեռք բերել անհրաժեշտ հատկությունները, որոնք մեզ պետք են գյուղատնտեսության մեջ»:

ԳՁՕ-ների առատությունը հիմնականում նկատվում է քաղցրավենիքի, չիփսերի, գազավորված ըմպելիքի մեջ, որոնք էլ մեծ պահանջարկ ունեն երեխաների շրջանում: Արդյո՞ք ծնողները բավարար չափով տեղեկացված են, որպեսզի սահմանափակեն դրանց օգտագործումը երեխաների համար: Փորձագետը նկատում է, որ տեղեկացվածության մակարդակը այնքան էլ բարձր չէ: ԳՄՕ-ների հակառակ կողմում` օրգանիկ սնունդի քարոզում էլ կա ստվերային հատված, որը վախեր է պարունակում, բացատրում է Մելանյա Բադոյանը:

 

 

«Ճիշտ է, գիտատեխնիկական հայտնագործությունները մեզ շատ հրաշքներ են նվիրել, բայց նաև վախեր: Մենք վախենում ենք և ոչ անհիմն: Վախենում ենք ատոմային ռեակտորներից, օզոնային անցքերից, վախենում ենք ծորակից ջուր խմել, միս ուտել, որ հանկարծ կատաղած կովի միս չլինի, գրիպով հիվանդ հավի միս չլինի, նույնն էլ հիմա բանջարեղենի հարցում է: Եթե առաջ մարդը վախենում էր դրանց մեջ թունաքիմիկատների շատ կամ թե քիչ քանակությունից, ապա այսօր մենք մտահոգվում ենք, թե արդյո՞ք կարտոֆիլի կամ լոլիկի մեջ չկա արհեստականորեն ներմուծված գեն»:

ԳՄՕ-ներով հարստացած սնունդի օգտագործման վտանգները ավելի շատ հեռահար են. վտանգը ներկա պահին չի արտահայտվի, բայց ապագայի համար հաստատ սպառնալիք է:

«Հիմա շատ հաճախ տալիս են այն հարցը, թե արդյո՞ք ԳՄՕ-ները անվտանգ են մարդու համար: Սննդի բաղադրության փոփոխության ազդեցություններից ներկայումս առավել ցայտուն են ալերգիկ ռեակցիաները, դա որպես փաստ ներկայացնում են հենց ԳՄՕ-ի հակառակորդները՝ պահանջելով սննդամթերքի բացարձակ անվտանգություն: Բայց դա գործնականորեն անհնար է, քանի որ մարդկանց ալերգիկ հիվանդություններն ավելանում են նաև գյուղատնտեսության մեջ կիառվող թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումից: Այնպես չէ, որ միայն ԳՄՕ սննդամթերքն է, թունաքիմիկատները ևս մտահոգիչ են»,- բացատրում է փորձագետը:

Վերջինս հավելում է, որ ԳՄՕ-ների սպառումը քչացնելու և երեխաների անվտանգության մասին հոգալու համար հարկավոր է բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, որպեսզի չիփսերի, գազավորված ըմպելիքի և քաղցրավենիքի սպառումը նվազի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ