Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Իրան-Ադրբեջան. ճգնաժա՞մ է հասունանում

iran-adrbejan-jgnajam-e-hasounanoum

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ 29-ի կործանումը, հնարավոր է, տեղի է ունեցել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման հետևանքով: Այդ մասին «Թուրան» գործակալությանն ասել է զինվորական աղբյուրը, որի ինքնությունը չի բացահայտվում: Աղետը տեղի է ունեցել Ադրբեջանի հյուսիսում՝ Ռուսաստանի հետ սահմանից ընդամենը 70 կիլոմետր հեռավորության վրա այն ժամանակ, երբ Կասպից ծովում ռուսական նավատորմիղը զորավարժություններ էր անցկացնում՝ ՌԷՊ համակարգերի կիրառմամբ: Հաջորդ օրն Ադրբեջանի տարածքային ջրերում՝ Լենքորանի մոտ, աղետի է ենթարկվել իրանական բեռնանավ, որի անձնակազմը փրկվել է Ադրբեջանի ԱԻՆ փրկարարների կողմից և տեղափոխվել Բաքու: Իրանական բեռնանավի աղետի պատճառների մասին որևէ տեղեկություն չի տարածվել, ինչպես նաև հայտնի չէ՝ այն բեռնափոխադրում էր իրականացնում Իրանից Ադրբեջա՞ն, թե՞ այլ ուղղությամբ: Իրանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական բավական սերտ հարաբերություններ են ձևավորվել արդեն տասնամյակներ ի վեր: Այդուհանդերձ, վերլուծաբանական հանրությունը շարունակում է պնդել, որ եկող տարվա պետական բյուջեով ԱՄՆ կողմից Ադրբեջանին ցուցաբերվելիք ռազմական օժանդակության կտրուկ մեծացումը միայն մի բացատրություն ունի՝ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել իր տարածքը տրամադրել հակաիրանական գործողությունների համար: Պաշտոնական Բաքուն այդ ենթադրությունները հերքում է և վստահեցնում, որ չի միանա Իրանի դեմ որևէ ռազմական գործողության: Բայց մի բան է քարոզչությունը, բոլորովին այլ՝ իրականությունը: Ադրբեջանի տարածքը վերջին տարիներին փաստացի վերածվել է իսրայելական հետախուզության հենակայանի, որտեղից ուշի ուշով վերահսկվում է Իրանը: Մամուլում նույնիսկ տեղեկություն է տարածվել, որ Իրանի միջուկային ուսումնասիրությունների բնագավառի մասնագետների խորհրդավոր սպանությունը, որ տեղի է ունեցել երկու տարի առաջ, իսրայելական հատուկ ծառայություններն իրականացրել են Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ: Այս համապատկերին չափազանց ուշագրավ տեղեկություն է տարածել Ադրբեջանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը: Ըստ այդմ, հուլիսի 27-ի գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել իրանա-ադրբեջանական սահմանին: Միջադեպն արձանագրվել է Հորադիզ ուղեկալի տարածքում: Ադրբեջանական կողմը հայտնում է, որ սահմանապահ ուժերը հավաստանշել են մի խումբ անձանց, որոնք Իրանից փորձ են արել ներթափանցել Ադրբեջան: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ սահմանապահների զգուշացումներն ապարդյուն են անցել: Ավելին, սահմանախախտ խումբը կրակ է բացել, որի հետևանքով մեկ ադրբեջանցի զինծառայող ստացել է հրազենային վիրավորում: Խումբը բարեհաջող թաքնվել է իրանական տարածքում: Տեղում ադրբեջանցի սահմանապահները հայտնաբերել են շուրջ 5 կիլոգրամ թմրանյութ: Ընթացիկ տարում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իրանա-ադրբեջանական սահմանի այդ նույն հատվածում, որն, ի դեպ, չափազանց մոտ է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծին, զինված միջադեպ է տեղի ունենում ադրբեջանցի սահմանապահների և իրանցիների միջև: Համենայն դեպս, ադրբեջանական կողմը հենց այդպես է ներկայացնում իրավիճակը:

Արտառոց է, սակայն, որ խնդիրը չի քննարկվում կողմերի պատկան կառույցների կողմից, ինչը թույլ է տալիս կասկածել ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության իսկության վրա: Տպավորություն է, որ Ադրբեջանում փորձ է արվում Իրանի հետ սահմանային իրավիճակը ներկայացնել անկայուն, որպեսզի միջազգային տեղեկտվական ֆոն ձևավորվի Իրանի շուրջ՝ որպես իրավիճակը չվերահսկող երկրի: Հատկանշական է, որ մատնանշվում է Իրանի հետ սահմանի այն հատվածի անհուսալիությունը, որը հարում է ԼՂ հակամարտության գոտուն: Այսպիսով, կարծես, Ադրբեջանը նկատել է տալիս առաջին հերթին արցախա-իրանական սահմանի «անվերահսկելությունը»՝ դրանից բխող կանխածրագրումով հանդերձ: Ավելի պարզ ասած, Ադրբեջանը փորձում է հակաիրանական ուժերի ուշադրությունը կենտրոնացնել արցախա-իրանական սահմանի վրա:

Հատկանշական է, որ տվյալ հատվածում անկայունության մասին ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել այն բանից հետո, երբ մամուլում շրջանառվել է արաքսամերձ գոտում Հայաստան-Արցախ երրորդ ավտոմայրուղու կառուցման թեման: Ադրբեջանը դիվանագիտական և քարոզչական ոչ մի ջանք չի խնայում՝ Իրանից հակաքայլ կորզելու համար: Այլ կերպ ասած, Բաքվում Իրանին մղում են արաքսամերձ գոտում ենթակառուցվածքները զարգացնելու հայկական կողմի նպատակադրվածության դեմ պաշտոնական հայտարարության: Թեհրանից առայժմ որևէ արձագանք չկա: Դա նյարդայնացնում է Ադրբեջանին, որտեղ մշակվում են հակաքայլեր: Սահմանային լարվածության մասին տեղեկատվությունը դրա վկայությունն է: Բացառված չէ, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները մոտենան ճգնաժամային իրավիճակի: Տեղեկություն է տարածվել, որ Իրանը խստացրել է դեպի Նախիջևան երթևեկող ավտոբուսների անցաթողման ռեժիմը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ