Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Ինչպե՞ս ու ի՞նչ հակադրի Հայաստանը ռուս-թուրքական մերձեցմանը

incpes-ou-inc-hakadri-hayastane-rous-tourqakan-mercecmane

Ռուսաստանը Թուրքիային գազ մատակարարող հիմնական երկիրն է՝ առաջ անցնելով Իրանից։ Թուրքիան էլ ռուսական գազ ներկրող երկրորդ երկիրն է՝ հետ մնալով Գերմանիայից։ Ռուսական գազի միջոցով Թուրքիան բավարարում է իր էներգաշուկայի հիմնական կարիքները, Ռուսաստանն էլ մեծացնում է Թուրքիա արտահանվող գազի ծավալները՝ դրանով իսկ որոշ չափով կոմպենսացնելով Ուկրաինային չմատակարարվող գազի ծավալները։ Ռուսաստանից Թուրքիա է արտահանվում տարեկան 29 մլրդ խմ բնական գազ։ Լուրջ ցուցանիշ, լուրջ շահեր, որոնք անխուսափելիորեն ծառայելու են երկու երկրների նաև քաղաքական շահերի մերձեցմանը։ 

Ինչ խոսք, Հայաստանի համար ռուս-թուրքական էներգետիկ գործակցության վերոնշյալ պատկերը ցանկալի չէ և ՀՀ պետական շահի համար ձեռնտու հեռանկար խոստանալ չի կարող։ Հիմա այդ անցանկալի պատկերն ու ոչ ձեռնտու հեռանկարը խորանալու և ամրապնդվելու նշաններ են ցույց տալիս։ Համալրվում են համագործակցության նոր լիցքով, որի անունն է «Թուրքական հոսք»։ 

Սև ծովի հատակով 910կմ անցնող այս գազատարի երկու խողովակաշարերից մեկով ծրագրվում է ռուսական գազը հասցնել թուրքական շուկա, իսկ մյուսով՝ տարանցել եվրոպական շուկա։ «Թուրքական հոսքի» յուրաքանչյուր խողովակաշարի տարեկան թողունակությունը պիտի լինի 15.75 մլրդ խմ: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնել է, որ մինչև տարեվերջ ռուսական գազը Անապա քաղաքից արդեն կհասնի Թուրքիայի Քըյըքյոյ ավան, որտեղից էլ բաշխիչ տերմինալի միջոցով կմատակարարվի տարբեր բնակավայրեր ու կապահովի ավելի քան 15 մլն տնային տնտեսության տարեկան գազի պահանջարկը։

Ներկայումս գազատարի շինարարական աշխատանքներն ընթանում են Թրակիայի՝ Սև ծովին ափամերձ գոտում և մոտենում ավարտական փուլին։ Նախատեսվում է, որ «Թուրքական հոսքը» տարեկան կմատակարարի 31.5 մլրդ խմ բնական գազ։  Այսպիսով մինչև տարեվերջ շոշափելի կլինեն «Թուրքական հոսքի» արդյունքները։ Ռուսաստանը կազատվի Եվրոպային գազ մատակարարելու հարցում Ուկրաինայից ունեցած տարանցիկ կախվածությունից, իսկ  Թուրքիան էլ կուժեղացնի իր տարանցիկ նշանակությունը և կունենա հավելյալ եկամուտներ։  Ռուսական գազի մատակարարումները Թուրքիայի համար կարևոր են նաև այն առումով, որ այդ գազատարները չեն ենթարկվում քուրդ զինյալների հարձակումներին։

Փաստորեն ռուս-թուրքական գործընկերությունն ամրապնդվում է ֆինանսատնտեսական բաղադրիչով։ Ի՞նչ է անում Հայաստանը, կամ ի՞նչ կարող է անել։ Ուղիղ միջամտություն ունենալը, իհարկե, պատրանքների ոլորտից է, բայց զուգահեռ գործընթացներ խթանելը միանգամայն իրական կարող է լինել Օրինակ թուրքական պետության տարանցիկ նշանակության աճին զուգահեռ Հայաստանը կարող է մտածել սեփական տարանցիկ նշանակությունը զարգացնելու մասին։ Մեկնարկի համար ամենաիրատեսականը կարող է լինել Իրանի հետ տարանցման համագործակցությունը զարգացնելը և իրանական գազը ՀՀ տարածքով Վրաստան հասցնելը։ Տեխնիկապես դա միանգամայն հնարավոր է։ Կա Իրան-Հայաստան գազամուղ, որի  հզորությունը տարեկան 2.3 մլրդ խմ է, բայց այն այսօր աշխատում է իր հզորության 15 տոկոսի չափով: Իրանական գազը Վրաստան հասցնելը եթե հաջողենք, ապա դա կարող է հող նախապատրաստել Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցման հեռանկարի համար։ 

Գանք Ռուսաստանին։ Այդ երկրի համար ՀՀ-ի ռեգիոնալ կարևորությունն էլ ավելի մեծացնելու համար պետք է օգտվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև Հայաստանը կամուրջ դարձնելու առկա հնարավորությունից։ Իրանի 80 միլիոնանոց շուկան ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկայի հետ կապելու առաքելությունը Հայաստանը կարող է վերցնել իր ուսերին՝ ելնելով իր ունեցած երկու հիմնական առավելությունից՝ Իրանի հետ ունեցած առանձնահատուկ բարեկամական հարաբերություններից և Իրանի հետ պետական սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկիրը լինելու փաստից։ 

Ու այսպես շարունակաբար ռուս-թուրքական մերձեցմանը պետք է պատասխանել Հայաստանի քաղաքական ու տնտեսական կշիռը ավելացնող նոր քայլերի որոնումով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ