Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Իրան-ԱՄՆ. ճգնաժամից դուրս գալու փոխադարձ պատրաստակամությո՞ւն նոր սրացումների ֆոնին

iran-amn-jgnajamic-dours-galou-poxadarc-patrastakamoutyoun-nor-sracoumneri-fonin

Հայաստանյան ներքաղաքական բուռն և սրընթաց իրադարձություններն ինչ-որ չափով ստվերել են արտաքին քաղաքական զարգացումները, որոնք տեղի են ունենում մեր անմիջական դրկիցների մասնակցությամբ: Մասնավորապես, հերթական սրացումներն են նշմարվում Իրանի ու ԱՄՆ –ի՝ առանց այդ էլ ոչ բարվոք հարաբերություններում: Երբեմն այդ փոխհարաբերությունները հիշեցնում են հարվածների փոխանակում ծանր քաշային կարգերում ելույթ ունեցող բռնցքամարտիկների միջև, երբ որքան մոտենում է մարտի ավարտը, այնքան մարզիկները, մոռանալով շրջահայացության մասին,  ավելի ծանր հարվածներ են հասցնում միմյանց:

Դատեցեք ինքներդ: Վերջին մեկ ամսվա ընթացքում Վաշինգտոնի կողմից զգալիորեն կոշտացել են Իրանի տնտեսության կարևորագույն ճյուղերի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները: ԱՄՆ-ն չի էլ թաքցնում, որ սա յուրատեսակ դաստիարակչական միջոց է: РИА Новости գործակալության դիպուկ մեկնաբանությամբ ամերիկացիների նպատակն է «փոխել Իրանի վարքագիծը»: Այս առումով Թրամփի ադմինիստրացիան ոչ միայն տնտեսական պատժամիջոցների է դիմում, այլև պարբերաբար հարվածում է հատկապես Թեհրանի ամենազգայուն կետերին: Այսպես, օրեր առաջ ԱՄՆ-ն ահաբեկչական անվանեց Իրանում հսկայական ազդեցություն ունեցող Իրանական Հեղափոխության պահապանների կորպուսը:

Բնականաբար, Թեհրանի պատասխանը չուշացավ: Իրանն իր հերթին ահաբեկչական կազմակերպության պիտակ կպցրեց ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական Հրամանատարությունը՝ CENTCOM-ին, ձեռքի հետ էլ ԱՄՆ-ն հռչակեց «ահաբեկչությունը հովանավորող պետություն»:

Հիշեցնեմ, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց դեպի Իրանի ափերը ռմբակոծիչներով բեռնված «Աբրահամ Լինքոլն» ավիակիր ուղարկելու մտադրության մասին՝ չթաքցնելով, որ դա կլինի ամերիկացիների և նրանց դաշնակիցների «պարզ ազդակն ու նախազգուշացումը իրանական ռեժիմին»:   

Ստեղծված իրավիճակը բոլոր հատկանիշներով հիշեցնում է նախապատերազմականը: Միևնույն ժամանակ, երկու պետություններն էլ հայտարարում են, որ չեն ցանկանում բանը հասցնել պատերազմական գործողությունների: Նման հույս է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Իրանի առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը պատերազմելու մտադրություն չունի, սակայն շարունակելու է դիմադրել ԱՄՆ-ի բոլոր տեսակի պատժամիջոցներին:

Եվս մեկ հետաքրքիր փաստ: Ինչպես այսօր հաղորդեց ճապոնական Kyodo գործակալությունը, Իրանի նախագահ Հասան Ռուհանին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հունիսի 12-ին կայացած հանդիպմանը հայտարարել է, որ իր երկիրը «առաջիկայում մտադրություն չունի անմիջական երկխոսության մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, համենայնդեպս՝ դառնալ նման երկխոսության նախաձեռնող»: Միևնույն ժամանակ Ռուհանին խնդրել է Աբեին անձամբ ԱՄՆ նախագահին փոխանցել Թեհրանի պահանջը՝ վերացնել նավթի մատակարարման պատժամիջոցները:

Հիշեցնեմ նաև, որ հունիսի 10-ին Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Հայկո Մաասի հետ հանդիպման ժամանակ Ռուհանին կոչ էր արել Եվրոպային հակադարձել իր երկրի նկատմամբ ԱՄՆ կողմից իրականացվող «տնտեսական ահաբեկչությանը»: Հաշվի առնելով, որ հանդիպումից հետո Իրանի նախագահի պաշտոնական կայքէջը հրապարակեց Մաասի խոսքը, որում նա ասել է, որ «Նրանք, ովքեր ծանոթ են Իրանի պատմությանը, գիտեն, որ այդ երկիրը երբեք չի ենթարկվել արտաքին ճնշումների», կարելի է ենթադրել, որ Բեռլինի և Վաշինգթոնի հայացքները Իրանի նկատմամբ էականորեն տարբերվում են:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ