Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Ինչու՞ չկայացավ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթաժողովը

incou-ckayacav-rousastan-iran-adrbejan-gagatajoxove


Օգոստոսի 13-ին անոնսավորված Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթաժողովը ,,տեխնիկական պատճառներով,, հետաձգվել է: Այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Պեսկովը: Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ երբ դիվանագիտական խողովակներով ձեռք կբերվի նախագահների ժամանակացույցի սինխրոնացման համաձայնություն, ապա կհայտարարվի գագաթաժողովի անցկացման նոր ժամկետը: Այդ ձեւաչափով երկու հանդիպում տեղի է ունեցել 2016 եւ 2017թվականներին՝ համապատասխանաբար Բաքվում եւ Թեհրանում: Փորձագետների մոտ կարծիք կա, որ նախաձեռնության հեղինակն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է, իսկ առանցքային նպատակը՝ ,,հարավ-հյուսիս,, տրանսպորտային միջանցքի գործարկումը, երբ հնարավոր կլինի բեռնափոխադրումներ իրականացնել Պարսից ծոցի իրանական նավահանգիստներից մինչեւ Ռուսաստանի հյուսիս, իսկ այնտեղից՝ դեպի Եվրամիության երկրներ: Մեկնաբանների մեծ մասը դա համարում է շատ ավելի քաղաքական, քան զուտ առեւտրա-տնտեսական նախագիծ: Ադրբեջանը հետապնդում է Հայաստանի կոմունիակոցիոն մեկուսացումը խորացնելու նպատակ եւ ամեն ինչ անում է, որպեսզի Իրանը հետաքրքրված չլինի Հայաստանի տարածքով դեպի Վրաստանի սեւծովյան նավահանգիստներ տրանսպորտային միջանցք ստեղծելու հեռանկարով: Նախորդ հոդվածում ենթադրություն էինք արել, որ կապված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի վերաբերյալ իրանական կողմի վերջին հայտարարության հետ՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածություն է սպասվում: Մեր կանխատեսումը, կարծես, բավական մոտ է իրականությանը: Թուրքմենստանում ընթացող Կասպյան տնտեսական խորհրդաժողովի շրջանակներում, որին մասնակցում էր Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը եւ փորձում էր առաջ մղել այսպես կոչված՝ Տրանսկասպյան գազատարի կառուցման կարեւորությունը, իրանական կողմը չափազանց կոշտ եւ միանշանակ հայտարարություն է արել, որ դեմ է Կասպից ծովի հատակով գազատարի կառուցմանը: Իրանցի պաշտոնյան այդ մոտեցումը հիմնավորել է Կասպից ավազանի էկոհամակարգի պահպանման անհրաժեշտությամբ: Նույն ոգով է արտահայտվել նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչը: Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը սահմանում է, որ ենթակառուցվածքային ծրագրեր կարող են իրականացվել միայն կոնսենսուսի դեպքում: Իսկ դա նշանակում է, որ գազատարի կառուցումը չի կարող իրականացվել, եթե մերձկասպյան որեւէ երկիր դեմ է: Այս դեպքում դեմ են արտահայտվում երկու ծանրքաշայինները՝ Ռուսաստանը եւ Իրանը: Իսկ նախագծով ամենաշահագրգռված կողմն Ադրբեջանն է, որը միլիարդավոր դոլարներ է ներդրել Հարավային գազային միջանցք անվնաված կառույցում, սակայն տնտեսական արդյունավետություն չի կարող ապահովել, եթե խողովակաշարը չլցվի տարեկան 30 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազով: Այս հարցով Ադրբեջանը տեւական բանակցություններ է վարում Թուրքմենստանի հետ, բայց պաշտոնական Աշխաբադը չունի ազատ միջոցներ՝ ներդնելու գազատարի կառուցման մեջ: Խնդրով շահագրգռված են նաեւ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը: Վերջինս Թուրքմենստանին արտոնյալ եւ երկարաժամկետ վարկ է առաջարկում: Ռուսաստանի եւ Իրանի կտրուկ դիմադրությունը, սակայն, հարցականի տակ է դնում Եվրամիության սպասելիքները: Ամենաանհարմար իրավիճակում, սակայն, հայտնվում է Ադրբեջանը, որը կարող է տարեկան ոչ ավելի, քան 10 միլիարդ խորանարդ մետր գազ տարանցել դեպի Եվրոպա, իսկ դա ԵՄ գազային շուկայում եղանակ փոխելու համար չափազանց քիչ է: Իլհամ Ալիեւի նախագծած հերթական ծրագիրն, այսպիսով, զրկվում է տնտեսական գրավչությունից եւ վերածվում զուտ քարոզչական բաղադրիչի: Լիովին հասկանալի է, որ ստեղշված գրեթե փակուղային իրավիճակում Իլհամ Ալիեւը Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հետ հանդիպմանը ոչ մի ասելիք պարզապես չէր ունենա: Ըստ երեւույթին, Պուտին-Ռուհանի-Ալիեւ գագաթաժողովը չի կայացել հենց Տրանսկասպյան գազատարի կառուցման հարցում Ռուսաստանի եւ Իրանի կոշտ առարկության պատճառով: Առհասարակ Կասպյան ավազանում Ադրբեջանի հավակնությունները զսպելու խնդրով Ռուսաստանը եւ Իրանը դառնում են տրամաբանական դաշնակիցներ: Մյուս երկրները, այդ թվում եւ Ադրբեջանի ավանդական բարեկամի համարում ունեցող Ղազախստանը, խնդիրների մեջ ներքաշվելու որեւէ ցանկություն չունեն: Նրանք բավարարվում են սեփական էներգառեսուրսները տարանցելու ավանդական ենթակառուցվածքներով: Եւ այստեղ վճռական է Ռուսաստանի ազդեցությունը: Ոչ ոք ցանկություն չունի հանուն ադրբեջանական նախագծի հարաբերություններ փչացնել Ռուսաստանի եւ Իրանի հետ: Մեծ խաղում, որ Ալիեւն սկսել է՝ Եվրամիության քաղաքական աջակցությունը շահելու եւ Լեռնային Ղարաբաղի հարցում մեծ շահաբաժին ձեռք բերելու նպատակով, Ադրբեջանը մնացել է մենակ: Ճիշտ է, Թուրքմենստանի նախագահն արարողակարգային հանդիպում  է ունեցել Ադրբեջանի վարչապետի հետ, բայց արդյունքը Բաքվի ակնկալիքների կտրվածքով բացարձակ զրոյական է: Մեծ է հավանականությունը, որ ստեղծված նոր իրավիճակում Ռուսաստան-Իրան-Ադրբեջան բարձր մակարդակի հանդիպում այս տարվա ընթացքում տեղի չի ունենա: Իսկ կվերականգնվի՞ այդ ձեւաչափն առհասարակ՝ մնում է միայն ենթադրել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ