Ինչո՞ւ է Ադրբեջանը ողջունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

incou-e-adrbejane-oxjounoum-eahk-minski-xmbi-hamanaxagahneri-haytararoutyoune

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտնի հայտարարությունը մանրակրկիտ քննարկման թեմա է դարձել Հայաստանի քաղաքագիտական տարբեր հարթակներում։ Կան կարծիքներ, որ դրա մեջ ոչ մի նոր բան չկա, ուրիշներն էլ պնդում են, որ սա հետնահանջ է ապրիլյան պատերազմից հետո Սանկտ Պետերբուրգում և Վիենայում ձեռք բերված համաձայնություններից։

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի հայտարարության մեջ, մասնավորապես, շեշտվում է, «.....արդար և տևական կարգավորումը պետք է ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների ղեկավարների կողմից, ներառյալ. Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը՝ իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքը իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն»։

Համանախագահների այս հայտարարությանը հետևեց Ադրբեջանի նախագահի անդրադարձը՝ «Ադրբեջանական կողմը դրական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, նաև նրանց տեսակետները, որոնք վերաբերում են բանակցությունների ձևաչափի փոփոխման անհնարինությանը»: Հիշեցնենք, որ հայկական կողմը, հանձինս ԱԳՆ մամուլի խոսնակի, փաստորեն, չէր ողջունել այս հայտարարությունը։

Իրադարձություններին կողքից հետևողին կթվա, թե իրականում ոչինչ չի փոխվել և, ընդամենը, հայկական կողմը չի աջակցել համանախագահների հայտարարությանը։ Սակայն ցանկանում եմ հիշեցնել, որ 1996թ․ ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ոչ հայանպաստ որոշման նկատմամբ վետոյի կիրառումից հետո, հայկական կողմը կարողացել էր այնպիսի քաղաքականություն վարել, որի արդյունքում Ադրբեջանն էր ամեն անգամ դժգոհում ու փաստացի մերժում միջնորդների առաջարկները։

Կարելի է ասել՝ այդ իրադարձություններից 23 տարի անց ԵԱՀԿ Մինսկի խումբը ընդունում է հայտարարությունը, որի մասին Ալիևը ասում է, որ այն ընդունելի է իր համար։ Իրադարձություների նման, կարելի է որակել ոչ հայանպաստ փոփոխությունը, հետևանք է ՀՀ նոր կառավարության, Արցախի հարցում ոչ կարգավորված, իրարամերժ, իսկ երբեմն նաև հակասական քաղաքականության, ինչի արդյունքում պաշտոնական Երևանը կորցնում է նախաձեռնությունը և, փաստացի, մնում մեկուսացման մեջ՝ իր դեմ ունենալով ոչ միայն Բաքվին, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիան։ Արդյո՞ք, այս ամենը դաս կհանդիսանա նոր կառավարության և նրա վարչապետի համար, թ՞ե մենք շարունակելու ենք տեսնել ոչ հասուն, երբեմն էլ վտանգավոր քաղաքականություն Արցախյան հարցում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ