Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Ինչպե՞ս ազատվել թութքից. Բուժման ժամանակակից մեթոդները Էրեբունի ԲԿ-ում

am
incpes-azatvel-toutqic-boujman-jamanakakic-metodnere-erebouni-bk-oum

Թութքը (հեմորոյ)  կոլոպրոկտոլոգիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռը պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ կազմում է 40 %: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան ու կատարելագործվեն թութքի բուժման եղանակները, ստեղծվեն վիրահատական նոր մեթոդներ: Ինչպե՞ս է բուժվում թութքը և դրա ժամանակակից բուժման ի՞նչ մեթոդներ են ներդվել հայկական բժշկությունում պարզաբանում է  «Էրեբունի» բկ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Շահնազարյանը Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականի հետ զրույցում։

 

- Որո՞նք են թութքի առաջացման պատճառները։

 

- Թութքի առաջացման պատճառները բազմաթիվ են, բայց առաջին ու հիմնական պատճառը քրոնիկական փորկապությունն է, դժվարացած կղման ժամանակ գործադրվող ճիգերը, զուգարանակոնքին երկար  նստելը, նաև ծանրություն բարձրացնելը: Պրոկտոլոգիական հիվանդությունները հիմնականում առաջանում են աշխատունակ տարիքում՝ 20-60 տարեկանների շրջանում: Թութքը առավելապես լինում է տղամարդկանց շրջանում՝ պայմանավորված ծանր ու անկանոն սննդակարգով, ոգելից խմիչքի օգտագործումով, նստակյաց կյանքով, ծանրություն բարձրացնելով, փորկապությամբ: Կանայք այս հիվանդությունը ձեռք են բերում հիմնականում ծննդաբերություններից հետո:

-Իսկ ինչպիսի՞ն է դիմելիությունը։ Սա այն հիվանդությունն է, որի մասին մարդիկ չեն սիրում բարձրաձայնել, անգամ բժշկի ամաչում են դիմել։ Սա ինչպե՞ս է անդրադառնում հիվանդության ընթացքի և բուժման վրա։

-Այսօր ամբողջ աշխարհում թութքի վիրահատական բուժումը կազմում է 30%: Իսկ մնացած 70 % դեպքերում թութքի բուժումն իրականացվում է մինիմալ ինվազիվ մեթոդներով, որովհետև մարդիկ վաղ են դիմում, հենց առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես։  Այնինչ Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն է. այս հիվանդությունն ունեցող պացիենտների 70-80 %-ը մեզ մոտ բուժվում է վիրահատական մեթոդներով, որովհետև մարդիկ դիմում են, երբ խնդիրն արդեն շատ խորացած է: Ուշ դիմելու պատճառները մի քանիսն են՝ մարդիկ լուրջ չեն վերաբերում առողջական խնդիրներին, քանի դեռ դրանք չեն սկսում շատ լուրջ անհանգստացնել, ֆինանսական դժվարություններն էլ երբեմն խանգարում են, թութքի պարագայում գումարվում է նաև ամաչելու գործոնը:

Բայց մարդիկ պետք է հասկանան, որ վաղ դիմելով նրանք շատ ավելի են խնայում իրենց ժամանակը ու ռեսուրսները, ու կարող են ավելի արագ ու հեշտ վերագտնել առողջությունը:Որովհետև կոնկրետ մեր բաժանմունքում այսօր իրականացվում են թութքի բուժման մինինալ ինվազիվ այնպիսի միջամտություններ, որոնք անգամ հոսպիտալացում չեն պահանջում ու հետվիրահատական ռեաբիլիտացիան շատ կարճ է տևում:

- Խնդրում եմ մանրամասնել՝ ինչպիսի՞ միջամտությունների մասին է խոսքը։ 

- Թութքը զարգանում է 4 փուլովԹութքի առաջացման վաղ, սկզբնավորման փուլում հնարավոր է դեղորայքային բուժում կիրառել: Իսկ առաջին փուլի ուշ և բոլոր մյուս փուլերում թութքի բուժումը պահանջում է վիրահատական միջամտություն: Թութքի զարգացման առաջին և երկրորդ փուլերում մենք կիրառում ենք հեմորոիդալ հանգույցների լիգավորում լատեքսային օղակներով: Բուժման այս մեթոդն ունի արդյունավետության 80-85 % գործակից, որը ժամանակակից բժշկությունում բավական բարձր ցուցանիշ է համարվում:  Այն հեմորոդիալ հանգույցներից ազատվելու ամենապարզ ու անցավ  մեթոդն է՝ հիվանդության կրկնության ամենաքիչ հավանականությամբ: Լիգավորումը կատարվում է ամբուլատոր պայմաններում, տևում է 10-15 րոպե, առանց ընդհանուր կամ տեղային անզգայացման: Լատեքսային փոքր դիամետրով էլաստիկ օղակներն անցկացվում են հեմորոիդալ հանգույցի արմատներին։ Այդպես փակվում են հանգույցի սնուցման ուղիները, որի արդյունքում տեղի է ունենում հանգույցի մեռուկացում: Գործողությունն ամեն անգամ իրականացվում է մեկ հանգույցի վրա՝ շաբաթը մեկ: Քանի որ կա երեք հեմորոդիալ հանգույց, բժշկին պետք է այցելել 3 անգամ, յուրաքանչյուր շաբաթը մեկ: Լատեքսային օղակի տեղադրումից  հետո 7-8 օրվա ընթացքում հեմորոդիալ հանգույցն ընկնում է: Այսինքն՝ պացիենտը բուժման ընթացքում ընդամենը 3 անգամ 10-15 րոպեով պիտի այցելի իր բժշկին, առանց կտրվելու իր աշխատանքային առօրյայից ու կենսակերպից: Այս մեթոդը իր առավելությունների շնորհիվ ցուցվում է նաև քրոնիկ, ծանր սոմատիկ տարբեր հիվանդություններ, սիրտանոթային խնդիրներ ունեցող անձանց:

-Իսկ եթե պացիենտն ավելի ուշ է դիմել, ասենք երրորդ փուլում, ուրեմն պետք է բաց վիրահատական միջամտությա՞ն ենթարկվի։

 

-Ո՛չ, բաց վիրահատական միջամտության դիմում ենք միայն 4-րդ՝ վերջին փուլում։ Երրորդ փուլում, ի դեպ միայն Էրեբունի բժշկական կենտրոնի Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում, իրականցնում ենք հեմորոդիալ հանգույցների տրանսանալ դեարտերիզացիա (THD)։ Այս մեթոդը կատարման տեխնիկայով հավասարազոր է էնդոսկոպիկ վիրահատական մեթոդներին և համարվում է թութքի վիրահատական բուժման  ամենաանցավ մեթոդը: Ուղնուղեղային (սպինալ) անզգայացումից հետո դոպլեր հստկողությամբ հատուկ սարքով՝ անասկոպով գտնում ենք ու ուղիղ աղիքում կապում հեմորոդիալ հանգույցները սնուցող զարկերակները: Վիրահատությունը տևում է 35-40 րոպե: Սա սկզբունքորեն թութքի բուժում է մեկ օրում: Պացիենտը մեկ օրից գնում է տուն ու բավականին արագ վերադառնում է իր առօրյա կյանքին: THD-ի ժամանակ գործածվող գործիքները միանգամյա օգտագործման են, ինչը բացառում է վերքերի ինֆեկցման հնարավորությունը: Այս մեթոդը ես սկսեցի կիրառել 2010 թ. Իտալիայում վերապատրաստվելուց և համապատասխան հավաստագիր ստանալուց հետո, ու այս ընթացքում այս մեթոդով արդեն իրականացրել եմ շուրջ 440 տրանսանալ դեարտերիզացիա շատ լավ արդյունքով: Այս վիրահատության առավելությունները բաց վիրահատության համեմատ շատ ենհետվիրահատական վերականգնման ավելի կարճ ժամկետ, ցավերի փոքր տոկոս, հնարավոր բարդությունների շատ ցածր հավանականություն: Զարգացած երկրներում թութքի բուժման ժամանակ նախապատվությունը տրվում է հեմորոդիալ հանգույցների տրանսանալ դեարտերիզացիային (THD), որովհետև այն իր կատարման տեխնիկայով և հետվիրահատական շրջանի առավելություններով ամենաքիչ տրավմատիկ ու արդյունավետ տարբերակն է:

 

- Մենք խոսեցինք միայն թութքի մասին, որովհետև այն ամենատարածված պրոկտոլոգիական հիվանդությունն է, և Ձեր բաժանմունքն առանձնանում է թութքի բուժման իր մինինալ ինվազիվ վիրաբուժական մեթոդներով։ Բայց Ձեր ղեկավարած բաժանմունքը հաջողությամբ զբաղվում է այլ հիվանդությունների բուժմամբ ևս։

Ընդհանուր առմամբ կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների աճ նկատվու՞մ է։

 

- Այո՛, նկատվում է և՛ աճ, և երիտասարդացում։  Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունները բավականին տարածված են։ Ամենատարածվածներն են թութքն ու հետանցքի ճաքը: Ցավոք, վերջին շրջանում նկատվում է նաև հաստ և ուղիղ աղիների ուռուցքների հաճախության աճ և երիտասարդացում։ Ու պիտի նորի կրկնեմ, որ ցանկացած հիվանդության դեպքում ամենակարևորը այն է, որ մարդիկ վաղ դիմեն բժշկին, հենց առաջին ախտանշանների դեպքում։ Այդ դեպքում մեր բաժանմունքում ներդրված նորարարական մեթոդների ու տեխնոլոգիաների շնորհիվ մենք կկարողանանք մինինալ ինվազիվ միջամտություններով արդյունավետ բուժում կազմակերպել: 

 

 

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ