Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Իրան-Ադրբեջան. ինչ-որ բան չի ստացվո՞ւմ

iran-adrbejan-inc-or-ban-ci-stacvoum

Իսլամական հեղափոխության 40-ամյակի առթիվ Ադրբեջանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել իրանցի պաշտոնակցին, բայց դիվանագիտական քաղցրախոսությունների տպավորությունը դեռ չթոթափած՝ Բաքվի մամուլն աննախադեպ կոշտ որակավորումներով մի ամբողջ շարք հրապարակումներ է արել, որոնց ընդհանուր իմաստն այն է, որ «իրանական մոլլապետությունը շահագրգռված է դաշտային Ղարաբաղի հայկական օկուպացիայով»:

Այդ եզրահանգման համար առիթ է հանդիսացել փետրվարի վերջերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք պաշտոնական այցի մասին տեղեկատվությունը: Ադրբեջանական կողմն, ամենայն հավանականությամբ, այնքան է անակնկալի եկել այդ տեղեկատվությունից, որ որոշել է շտապ կարգով Թեհրան գործուղել արտաքին գործերի նախարար Մամեդյարովին, սակայն ստացվել է այնպես, որ Իրանն Ադրբեջանի բանագնացին կընդունի արդեն Հայաստանի վարչապետի այցից հետո:

Տպավորություն է, որ Ադրբեջանում չափազանց ոգեւորված էին Փաշինյան-Ալիեւ, Մնացականյան-Մամեդյարով ուղղակի շփումներից եւ մեծագույն հույսեր էին փայփայում, որ հայկական կողմը կգնա աննախադեպ զիջումների: Հայաստանի վարչապետի այցը Բեռլին եւ ԼՂ կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները, ինչպես նաեւ տեղեկատվությունը, որ առաջիկայ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա ՌԴ արտգործնախարար Լավրովի մասնակցությամբ, երեւում է, ի դերեւ են հանում պաշտոնական Բաքվի չափազանց լավատեսական սպասումները:

Ադրբեջանում հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարելիք այցի օրակարգում անպայման տեղ են գտնելու տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր: Ալիեւյան վարչախմբի համար, եթե դատելու լինենք ադրբեջանական մամուլի հրապարակումների տոնայնությունից ելնելով, առանձնահատուկ գլուխկոտրուկի թեմա է, թե ի՞նչ համարձակությամբ է Հայաստանը խորացնում Իրանի հետ քաղաքական երկխոսությունը, եթե ավելի վաղ տարածաշրջան այցելած ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը Երեւանում ակնարկել էր Հայաստան-Իրան հարաբերությունների սառեցման՝ իր երկրի ցանկությունը:

Ադրբեջանական կողմում փորձում են հասկանալ, թե ինչու՞ Իրանը, տարբեր մակարդակներում հայտարարելով հանդերձ, որ ,,սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը,,՝ գործնական քաղաքականության հարթությունում հանդես է գալիս ստատուս-քվոն փոխելու ջանքերի դեմ: Ադրբեջանցի հեղինակներն այս առթիվ գերադասում են մերկապարանոց վերագրումներ անել պաշտոնական Թեհրանին՝ ներառյալ ,,չվերահսկվող սահմանային հատվածում մաքսանենգության,, մեղադրանքը, բայց դա ընդամենը ներքին սպառման նյութ է: Իրականում Բաքվում երկյուղ ունեն, որ Իրանը կարող է ֆորմալ մակարդակի բերել Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունները՝ այդ մասին չբարձրաձայնելով հանդերձ: Ունի՞ Բաքուն դիվանագիտական խողովակներով ստացած տեղեկատվություն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում շոշափելու է նաեւ Իրան-Արցախ ոչ պաշտոնական հարաբերությունների խնդիրը: Նման տեղեկատվություն, կարծես թե, չկա, բայց ադրբեջանական փորձագետները դատողություններ են անում այդ առթիվ հայկական քաղաքագիտական շրջանակների վերլուծությունների հիման վրա: Ըստ երեւույթին, Իրան-Ադրբեջան հարաբերություններում ինչ-որ բան, այնուամենայնիվ, չի ստացվում:

Բաքուն այդպես էլ չի կարողանում Թեհրանին համոզել, որ հակաիրանական քայլեր չի ձեռնարկում, չի օգտագործի այսպես կոչված ,,իրանական Ադրբեջանի,, գործոնը: Իր հերթին Լեռնային Ղարաբաղի հարցում որդեգրելով հավասարակշռված մոտեցում եւ պաշտպանելով խնդրի կարգավորման գործընթացում արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը բացառելու մոտեցումը, Թեհրանը Բաքվի մոտ կասկածներ է առաջացնում, որ Իրանն առկա ստատուս-քվոյի ջատագովն է: Ի՞նչ ընդհանուր հայտարար կուրվագծվի վարչապետ Փաշինյանի Թեհրան այցի արդյունքում: Դրան հաջորդելիք իրանա-ադրբեջանական խորհրդատվություններից ինչպիսի՞ հետեւություններ կծնվեն՝ պարզ կլինի արդեն եկող ամսվա ընթացքում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ