Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Իրանը «հանգցնում է հրդեհը»

irane-hangcnoum-e-hrdehe

Իրանական ԻՌՆԱ պետական լրատվական գործակալությունը տարածել է աննախադեպ տեղեկատվություն. առաջիկա ուսումնական տարուց Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի դպրոցներում կսկսվի թուրք-ադրբեջաներեն լեզվի ուսուցումը: Նման որոշում ստորագրել է Իրանի Իսլամական Հանրապետության կրթության նախարարը: Հիմք է ծառայել ԻԻՀ նախագահ Ռուհանիի՝ տարածաշրջանի բնակչությանը տված նախընտրական խոստումը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ թուրք-ադրբեջաներեն լեզվի ուսուցումը նախատեսվում է իրականացնել տարրական դպրոցի չորրորդ և միջնակարգի իններորդ դասարաններում՝ շաբաթական երկու, տարվա կտրվածքով՝ ընդամենը վաթսուն դասաժամ:

Իրանական Ադրբեջանում անցյալ դարի 40-ական թվականներից ի վեր թուրք-ադրբեջաներեն լեզվի պետական ուսուցման ծրագիր գործի է դրվում առաջին անգամ: Տեղաշրջանի բնակչության մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքի հարցը մշտապես արծարծվել է Իրանի դեմ քարոզչական նպատակներով: Այս իմաստով առավելապես աչքի է ընկնում Բաքվի գիտա-մտավորական և քաղաքական մի որոշակի շրջանակ, որը, բնականաբար ոչ առանց իշխանությունների իմացության և ջատագովության, տոգորված է այսպես կոչված «միասնական հայրենիքի վերակերտման» գաղափարով: Այդ քաղաքականությունն ավելի բացահայտ իրականացվում էր 1990-ականների սկզբին, երբ Բաքվում իշխում էր բացահայտ պանթուրքիզմ քարոզող ԱԺՃ-ն՝ Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ: 1993թ. հուլիսին պետական հեղաշրջման միջոցով տիրելով իշխանությանը՝ Հեյդար Ալիևը խստորեն սահմանափակեց Իրանի դեմ Բաքվից տարվող հակաքարոզչությունը: Դա հնարավորություն տվեց, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանն Իրանից որոշակի քաղաքական և նույնիսկ ռազմական օժանդակություն ստանա, բայց ամենակարևորը մարդասիրական օգնությունն էր: Իրանն արտոնեց տասնյակ հազարավոր ադրբեջանցիների անկանոն անցումն իր տարածք, որտեղ այդ մարդիկ գտան գթառատ վերաբերմունք: Այնուհետև Իրանն իր վրա վերցրեց ադրբեջանա-ղարաբաղյան զինված հակամարտության գոտուց Բաքվի իշխանությունների կողմից կանոնավորապես տարհանված ադրբեջանցի բնակչության կենսապահովման պատասխանատվությունը՝ նրանց համար կառուցելով վրանային ճամբարներ և հոգալով կեցության, բժշկական օգնության հետ կապված բոլոր հարցերը: Իրանի աջակցությունը փաստացի փրկեց Հեյդար Ալիևի իշխանությունը, քանի որ հակառակ պարագայում երկուերեք հարյուր հազար մարդ կարող էր թափվել Բաքու և սոցիալական խռովություն բարձրացնել, ինչն անկասկած կսասաներ նոր-նոր ամրապնդվող ալիևյան իշխանության հիմքերը:

Ինչո՞վ Բաքուն վարձահատույց եղավ: Ակնհայտ երախտամոռությամբ, քանի որ Բաքու-Ջեյհան նավթամուղի գործարկումից և առաջին մեկ միլիարդ դոլար շահույթն ստանալուց հետո Իլհամ Ալիևի իշխանությունը թարմացրեց «միասնական հայրենիքի վերակերտման»  թեման՝ մշտապես սպառնալով, որ Իրանի դեմ արևմտյան կոալիցիայի կողմից ռազմական գործողություններ սկսելու պարագայում «ոտքի կհանի իրանական Ադրբեջանի եղբայրական ժողովրդին»:

Երևում է, Թեհրանում ամենայն լրջությամբ են գնահատում Իրանի մասնատման վտանգը: Գաղտնիք չէ, որ արևմտյան և իսրայելական հատուկ ծառայությունները գործակալական մեծ ցանց են ստեղծել Բաքվում՝ ուղղված Իրանի դեմ: Այդ քայլերը քարոզչական իմաստով պաշտպանվում են արևմտյան, առանձնապես՝ ամերիկյան մամուլի կողմից: Հիմնական թեման իրանական Ադրբեջանի բնակչության էթնիկ ինքնության պահպանման խնդիրն է: Այդ կերպ փորձ է արվում իրանական Ադրբեջանում սադրել անջատողական շարժումներ: Նպատակը մեկն է՝ առավելագույն ճնշում գործադրել Իրանի իշխանությունների նկատմամբ: Մինչև վերջերս Իրանը հակադարձում էր ոչ միայն ոստիկանական և հատուկ ծառայությունների ուժերի ներգրավմամբ, այլև հիմնականում կրոնական միասնականության քարոզչությամբ:

Ինչպես հասկացվում է ԻՌՆԱ-ի տարածած հաղորդագրությունից, Թեհրանում կայացվել է սկզբունքային որոշում՝ թույլ չտալ Արևելյան Ադրբեջան նահանգի բնակչության շրջանում ազգայնականության որևէ դրսևորում: Կատարվում է Իրանի համար էական հեռանկար բացող քայլ՝ տեղաշրջանի բնակչությունն ստանում է մայրենի՝ թուրք-ադրբեջանական լեզվով սահմանափակ կրթություն ստանալու իրավունք: Իրանը փաստացի «հանգցնում է հրդեհը»՝ նախքան այն կարող էր բռնկվել: Իրանի քաղաքական օրակարգ է մտնում էթնիկ փոքրամասնությունների ինքնությունը պետականորեն երաշխավորելու և հովանավորելու խնդիրը: Դա Իրանի մասնատման ծրագիրը չեզոքացնելու ուղղությամբ մեծ ծրագրի առաջին դրսևորումներից մեկն է: Ինչպե՞ս կարձագանքի պաշտոնական Բաքուն Իրանի կառավարության այդ որոշմանը: Կկատարի՞ ընդառաջ քայլ: Դատելով ադրբեջանական մամուլի արձագանքներից՝ Բաքվում Իրանի կառավարության որոշմամբ այնքան էլ խանդավառված չեն: Չէ՞ որ դրանով փակվում է մշտական շահարկումների հնարավորությունը: Բայց Իրանի կառավարության որոշումը բացահայտ քննադատելու քաջություն Բաքվում չկա: Ամենայն հավանականությամբ, Բաքուն փորձելու է կրթական օժանդակության անվան տակ ազդեցություն տարածել իրանական Ադրբեջանի կրթական համակարգի վրա: Թեհրանը կգնա՞ համագործակցության, թե՞ խստորեն կպահպանի սեփական կրթական համակարգի ինքնատիպությունը: Ամենայն հավանականությամբ, գործելու է երկրորդ տարբերակը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ