Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Ի՞նչ օրակարգով ՀՀ վարչապետը կմեկնի Վիեննա

am en es ru
inc-orakargov-hh-varcapete-kmekni-vienna

Վաղը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սպասվում է վերջին ամիսներին ամենաշատ քննարկված արտաքին քաղաքական իրադարձությունը՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը: Այն բացառիկ է նրանով, որ երկու նախագահների առաջին պաշտոնական հանդիպումն է, ու կազմակերպվում է ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների կողմից։

Հիշեցնենք, մինչ այս տեղի ունեցած բոլոր հանդիպումները ոչ պաշտոնական էին, այդ թվում և վերջինը՝ 2019-ի հունվարի 22-ին Դավոսում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը, ինչի մասին ՀՀ վարչապետն անձամբ տեղեկացրեց ֆեյսբուքյան իր էջում, գրելով, որ պարզապես, մտքեր են փոխանակել արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների շուրջ:

Ներհայաստանյան քաղաքական դաշտում վերլուծվում ու քննարկվում են Վիեննայից սպասվելիք ակնկալիքները, չնայած իշխանական վերնախավից մեսիջներ են ուղղվում, թե մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ: Մասնավորաբար, խնդրին այսօր անդրադարձավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ասելով՝ այս հանդիպումից պետք չէ ինչ-որ պատմական առաջընթաց ակնկալել:

Այնուհանդերձ, այժմ ամենից կարևորն այն է, թե ինչպիսի՞ օրակարգով է Հայաստանի վարչապետը մեկնում Վիեննա՝ հակառակորդ երկրի նախագահի հետ հանդիպման: Նախօրեին այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում շատ հստակ հայտարարեց՝ գնում է օրակարգում ունենալով՝ մարտի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հնչեցրած իր ելույթի շեշտադրումները:

Խոսքը վերաբերում է երկու կարևոր խնդրի.

-առաջին, ԼՂ բանակցություններին Արցախի Հանրապետության մասնակցությանը,

-երկրորդ՝ մադրիդյան սկզբունքներին:

Հիշեցնենք, որ իր վարչապետության առաջին իսկ օրից Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական օրակարգ բերեց բանակցություններին Արցախի Հանրապետության մասնակցության հարցը, ինչին միանգամից հակադարձեց Ադրբեջանը՝ հայտարարելով դեմ լինելու մասին: Այլ բան, իհարկե, չէր էլ սպասվում: Բայց որպեսզի Ադրբեջանը դեմ լինելով՝ չփորձի տապալել բանակցային գործընթացը ու մեղքը բարդել Հայաստանի վրա, վարչապետ Փաշինյանը միաժամանակ շեշտեց՝ այդ հարցը չի պատրաստվում դարձնել բանակցությոններին Հայաստանի մասնակցության նախապայման: «Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»:

Հաջորդ կարևորագույն հարցը, ինչպես նշեցինք ՝ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարիներ առաջ ներկայացված 3 սկզբունքներն ու 6 տարրերն են, ինչը ստացել է «մադրիդյան սկզբունքներ» անվանումը.

Հիշեցնենք՝ մադրիդյան սկզբունքների հիմնական կետերն են` հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Արցախի շուրջ ընկած տարածքի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, Արցախին միջանկյալ կարգավիճակ տալը, շրջանի ինքնավարության և անվտանգության երաշխիքների ապահովումը, Հայաստանի և Արցախի միջև միջանցքի բացումը, հետագայում ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշում` բնակչության իրավաբանորեն պարտադիր կամարտահայտման հիման վրա, իրենց նախկին բնակության վայր փախստականների վերադարձի իրավունքների ապահովում, անվտանգության միջազգային երաշխիքները, այդ թվում խաղաղության պահպանման գործողությունները։

Ի դեպ, Հայաստանն այս փաստաթուղթը երբևէ չի ընդունել, բայց ճանաչել էր որպես բանակցային գործընթացի հիմք՝ բանակցությունները չձախողելու նպատակով: Սակայն մշտապես մեզ համար ակնհայտ է եղել, որ հանձին այդ փաստաթղթի գործ ունենք հայկական կողմերի համար խիստ վտանգավոր սկզբունքների հետ:

Այս առումով, Ստեփանակերտից ՀՀ վարչապետի հնչեցրած հայտարարությունը շատ կարևոր էր, թե մենք կարիք ունենք մադրիդյան փաստաթղթի՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանման. «Ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է»: Փաշինյանը նաև կարևորեց, որ սպասվող բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան «տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները, շեշտելով ՝ «Մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության»:»:

Այսպիսով, Վեննայից սպասվող ակնկալիքները հետևյալն են.

Առաջին. Հայաստանի ու Արցախի շահերից չբխող, ավելին՝ պատերազմաբեր մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթուղթի կետերի հստակեցում: Ավելին, թերևս իսկական ժամանակն է խելամտորեն հրաժարվել դրանցից՝ համանախագահներին ապացուցելով այդ սկզբունքների անարդյունավետությունը: Կարծում ենք, սա կլինի Փաշինյանի մեծ նպաստը հայկական կողմերին՝ արցախյան բանակցություններում:

Երկրորդ ակնկալիքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բանակցային օրակարգ բերի ու, ի վերջո, միջազգային հանրությանը ներկայացնի այն խիստ կարևոր փաստարկը, որ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն այլ բան չէ , քան 130 տարի շարունակաբար հայության դեմ իրականացված ցեղասպանության մեկ հատված:

Երրորդը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումն է, ինչի անտեսման հարցում հայաստանյան քաղաքական ուժերն արդարացիորեն չեն ներում Նիկոլ Փաշինյանին՝ այն համարելով վերջինիս շտապողականության, ինքնավստահության և սեփական ուժերի գերագնահատման հետևանք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ