Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Ի՞նչ տոն է նշում Ադրբեջանը

inc-ton-e-nsoum-adrbejane

Հունիսի 26-ը պաշտոնապես հռչակված է Ադրբեջանի զինված ուժերի օր, որը նշվում է պետականորեն: Հերթական տարեդարձին ընդառաջ Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել եւ մի շարք սպաների շնորհել գեներալի կոչում: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են արվել, որոնց հիմնական ասելիքն այն է, որ ադրբեջանական զինված ուժերը մտնում են աշխարհի հիսուն առավել հզոր բանակների շարքը: Թե ի՞նչ չափորոշիչներով է դա որոշվում՝ այլ հարց է: Բաքվում խնդիրը զուտ քարոզչական նշանակություն ունի: Իշխանություններին պետք է ներքին լսարանին ներշնչել, որ կարողացել են լուծել զինված ուժերի արդիականացման հետ կապված բոլոր հարցերը, որ սոցիալական եւ տնտեսական բազմաթիվ խնդիրները պետք է ստորադասել «տարածքային ամբողջականության վերականգնման սուրբ գործին»:

Միաժամանակ դիսկուրս է ծավալվում թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության թեմայով: Որպես օրինակ մատնանշվում են համատեղ զորավարժությունները, որոնցից վերջինն անցկացվեց Նախիջեւանում: Աստիճանաբար հրապարակ է բերվում Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմահենակայան ունենալու անհրաժեշտության խնդիրը: Պաշտոնական Բաքուն այդպիսով խոստովանում է, որ ինքնուրույն չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղը «վերադարձնելու» հարցը: Այսպիսով Ադրբեջանը վերադառնում է ելակետին: 1918թ. հունիսի 26-ին Գյանջայում տեղի է ունեցել թուրքական էքսպեդիցիոն կորպուսի եւ ադրբեջանական զինված խմբավորումների համատեղ զորահանդես, որի ընթացքում էլ հռչակվել է Կովկասի իսլամական բանակի ստեղծումը՝ Նուրի փաշայի հրամանատարությամբ: Հենց դա էլ համարվում է Ադրբեջանի զինված ուժերի ստեղծում:

Պատմական իրողություն է, որ իբրեւ անկախ պետություն Ադրբեջանը հռչակվել է Թուրքիայի հովանու ներքո եւ ինքնուրույն չէր կարող գոյատեւել ու մանավանդ հարեւան երկրներին տարածքային պահանջներ ներկայացնել: Հռչակված իշխանությունը պահելու համար հարկ էր ունենալ Թուրքիայի ռազմական օժանդակությունը: Այն, ինչպես ասվեց, չի ուշացել: Թուրք-ադրբեջանական միացյալ ուժերը 1918թ. սեպտեմբերի 15-ին արդեն Բաքվում էին, որտեղ կազմակերպեցին հայ բնակչության զանգվածային կոտորածներ եւ բռնատեղահանություն: Պատմագիտությունը միանշանակ չի պատասխանում հարցին, թե ինչու՞ բոլշեւիկյան իշխանությունը չպաշտպանեց Բաքուն, որտեղ Ստեփան Շահումյանի կառավարությունն ստիպված էր հրաժարական տալ: Տեսակետ կա, որ Բաքվի թուրքական օկուպացիան համաձայնեցված էր բոլշեւիկյան կենտրոնական կառավարության հետ: Այդ թեմայով, իհարկե, կարելի է երկար բանավիճել, իրականությունը դրանից չի փոխվում: Եւ փաստ է, որ այսօր Բաքվում բարձրանում է «թուրք ազատարար զինվորի» հուշարձանը: Մի քանի տարի առաջ Էրդողանը, ով դեռեւս Թուրքիայի վարչապետն էր, Բաքու այցի ընթացքում արել էր կարեւորագույն հայտարարություն՝ ասելով, թե համոզված է, որ ադրբեջանական ժողովուրդը չի մոռանա, թե ում արյան գնով է հասել անկախության: Դա շատ թափանցիկ ակնարկ էր առ այն, որ ներկայիս Ադրբեջանն ամեն ինչով պարտական է Թուրքիային:

Հունիսի 26-ի օրվա հիմնական խորհուրդն էլ հենց դա է՝ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը, որը 1918թ. փաստացի չգոյությունից ստեղծել է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն: Թուրքիան եռանդուն մասնակցություն է ունեցել այսօրվա Ադրբեջանի զինված ուժերի կազմավորման գործում: Հազարավոր թուրք սպաներ ծառայություն են անցել Ադրբեջանում, մասնակցել Արցախի դեմ պատերազմին: Այսօր ադրբեջանական բանակի սպայական կազմի գերակշիռ մեծամասնությունը Թուրքիայում է կրթություն ստացել, թուրքական բանակում անցել անհրաժեշտ գործնական պատրաստության դասընթացներ: Եւ եթե նախկինում ադրբեջանական կողմը ձգտում էր շրջանցել թեման, համարում էր, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը պետական գաղտնիք է, ապա այսօր թեման արծարծվում է բաց, հրապարակային:

Արդեն իսկ տեղեկություն կա, որ Ադրբեջանի ռազմական օդանավակայաններից մեկում թուրքական օդուժի մշտական հենակետ է ստեղծվել: Խնդիր է դրված ռազմական ոլորտում հասնել առավելագույն ինտեգրման: Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի հավանական գործողությունների պլանավորում է տեղի ունենում: Առանձնապես կարեւորվում է Նախիջեւանի ուղղությունը: Այս ֆոնին հունիսի 26-ը ոչ այնքան ադրբեջանական զինված ուժերի ստեղծման, որքան թուրք-ադրբեջանական ռազմական ինտեգրացիայի օրն է: Այն պաշտոնապես նշվում է միայն Բաքվում, բայց դրանից չի հետեւում, թե այդ օրը Թուրքիայի համար խորհրդանշական չէ: Թուրքիան, ամենայն հավանականությամբ, սպասում է աշխարհաքաղաքական նպատակահարմար պահի, որպեսզի հռչակի Ադրբեջանի հետ ռազմական միավորման մասին: Ե՞րբ եւ ի՞նչ զարգացումների արդյունքում դա տեղի կունենա՝ ժամանակից եւ հանգամանքներից է կախված: Փաստ է, որ թուրքական երկու պետությունները ձգտում են միավորման:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ