Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ի՞նչ փուլում են Երևանի կրկեսի շինարարական աշխատանքները և ինչո՞վ են զբաղվում կրկեսի դերասանները

inc-pouloum-en-ereani-krkesi-sinararakan-asxatanqnere-e-incov-en-zbaxvoum-krkesi-derasannere

Ի՞նչ փուլում են Երևանի կրկեսի շինարարական աշխատանքները և ինչո՞վ են զբաղվում կրկեսի դերասանները. այս և այլ հարցերի շուրջ ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրույցել է կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս (Իոսիֆ) Պետրոսյանը:

«Երբ հինգ տարի առաջ քանդվեց կրկեսը, հենց երկրորդ օրը մենք տարածք վարձեցինք, որտեղ էլ մինչ օրս գործում է Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց-ստուդիան: Մեր պարապմունքներն այժմ անցկացնում ենք Առնո Բաբաջանյան համերգասրահի դահլիճում: Այն, իհարկե, այնքան էլ հարմար չէ,  բայց շուտով մեր կրկեսը կլինի, որտեղ էլ կշարունակենք մեր պարապմունքները: Իմիջիայլոց, այդ դպրոցը ես ստեղծել եմ 1972 թվականին: Լինելով Ենգիբարյանի աշակերտը՝ նրա մահվան օրվանից՝ հուլիսի 25-ից հետո՝ սեպտեմբերի 1-ից Հայաստանում ստեղծեցի նրա անվան կրկեսային դպրոց-ստուդիան»,- նշեց Պետրոսյանը:

Պետրոսյանը նաև ընդգծեց, որ իրենց ուսանողները հիմա տարբեր բարեգործական ելույթներով հանդես են գալիս Հայաստանի ու Արցախի բոլոր շրջաններում. «Մեր սաների շնորհիվ մենք ամեն ամիս գնում ենք Հայաստանի ամենահեռավոր գյուղեր, դպրոցներ, լինում ենք Արցախի բոլոր գյուղերում, բարեգործական ելույթներ ենք ունենում»:

Ինչ վերաբերում է պրոֆեսիանալ դերասաններին, կրկեսի շենքային պայմանների բացակայության դեպքում նրանց զբաղվածության հարցին, Սոս Պետրոսյանը պատասխանեց. «Մեր պրոֆեսիոնալ դերասանները հյուրախաղերի են մեկնում  աշխարհի տարբեր երկրներում: Կրկեսը թատրոն չէ, որ անընդհատ նույն ներկայացումը ցուցադրեն, կրկեսային ծրագիրն անընդհատ փոխվում է, դերասանները միշտ հյուրախաղերի են լինում և պայմանագրերով են աշխատում: Հիմա մեր դերասաններն աշխատում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում, Աֆրիկայում: Երբ պետք է լինում, կանչում ենք, ու նրանք պայմանագրով գալիս են»:

Մեր զրուցակցի խոսքով, այսօր մոտավորապես 3000 հայ կրկեսային դերասաններ ունենք, ովքեր սփռված են աշխարհում. «Կարևորն այն է, որ մենք այսօր պարապ դերասան չունենք, բոլորը հյուրախաղերի են, իսկ եթե պարապ դերասան լինի, ասե՛ք, ես երկու օրվա ընթացքում կուղարկեմ հյուրախաղերի: Հիմա Երևանում մնում են ոչ պրոֆեսիանալները, ովքեր սրճարաններում կամ ռեստորաններում են աշխատում»:

Սոս Պետրոսյանը նաև ասաց, որ այժմ արդեն կրկեսի ներքին հարդարման աշխատաքններն են իրականացվում, որոնք ամենաբարդն ու ծախսատարն են: Պետրոսյանը հույս հայտնեց, որ մեկ տարուց աշխատանքները կավարտվեն, ու իրենք կսկսեն ավելի լավ պայմաններում աշխատել: Նրա խոսքով, ծրագրային մասով նույնպես աշխատանքները սկսվել են, նույնիսկ բացման ծրագիրն է գրվում. «Մեր դերասանները բոլորն ուզում են մասնակցել բացմանը, բայց պատկերացնո՞ւմ եք, եթե բոլորին կանչենք ծրագիրը մոտ 4 օր կտևի, իսկ այն սովորաբար տևում է 2-3 ժամ: Այնպես որ, մենք ժամանակաշրջանների կբաժանենք և դերասաններին կհրավիրենք: Միայն հայ դերասաններ չեն լինելու, այլ ԱՄՆ-ից, Աֆրիկայից, Արաբական երկրներից դերասաններ ունենք, ովքեր պետք է գան: Իսկ հստակ պայմանավորվածությունները կլինեն, երբ հաստատ իմանանք՝ որ թվականի որ օրը կբացվի կրկեսը: Երբ իմանանք, 4 ամիս առաջ արդեն դերասաններին կհրավիրենք»,- նշեց Պետրոսյանը և ընդգծեց, որ այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի միջազգային չափանիշներին համապատասխան, ամենաբարձր մակարդակի տեխնոլոգիաներով հագեցած կրկես ունենանք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ