Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Ի՞նչ վտանգ է զգացել Ալիևը

inc-vtang-e-zgacel-aliee

Եկող տարի Ադրբեջանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Ավելի վաղ մամուլում խոսք եղավ, որ դրանք կարող են անցկացվել արտահերթ՝ աշնան վերջին, սակայն իշխող քաղաքական ուժը հերքեց և վստահեցրեց, որ նոր խորհրդարան կձևավորվի սահմանադրությամբ նախատեսված ժամկետում: Ըստ երևույթին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների տարբերակ քննարկվել է, բայց, հաշվի առնելով որոշակի արտաքին ազդակներ, վերջնական որոշում չի կայացվել:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը շարունակաբար պնդում է Ադրբեջանում համամասնական ընտրակարգի անհրաժեշտության մասին, որը թույլ կտա նոր կուսակցաշինություն սկսել և փոխել քաղաքական համակարգը: Ալիևի ռեժիմը, սակայն, հակառակն է պնդում, որ մեծամասնական ընտրակարգը համապատասխանում է ադրբեջանական ժողովրդի մենթալիտետին և ավելի օպտիմալ է կարգավորում ընտրող-պատգամավոր հարաբերությունները: Ի՞նչ ընթացք կունենա այդ բանավեճը՝ պարզ կլինի, երևի, արդեն տարեվերջին:

Մինչ այդ, սակայն, իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը բացառիկ հարցազրույց է տվել «Ենի մուսավաթ» թերթին և մի քանի ուշագրավ հայտարարություն արել: Նա քննադատության տարափի տակ է առել նախկին նախարարներին՝ առանց որևէ մեկի անունը նշելու և զգուշացրել, որ եթե վերջիններս շարունակեն «մնալ թաքնված, դուրս չգան հրապարակ և իրենց դիրքորոշումը չարտահայտեն», ապա դա կանի իշխանությունը: Ադրբեջանում վերջին մի քանի տարում որոշ նախարաներ պաշտոնանկ են արվել: Այդ շարքում առանձնանում են երեք կարևոր դեմքեր՝ տրանսպորտի, պաշտպանության և ազգային անվտանգության նախարարները, որոնք տասնյակ տարիներ պաշտոնավարել են և ունեին կոռումպացվածի համարում: Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչն ակնհայտորեն նրանց նկատի ունի, երբ ասում է, որ տարիների ընթացքում «միլիարդներ են կուտակել, նստած են այդ փողերի վրա և շարունակում են լռել»:

Նա խիստ բացասաբար է գնահատել իրողությունը, որ նախկին նախարարները խզել են կապերը կառավարող կուսակցության հետ, չեն ներկայանում գործադիր մարմնի նիստերին, թեև այդ կառույցի անդամ են: Հիշյալ երեք նախարարների մասին ադրբեջանական մամուլի փոխանցած հիմնական տեղեկությունն այն է, որ նրանց արգելված է դուրս գալ երկրից, սահմանափակված են նույնիսկ ներքին տեղաշարժի հնարավորությունները: Ըստ տեղեկությունների՝ նրանք մեկուսի կյանք են վարում՝ բնակվելով մերձքաղաքային ամառանոցներում, և դա բարձրագույն իշխանության որոշումն է: Կոռուպցիայի և այլ մեղքերի համար նրանց դատական պատասխանատվության չեն ենթարկել, բայց և թույլ չեն տվել զբաղվել հանրային կամ քաղաքական գործունեությամբ: Ի՞նչ է փոխվել, որ ներկայումս Իլհամ Ալիևն իր գլխավորած իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով նախկին նախարարներից պահանջում է դուրս գալ ասպարեզ և քաղաքական դիրքորոշում արտահայտել: Ամենայն հավանականությամբ, դա կապված է եկող տարվա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների հետ: Ըստ երևույթին, իշխանությունը տեղեկություններ ունի, որ նախկին նախարարները կարող են հովանավորել ընդդիմադիր ուժերից որևէ մեկին: Այս ենթադրության օգտին է խոսում մամուլում տեղ գտած արտահոսքը, թե ուժային կառույցներն ուսումնասիրում են օլիգարխիայի կողմից ընդդիմության ֆինանսավորման մասին ստացված տեղեկությունները:

Ու՞մ նկատի ունեն կոնկրետ՝ չի մանրամասնվում: Իլհամ Ալիևի իշխանության համար դա փորձված միջոց է՝ համապետական ընտրություններից առաջ հայտարարել, որ «բացահայտվել է խռովարարների ընդհատակյա խմբավորում» և սկսել քաղաքական հետապնդումների հերթական փուլը: Այս դեպքում, երևում է, խոսքը շատ խոշոր «շնաձկների» մասին է, որոնց հետ իշխանությունը չի ցանկանում գնալ բաց առճակատման: Առայժմ արվում է հաշտության առաջարկ՝ նրանց բոլոր մեղքերը դարձյալ կներվեն, եթե հրապարակային հայտարարություն անեն, որ սատարում են Իլհամ Ալիևին, ընդունում նրա գերիշխանությունը:

Ստեղծվել է չափազանց ինտրիգային վիճակ: Եթե նախկին նախարարները չընդունեն իշխանության առաջարկը, ապա նրանք կձերբակալվե՞ն, կհարուցվե՞ն աղմկոտ քրեական գործեր: Դա նույնպես տարբերակ է, բայց Ալիևի իշխանության համար խիստ վտանգավոր, որովհետև ոչ ոք չի կարող երաշխավորել, թե այդ մարդիկ դատարանում ցուցմունք չեն տա, որ պետական գանձարանի կողոպուտը կատարվել է անմիջապես Իլհամ Ալիևի իմացությամբ: Եթե իշխանությունը չգնա կոշտ քայլերի, ապա հնարավո՞ր է, որ օլիգարխիան սատարի ընդդիմադիր որևէ ուժի: Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում իշխանության հարց չեն լուծում: Բայց եթե դրանք անցնեն իշխանություն-ընդդիմություն սուր դիմակայության պայմաններում, ապա չեն բացառվում բողոքի զանգվածային ակցիաները:

Առկա տեղեկատվությունից կարելի է մի եզրակացության գալ՝ Ադրբեջանը մտնում է ներքաղաքական վերադասավորումների փուլ, և սպասվող խորհրդարանական ընտրությունները կարող են անակնկալ մատուցել: Ո՞վ է նման հեռանկարի արտաքին շահառուն՝ ահա, թերևս, հիմնական գաղտնիքը: Ալիևն, ամենայն հավանականությամբ, նման վտանգ զգացել է և ընդունել կանխարգելիչ հարվածի մարտավարություն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ