Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Իրան-ԱՄՆ. հերթական «հարվածների փոխանակում»՝ դեռևս վերբալ մակարդակով

iran-amn-hertakan-harvacneri-poxanakoum-deres-verbal-makardakov

Վերջին ամիսներին գրեթե չի լինում մի օր, որ Իրանն ու ԱՄՆ-ն, բռնցքամարտիկների լեզվով ասած, հերթական հարվածների փոխանակում չիրականացնեն:

Բացառություն չէր նաև հուլիսի 2-ը: Ժամեր առաջ Reuters գործակալությունն ի լուր աշխարհի տարածեց Իրանի Իսլամական Հանրապետության Բարձրագույն խորհրդակցական խորհրդի (պարլամենտի) նախագահ Ալի Լարիջանիի հայտարարությունը, որի հիմնական միտքն էր. «Իրանցիներն առավել միասնական ու կուռ են դառնում, երբ նրանց փորձում են վախեցնել»: Լարջինան ընդգծեց, որ քաղաքակիրթ ազգի հետ այդպիսի լեզվով չեն խոսում, և «պարոն Թրամփը դա պետք է լավ հասկանա»:

Այդ հայտարարությունը հնչեց ի պատասխան նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտած կարծիքի. «Կարծում եմ, Իրանը կրակի հետ է խաղում»: Այդպես նա հակադարձեց Իրանի կողմից ցածր հարստացված ուրանի պահուստների ծավալը գերազանցելու փաստին: Իր ոճին համաձայն՝ ԱՄՆ նախագահը խոստացավ շարունակել առավելագույն ճնշումներ գործադրել Իրանի վրա, մինչև նրա ղեկավարությունը չփոխի իր կողմից որդեգրած կուրսը:

Հետաքրքիր է, որ այդ մասին միջազգային հանրությանը տեղյակ է պահել հենց ինքը՝ պաշտոնական Թեհրանը՝ ի դեմս իր արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի, ով հատուկ շեշտել է, որ այդ քայլն իր պետության պատասխանն էր Վաշինգտոնին միջուկային գործարքից միակողմանի դուրս գալուց հետո:

Հիշեցնեմ, որ «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»՝ այսպես կոչված միջուկային գործարքը, կնքվել է 2015-ի հուլիսի 15-ին Իրանի և 6 միջնորդ պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի. Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի միջև: Գործարքի իմաստն այն էր, որ Իրանն իրավունք ունի խաղաղ միջուկային գործունեություն ծավալել այն պայմանով, որ միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի: Մեկ տարի առաջ՝ 2018-ի մայիսին, ԱՄՆ-ն միակողմանի դուրս եկավ գործարքից՝ պատճառաբանելով, թե մեր հարավային հարևանը խախտում է համաձայնագրի պայմանները:

Իսկ հուլիսի 1-ին Իրանի խորհրդարանի միջուկային հարցերով պատասխանատու Մոջթաբա Զոննուրը հայտարարեց, որ եթե Իրանն ամերիկացիների կողմից ագրեսիայի ենթարկվի, ապա նա պարզապես կոչնչացնի Իսրայել պետությունը: Այս լուրը տարածեց ռուսական РИА «Новости»-ն՝ հղում կատարելով իրանական Mehr գործակալությանը: Սա էլ ասվեց ի պատասխան ԱՄՆ նախագահի՝ իբրև թե Իրանի վրա հարձակում կատարելու և գործողությունից ընդամենը 10 րոպե առաջ այն չեղարկելու վերաբերյալ հայտարարությանը: Զոննուրը շատ կոշտ արտահայտվեց՝ պաշտոնական Վաշինգտոնի այս քայլն անվանելով «քաղաքական բլեֆ» և նշելով, որ տարածաշրջանում տեղակայված բոլոր 36 ԱՄՆ ռազմաբազաները վերահսկվում են Իրանի կողմից:

Իսկ գործարքին միացած մյուս 5 պետությունները, բացառությամբ Ռուսաստանի և, թերևս, Չինաստանի, բացի ընդհանուր հայտարարություններից, այլ քայլեր չեն ձեռնարկում:  Այս ամենը վկայում է, որ այս երկու պետությունների կոշտ և անհաշտ դիմակայությունը դեռ երկար է շարունակվելու, և տա Աստված, որ այն չվերաճի ռազմական գործողությունների:

Լրահոս

Նմանատիպ նորություններ