Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Իրան-Ադրբեջան. նոր լարվածությու՞ն է սպասվում

iran-adrbejan-nor-larvacoutyoun-e-spasvoum

Bsshsn
Առաջիկա օրերին կկայանա Ռուսաստան-Իրան-Ադրբեջան բարձր մակարդակի հերթական հանդիպումը՝ ՌԴ նախագահի ամառային նստավայր Սոչիում: ԻԻՀ նախագահի մամուլի ծառայությունն արդեն անոնսավորել է Պուտին-Ռոհանի-Ալիեւ բանակցությունները: Հիմնական  թեման այսպես կոչված ,,հարավ-հյուսիս,, տրանսպորտային միջանցի գործարկումն է: Խոսքը վերաբերում է երկաթուղային միջանցքին, որը Պարսից ծոցը պիտի կապի Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքի նավահանգիստներին՝  անցնելով Ադրբեջանի տարածքով: Փորձագետների մեծ մասն այս նախագիծը համարում է զուտ քաղաքական, որը գեներացնում է Ադրբեջանը՝ նպատակ ունենալով հակակշռել Իրան-Հայաստան-Վրաստանի սեւծովյան նավահանգիստներ ծրագիրը: Տպպավորություն կա, որ Իրանը ոգեւորված չէ  ադրբեջանական  հավակնություններով, ուստի չի շտապում: Երկու տարի առաջ Ադրբեջանն ստիպված էր շահագրգռել իրանական կողմին՝ Ղազվին-Ռեշտ երկաթգծի համար տրամադրելով շուրջ կես միլիարդ դոլարի արտոնյալ վարկ: Այդուհանդերձ, դեռեւս անորոշ է մնում Պարսից ծոցի Բենդեր-Աբաս իրանական նավահանգստից մինչեւ ադրբեջանական Աստարա երկաթուղային հաղորդակցություն ունենալու հեռանկարը: Ի՞նչ կարձանագրի Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթաժողովը՝ մնում է սպասել այդ մասին պաշտոնական հայտարարություններին եւ փորձագիտական վերլուծություններին: Մինչ այդ, սակայն, արժե ուշադրություն դարձնել ադրբեջանական մամուլի մի շարք հրապարակումներին, որոնք շոշափում են Իրանի  հետ Կասպից ծովի տարածքային ջրերի հարցում ծայր առնող տարակարծությունների թեման: Բանն այն է, որ օրերս Իրանի վերջին միապետի որդին՝ Ռզա Փեհլեւին, որ մշտապես բնակվում է Միացյալ Նահանգներում, անսպասելի կոշտ քննադատություն է հնչեցրել պաշտոնական Թեհրանի հասցեին՝ ներկայացնելով Կասպից ծովի կարգավիճակի հարցում իրանական ազգային շահերն անտեսելու մեղադրանք: Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են գրում, հետեւել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական պարզաբանումը, ըստ որի՝ անցյալ տարի ղազախական Աքթաու քաղաքում ստորագրված՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը ,,չունի իրավաբանական պարտադիր ուժ,,: Ըստ այդ փաստաթղթի, Իրանին բաժին է ընկել Կասպից ծովի ջրային տարածքի տասնմեկ տոկոսը: Այն դեպքում, երբ խորհրդա-իրանական նախկին համաձայնությամբ Կասպից ծովը կիսված էր ԽՍՀՄ-ի եւ Իրանի միջեւ: ԻԻՀ արտգործնախարարության մեկնաբանությունը Բաքվում խուճապ է առաջացրել: Ադրբեջանական կողմում կարծում են, որ Իրանը կարող է դուրս գալ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրից եւ պահանջներ ներկայացնել Ադրբեջանին: Խոսքը վերաբերում է Կասպից ծովում նավթի եւ գազի պաշարների երկրաբանա-հետախուզական աշխատանքների հնրավոր ծավալմանն իրանական կողմից: Այդ խնդրի շուրջ իրանա-ադրբեջանական սուր վեճ ծագել է 2000-ական թվականների կեսերին, երբ իրանական ռազմաօդային ուժերն ստիպել էին, որ Ադրբեջանը դադարեցնի նավթի եւ գազի պաշարների հետախուզման աշխատանքները վիճելի համարվող ջրային տարածքում: Այդ հանքավայրերը մինչ այժմ հետախուզված չեն: Մամուլում տեղեկություններ են եղել, որ կողմերը քննարկում են Կասպից ծովում համատեղ երկրաբանա-հետախուզական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը: Բաքվում կասկածում են, որ Իրանը ներկայումս այլ հայտ է ներկայացնում: Ադրբեջանական կողմում նույնիսկ տպավորություն կա, որ ԻԻՀ իշխանությունները ,,գաղտնի կապ ունեն վերջին միապետի որդու հետ եւ իրենց հավակնությունները հնչեցնում են վերջինիս շուրթերով,,: Որքանո՞վ է հավանականության մոտ այդ տեսակետը՝ չափազանց դժվար է ասել: Փաստն այն է, որ Իրանի արտգործնախարարությունը Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը համարել է իրավականորեն ոչ պարտադիր: Իսկ դա նշանակում է, որ Իրանը կարող է դիմել գործնական քայլերի: Ադրբեջանը դրան հակազդելու գործիքակազմ, երեւում է, չունի եւ անցել է բացահայտ արկածախնդիր կեցվածքի: Մամուլի հրապարակումներից մեկում ուղղակի սպառնալիք կա, որ եթե Իրանը Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը համարում է իրավաբանորեն ոչ պարտադիր, ապա չեղարկվում է նաեւ այն սկզբունքը, որ Կասպից ծովում ոչ կասպյան երկրի ռազմածովային ուժեր չեն կարող տեղաբաշծվել: Ադրբեջանն այդպիսով հասկանալ է տալիս, որ իր ջրային տարածքը կարող է տրամադրել որեւէ այլ երկրի՝ ռազմածովային հենակայան ստեղծելու համար, որպեսզի զսպի Իրանին: Խոսքը ո՞ր երկրի մասին է՝ կարելի է միայն ենթադրել: Կասպից ավազանում էներգակիրների նկատմամբ հետաքրքրություններ ունեն թե Բրիտանիան, թե ԱՄՆ-ը: Բայց դա չափազանց մշուշոտ հեռանկար է Ադրբեջանի համար, որովհետեւ այդ դեպքում ծագում է Ռուսաստանի արձագանքի հարցը: Ռուսաստանը ոչ մի դեպքում չի համաձայնի, որ Կասպից ծովում հաստատվի բրիտանա-ամերիկյան զինված ներկայություն: Եւ թերեւս հենց դրանով է պայմանավորված, որ Ռուսաստանը Կասպից նավատորմիղի հենակայանն Աստրախանից տեղափոխում է հարավ՝ ընդհուպ մոտենալով Իրան-Ադրբեջան հավանական հակամարտության գոտուն: Անոնսավորված է, որ Սոչիում տեղի է ունենալու նաեւ Ռոհանի-Ալիեւ առանձին հանդիպում: Բացառված չէ, որ ծագած մտահոգությունները կքննարկվեն ամենաբարձր մակարդակով: Կգա՞ն կողմերը համաձայնության: Իրան-Ադրբեջան հարաբերություններում աճող լարվածությունն արդեն իսկ  փաստ է: Ի՞նչ է հետեւելու դրան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ