Ինչո՞ւ այն ժամանակ բողոքի ակցիա չէիք անում, երբ Արմենչիկին վաստակավորի կոչում տվեցին, կամ քանդեցին Աֆրիկյանների տունը, Երիտասարդական պալատը

incou-ayn-jamanak-boxoqi-akcia-ceiq-anoum--erb-armencikn-vastakavori-kocoum-tvecin--kam-qandecin-afrikyanneri-toune--eritasardakan-palate

Մշակույթի նախարարությունը փակելու երկու ծայրահեղ պատճառներ կարող են լինել. առաջին, դրանով մենք ընդունում ենք, որ նոր իշխանությունն անզոր է իրական նախարարություն կերտել՝ ընդունելով, որ նախորդը վատն է եղել, և այն իր առաքելությանը չի ծառայել: Երկրորդ ծայրահեղ մոտեցումը կարող է լինել այն, որ ընդունում ենք՝ մեզ մշակույթ պետք չէ: ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար, ազգային պարարվեստի գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանն այսպես է մեկնաբանում մշակույթի նախարարության հնարավոր փակումը:

«Ստացվում է, որ եթե մեզ պետք չէ մշակույթի նախարարությունը, ուրեմն մենք մշակույթ չունենք, որը պետք է կարգավորել»,-ընդգծում է Գագիկ Գինոսյանը և հիշում մի սովետական անեկդոտ, որը տիպիկ բնորոշում է այսօրվա իրավիճակը.

«Մի անեկդոտ կար՝ Հայաստանից զանգահարում են Մոսկվա՝ քաղբյուրո և խնդրում, որ Հայաստանում ստորջրյա նավատորմի նախարարություն ունենան, որին ի պատասխան հնչում է հանդիմանանք, թե հայեր ջան, դուք, ախր ծով չունեք, ի՞նչ ստորջրյա նավատորմ: Իսկ հայերը զարմանքով պատասխանում են, թե այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանն ունի մշակույթի նախարարություն: Հիմա ստացվում է, որ եթե մեզ պետք չէ մշակույթի նախարարություն, ուրեմն, մենք չունենք այն մշակույթը, որը պետք է կարգավորվի, զարգացվի, հանրահռչակվի տվյալ նախարարության կողմից: Իսկ յուրաքանչյուր ազգի դեմքը սեփական մշակույթն է, յուրաքանչյուր ազգի հոգևոր հայելին մշակույթն է: Հիմա ստացվում է՝ գլխացավի լավագույն լուծումը գլուխը կտրելն է»:

Իսկ թե որտեղի՞ց են սկսվել այս խնդիրները, Գագիկ Գինոսյանը պատասխանում է. «Բաղրամյան 26-ից, որտեղից նշանակվում են մարդիկ, որոնք խամաճիկացնում են ոլորտը և դա միայն մշակույթին չի վերաբերում, դա վերաբերում է և՛ կրթությանը, և՛ սփյուռքին և բոլոր ոլորտներին: Տեսեք, թե ի՞նչ էր կատարվում դպրոցներում. բոլոր իշխանությունների օրոք դպրոցներն աշխատել են ընտրակեղծիքներն ապահովելու համար, դրանք եղել են ընտրակեղծիքների որջ: Եվ իհարկե, դպրոցների տնօրեններ նշանակում էին նրանց, ովքեր կնպաստեին այդ աշխատանքին: Բա հիմա ինչո՞ւ կրթության նախարարությունը չեք փակում, ինչո՞ւ չեք փակում էկոնոմիկայի նախարարությունը, որը ստեղծել է օլիգարխիան: Այդ նախարարությունը տնտեսությունը կարգավորելու համար է, որպեսզի երկրում համաչափ տնտեսական զարգացում լինի, բայց իրականում ոչ թե այդ գործառույթը չի իրականացրել, այլև հակառակն է արել, տարիներով ծառայել է, որպեսզի օլիգարխիա լինի: Ամբողջ ժողովրդին կառավարելը շատ դժվար է, ընտրում են օլիգարխիա, որի միջոցով կառավարում են ժողովրդին և ստանում օրենքով աջակցություն»:

Այնպես որ, բոլոր ոլորտներն են շեղվել իրենց իրական գործառույթներից, բայց ինչպես նկատում է մեր զրուցակիցը՝ ամեն ինչ կոտրվեց մշակույթի նախարարության վրա. «Ես չեմ ասում, որ մշակույթի նախարարությունը լավն է, ես իրենց հետ առանձնապես մեծ առնչություն էլ չունեմ, և ուզում եմ հե՛նց իրենց ուղղել հարցս. երբ Աֆրիկյանների տունն էին քանդվում, ինչո՞ւ բողոքի ակցիա չէիք անում, կամ երբ քոչարին ճանաչվում էր Ադրբեջանի մշակութային ճառանգություն, երբ Արմենչիկին և մյուս սերունդ ոչնչացնող, ազգ պղծող, ապաազգայնացնող, հակամշակութային մարդկանց վաստակավորի կոչումներ էին տալիս, ինչո՞ւ բողոքի ցույցեր չէիք անում, թե՞ այդ ժամանակ տաքուկ տեղ կար: Մենք անցանք բոլոր այդ իրավիճակները, երբ Երիտասարդական պալատն էր քանդվում, երբ Գիտությունների ազգային ակադեմիայի առաջին շենքն էր քանդվում, որտեղ նստել է Հովսեփ Օրբելին, փոխանակ թանգարանի վերածեին՝ քանդեցին: Հայաստանի Հանրապետության կառավարության առաջին տունն է գնվել և վաճառվել ու հիմա ծառայում է որպես ինչ -որ մասնավոր կազմակերպության: Ոչ ոք չի ասում, որ այդ շենքում նստել է ՀՀ առաջին հանրապետության առաջին վարչապետը և այդ շենքից Առաջին Հանրապետության առաջին շքերթն է ընդունվել: Բա, ո՞ւր էիք բողոքողներ ջան, հիմա ո՞ւր է իմ Առաջին հանրապետության պատմությունը: Փոխանակ այդ շենքը պատմության թանգարանի վերածվեր և այդտեղ Առաջին Հանրապետության պատմությունը ցուցադրվեր, թե ո՞ր սեղանի մոտ է նստել վարչապետը, նախարարները ո՞ր սեղանի շուրջ են ստորագրել անկախության հռչակագիրը, որտե՞ղ է առաջին դրոշը ծածանվել: Եթե Դրոն զարթներ ցույց կտար իրենց բոլորի տեղերը... մեկ օրով զարթներ և ցույց կտար մշակույթ պղծողներին և տնտեսությունը ոչնչացողների իրական տեղը»:

Ես ի՛մ մշակույթին եմ ուզում տեր կանգնել. ընդգծում է Գագիկ Գինոսյանը և հիշեցնում մյուս կարևոր կառույցները, որոնք այսօր իրենց բուն նպատակին չեն ծառայում. «Սպայի տունը, որը 19-րդ դարի սկզբին կառուցված շենք է, որտեղ աշխատել է Խաչատուր Աբովյանը, այդ շենքում Երևանի առաջին դպրոցն է եղել, փոխանակ մի լուծում գտնեին, այդտեղ թանգարան լիներ, հիմա այնտեղ բիզնես կենտրոն է»:

Գագիկ Գինոսյանը վստահ է, որ արժեք, մշակույթ ստեղծող ու այն գնահատող, հասկացող մարդը մշակույթ չի ոչնչացնում. «Նույնիսկ օտարի մշակույթն չեն ոնչնչացնում, եթե մշակույթ հասկացող ժողովուրդ է: Քանդում են բարբարոսները, նրանք, ովքեր ստեղծել չգիտեն: Մարդկային երկու տեսակ կան՝ ստեղծող և գողացող, որը նաև ոչնչացնում է: Այն, ինչը չի կարող գողանալ, ոչնչացնում է, որովհետև իր ներսի նախանձը թույլ չի տալիս համակերպվել, որ ուրիշն ունի, թեկուզ գիտակցում է, որ այդ ուրիշը մեղվի նման չարչարվել է, բայց ինքը մեղր գողացող է, իսկ եթե չի կարող գողանալ, արջի նման տանում, գցում է ջուրը, որ մեղուները սատկեն»:

Վերջում Գագիկ Գինոսյանն ընդգծում է, որ լավ հենց այնպես չի լինում, մշակույթն էլ ստեղծվում է ազգային ինքնության պահպանության համար, ոչ թե սեփական փափուկ տեղերի:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ