Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Ինչո՞ւ դանակահարեցին հայ կնոջը Ստամբուլում. հանցագործության ձեռագիր

incou-danakaharecin-hay-knoje-stambouloum-hancagorcoutyan-ceragir

Դիմակավորված ու սառը զենքով զինված անհայտ անձինք ներխուժել են Ստամբուլի Սամաթիա թաղամասում բնակվող հայկական ընտանիքի բնակարան: Դանակահարել են տանտիրուհուն և դիմել փախուստի` բղավելով «սա դեռ սկիզբն է»: Պարզվել է, որ դանակահարված տիկինը՝ Արփինեն, ՀՀ քաղաքացի է: Իր ընտանիքի հետ նա ժամանակավորապես ապրում է Սամաթիայում վարձակալած բնակարանում: Նրա երկու երեխաները հաճախում են այդ թաղամասում գտնվող Արամյան վարժարան։

Վիրավոր կինը հարևանների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները փրկել են տիկին Արփինեի կյանքը, հիմա մնում է իրավապահները բացահայտեն հանցագործությունը և հայտնաբերեն հանցագործներին: Թուրք իրավապահների աշխատանքի մասին դատողություններն առայժմ հետաձգենք, դեպքերի հետագա ընթացքին սպասենք: Իսկ հիմա կենտրոնանանք հանցագործության 2 շատ կարևոր դրվագի վրա:

  1. Հարձակվողները կողոպուտի նպատակ ակնհայտորեն չեն ունեցել: Նրանք չեն թալանել բնակարանը, տանտիրուհուց չեն պահանջել գումար, ոսկեղեն կամ այլ բան: Այսինքն, չեն ունեցել շահադիտական որևէ նպատակ, այլապես դատարկ ձեռքերով չէին հեռանա դեպքի վայրից:

 

  1. Հանցագործները հեռանալիս զգուշացրել են վիրավորված կնոջը. «Սա դեռ սկիզբն է»: Այսինքն, հասկացնել են տվել, որ ֆիզիկական վնաս հասցնելու վտանգը այդքանով չի ավարտվել: Կյանքի ու առողջության համար վտանգավոր հարձակումները դեռ շարունակվելու են, այլապես նախազգուշական սպառնալիք չէին հնչեցնի:

 

Ի՞նչ կարող են նշանակել վերոթվարկյալները: Հաշվի առնենք այն փաստը, որ վերջին շրջանում Ստամբուլի տարբեր թաղամասերում ապրող հայաստանցիների վարձակալած տների պատերին հաճախ են փակցվում ատելություն քարոզող գրություններ: Տիկին Արփինեի տան պատերին ևս նախքան հարձակումը գրել են սպառնալից արտահայտություններ ու գծել են խաչ: Այդ տեղեկությունը հաստատել էր Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորական Զաքեոս Օհանյանը:

Այս ամենը գրեթե հստակ ուրվագծում է հանձագործության ձեռագիրը. նախքան հարձակվելը հայերի տան պատերին գրել ատելության խոսքեր, իսկ հարձակումից հետո սպառնալիքով զգուշացնել, որ հարձակումները շարունակվելու են: Սա թույլ է տալիս առաջնորդվել այն կանխավարկածով, որ այդ հարձակումն արդեն ոչ թե անձնական հաշվեհարդար է, այլ ազգային հողի վրա կատարվող հանցագործություն: Այլ կերպ ասած՝ հայերի դեմ շարունակվող ատելության քարոզի հերթական դառը պտուղն է: Գաղտնիք չէ, որ հայատյաց տրամադրությունները Թուրքիայում անընդհատ բորբոքվում են ծայրահեղական այն խմբավորումների կողմից, որոնք իրենց հռչակել են ազգայնականներ: Սամաթիայում տեղի ունեցած դեպքը ցավալիորեն ապացուցում է, որ մեր կողմից ավելի վաղ արված կանխատեսումը իրականացավ: Իսկ կանխատեսումը վերաբերում էր այն սպասելիքին, որ ՏԻՄ ընտրություններում Էրդողանի ղեկավարած կուսակցության և «Գորշ գայլերի» քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության դաշինքը հղի է լինելու հակահայկական տրամադրությունների սրացման վտանգով: Այդ դաշինքի արդյունքում ազգայնական շրջանակները ստացել են իշխանությունների ուղղակի կամ անուղղակի հովանավորությունը՝ շարունակելու իրենց հայատյաց դրսևորումները:

Այս հավանական վարկածի օգտին է խոսում նաև այն փաստը, որ հայի տան վրա կատարված հարձակումը և հայուհու դանակահարումը չի լուսաբանվել իշխանական և իշխանամետ լրատվամիջոցների կողմից: Գերեզմանային լռություն: Սա պատահականություն լինել չի կարող: Հավանաբար իջեցվել է լռություն պահպանելու հրահանգ, որն ինքնին արդեն հայատյաց վերաբերմունքի շարունակությունն է, ասել է թե՝ Սամաթիայում կատարված հանցագործության մեդիաշարունակությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ