Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Իրանի նախագահի այցը Հայաստան առաջին հերթին տնտեսական շարժառիթ ունի. Գոհար Իսկանդարյան

irani-naxagahi-ayce-hayastan-arajin-hertin-tntesakan-sarjarit-ouni-gohar-iskandaryan

Նախօրեին իրանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Փաշինյանը հրավիրել է Ռոհանիին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, որը կանցկացվի հոկտեմբերի 1–ին Երևանում։ Թե ինչ նշանակություն կունենա Իրանի նախագահի սպասվելիք այցը, ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը հարց ուղղեց իրանագետ Գոհար Իսկանդարյանին:

-Նախ նշեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հրավեր է ստացել մասնակցելու Հայաստանում տեղի ունենալիք ԵԱՏՄ գագաթաժողովին: Այս այցը երկուստեք կարևորվում է: Նախ, դա կարևոր է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև օրակարգում կան խնդիրներ, որոնք ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա են Իրանի Իսլամական Հանարապետության հետ, և սա բավական հարմար առիթ է, որի շրջանակում կունենանք քննարկումներ հատկապես առևտրաշրջանառության, համատեղ արտադրությունների, նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ծրագրերի վերաբերյալ:  Բայց նորից եմ ուզում հիշեցնել, որ այս այցը լինելու է միայն ու միայն ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում:

Ինչո՞ւ է սա կարևոր Իրանի համար: Մենք տեսնում ենք, որ Իրանի նկատմամբ ճնշումները բավական ուժեղացել են և փորձ է կատարվում նույնիսկ մեկուսացնել Իրանին: ԵԱՏՄ-ն լինելու է մի հարթակ, որտեղ Իրանը կփորձի ինտեգրվել մյուս երկրների հետ, որոնք համակարծիք չեն Միացյալ Նահանգների պատժամիջոցների հետ և կփորձի իր համար նոր շուկաներ բացահայտել:

Այս առումով, կարծում եմ, բավական արդյունավետ հանդիպումներ կլինեն և կբարձրացվեն այնպիսի հարցեր, որոնք առաջնահերթ կարիք ունեն լուծման: Առաջին հերթին խոսքը վերաբերում է տնտեսական համագործակցության ակտիվացմանը:  

-Հաշվի առնելով այն, որ Հայաստանը միշտ փորձում է բալանսավորել Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և մյուս պետությունների հետ հարաբերությունները, արդյոք այս այցը և հնարավոր պայմանավորվածությունները կարո՞ղ են խախտել այդ հավասարակշռությունը և մարտահրավերներ ստեղծել Հայաստանի համար՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:

-Միացյալ Նահանգներն Իրանի Իսլամական Հանարապետություն նկատմամբ իրականացնում է  պատժամիջոցներ, բայց դա չի նշանակում, որ բոլոր ոլորտներում են գործում այդ պատժամիջոցները:  Այսինքն, ոլորտներ կան, որտեղ հնարավոր է համագործակցել և համագործակցում են մի շարք երկրներ: Իրանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթաժողովին որևէ կերպ չի խոչընդոտում հայ-ամերիկյան հարաբերություններին: Մենք պետք է տարանջատենք որևէ երկրի հետ երկկողմ հարաբերությունները և մեր ազգային շահը: Իսկ մեր ազգային շահերի շրջանակում ենք կարող ենք համագործացել և՛ Իրանի Իսլամական Հանրապետության, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի հետ:  Այլ հարց է, որ կան կարմիր գծեր, և այդ կարմիր գծերը պարզապես չարժի անցնել, որովհետև դրա պատճառով կարող ենք պատժվել: Հայաստանի լավ գիտակցում է, որ կան այդ կարմիր գծերը, սակայն ԵԱՏՄ շրջանակում քննակումներն այդ կարմիր գծերի հետ որևէ կապ չունեն, սա տնտեսական ոլորտի համագործակցության դաշտ է լինելու:

Իհարկե, ԱՄՆ-ն ուշի ուշով կհետևի, թե ինչ քննարկումներ են անցկացվում և ինչ համաձայնությունների են գալիս, բայց որպես այդպիսին խնդիրներ ես այստեղ չեմ տեսնում:

-Հայաստանը տարիներ շարունակ խոսում է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացման, առևտրաշրջանառության մեծացման մասին, սակայն գործնականում արդյունքներն այդքան էլ ակնառու չեն: Արդյո՞ք ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանը կարող է նոր թափ հաղորդել տնտեսական հարաբերություններին հարևան պետության հետ:

-Նախ նշեմ, որ Ռոհանիի այցի ընթացքում խոսքը գնալու է ոչ թե հայ-իրանական տնտեսական համագործակցության ակտիվացման մասին, այլ Իրան-ԵԱՏՄ: Եթե մենք կարողանանք այս համագործակցության մեջ ակտիվություն մտցնել և ներգրավել Իրանին տարբեր ծրագրերի մեջ, շատ լավ կլինի, այսինքն մենք համատեղ կունենանք ծրագրեր և կկարողանանք առևտրաշրջանառությունը մեծացնել, որն էլ բնականաբար մեծացնելու է Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության մակարդակը:

Իսկ առաջիկայում կայկանալիք հանդիպումը լինելու է կոնկրետ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև, բայց, բնականաբար, յուրաքանչյուր ձեռքբերում բաշխվելու է նաև ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական շահերի վրա:

-Ըստ Ձեզ՝ այս այցի շրջանակում  հնարավո՞ր են պայմանավորվածություններ նաև քաղաքական հարթության մեջ:

-Որևէ բան բացառել չի կարելի, որովհետև լինում են ոչ պաշտոնական բանակցություններ, որոնց մասին բնականաբար չեն խոսում, բայց այդ ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ անդրադարձ է լինում օրակարգային տարբեր հարցերի: Ամեն դեպքում հոկտեմբերի 1-2-ին ավելին ակնհայտ կլինի, թե ինչ հարցերի շրջանակում են ընթանալու քննարկումները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ