Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հայաստանի ղեկավարը պետք է հասկանար՝ ինչ է կատարվում երկրի հարավային սահմաններում. Գոհար Իսկանդարյան

irani-vra-jnsoumnern-orecor-avelanoum-en--e-hayastani-xekavare-petq-e-haskanar-inc-e-katarvoum-erkri-haravayin-sahmanneroum-gohar-iskandaryan

Նախօրեին կառավարությունից հաղորդագրություն ստացվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Նշվում էր, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, և նշվել ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը: Կողմերը քննարկել են նաև Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ: 

Թեմայի առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը զրուցեց իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ:

-Որքանո՞վ է  արտառոց այս հեռախոսազրույցը՝ հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած մի քանի նշանակալի իրադարձությունները՝ Իրանից գազի գնման ծավալներն ավելացնելու մասին հայտարարություններ, ՀՀ արտգործնախարարի հանդիպումը Ջոն Բոլթոնի հետ, և, ինչու ոչ, երեկ հանրապետությունով մեկ տեղի ունեցած հոսանքազրկումը, որն, ըստ վարկածներից մեկի, կարող էր պայմանավորված լինել իրանական կողմում տեղի ունեցած խափանմամբ:

-Իրականում  շատ բնական և նորմալ եմ համարում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ, և որքան հաճախ լինեն այդ շփումները, լինեն դրանք հեռախոսազրույցների միջոցով, թե հանդիպումների, այնքան լավ երկու կողմերի համար էլ: Երբեմն-երբեմն պետք է կոորդինացնել քաղաքականությունը, հասկանալ՝ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում երկու երկրներում էլ, որպեսզի հնարավորինս քիչ լինեն խնդիրներն ու հարցերը:  

Նախօրեին հոսանքի անջատումների հետ կապված Հայաստանից տեղեկատվություն տարածվեց, որ Իրանում տեղի է ունեցել վթար և արդյունքում խնդիրներ են առաջացել՝ հաշվի առնելով Հայաստանի էլեկտրացանցերի մաշվածությունը: Մյուս ինֆրոմացիան այն էր, որ երբ հոսանքազրկվել էր Հայաստանի մի մասը, Վրաստանից ստացանք էլեկտրաէներգիայի որոշակի քանակ, որն ապահովեց Հայաստանի հյուսիսային հատվածները, և Իրանից ստացել հոսանք, որն ապահովեց մեր երկրի հարավային մասի էլեկտրամատակարարումը: Այսինքն, այստեղ արդեն հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս է Իրանում տեղի ունեցել վթար, եթե իրենք կարողացել են արագ տեմպերով մեզ աջակցել: Միգուցե դա տեխնիկապես հնարավո՞ր է, չգիտեմ: Դա մասնագետները կարող են ասել: Սակայն սրանք հարցեր են, որոնք օդում կախված են եղել, և շատ բնական է, որ երկու երկրների ղեկավարները խոսել և քննարկել են նաև այս հարցերը:

Հնարավոր է՝ այլ հարթության մեջ ևս քննարկումներ են գնացել: Ի վերջո մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ամեն օր ճնշումներն ավելի մեծանում են, և շատ բնական եմ համարում, որ Հայաստանի վարչապետը փորձի իր հարավային հարևան երկրի ղեկավարի հետ հասկանալ, թե ինչ գործընթացներ են իր սահմանի շրջակայքում, ինչ խնդիրներ կարող են առաջանալ կամ չեն կարող առաջանալ: Այսինքն, շատ բնական են այսպիսի քննարկումները, և որքան հաճախ լինեն հեռախոսազրույցները, հանդիպումները, դրանից երկու կողմերն էլ միայն կշահեն:

- Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանն առաջին անգամ Իրանի հետ սկսել է բանակցել ներքին սպառման գազ ստանալու համար՝ ապրանքափոխանակության բանաձևով: Արդյո՞ք այստեղ ևս զարգացումներ են ընթանում, որոնք պարզաբանման կարիք ունեն:

- Այո՛, առաջին անգամ խոսել են և համաձայնության են եկել գազի գնի մասով, սակայն գազի մատակարարման հետ կապված քննարկումներ նախկինում էլ են եղել: Այսինքն, կա պայմանավորվածություն, որ պետք է ավելի շատ գազ ստանանք և ավելի շատ էլեկտրաէներգիա փոխանցենք, իսկ մնացորդային հատվածները մնալու են Հայաստանի Հանրապետությանը՝ որպես եկամուտ: Բայց սրա իրականացման համար անհրաժեշտ է, որ կառուցվի երրորդ էլեկրահաղորդակցության գիծը: Առանց դրա մեր թողունակությունը չի բավարարի, որպեսզի մենք կարողանանք այդ չափի էլեկտրաէներգիա փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետությանը:

Երրորդ էլեկտրահաղորդման գիծն արդեն վաղուց պետք է կառուցված լիներ, բայց քանի որ Իրանն է կառուցում, իսկ նա էլ ֆինանսական խնդիրների մեջ է, գործընթացը մի փոքր դանդաղել է: Ինչպես հայտնի է, շահագործման ժամկետը հետաձգվել է մինչև 2020 թվականի դեկտեմբեր: Որքան արագ իրականացվի այս ծրագիրը, այնքան երկու կողմերն էլ ունենալու են շահույթներ:

-Օրերս ՀՀ արտգործնախարարը Վաշինգտոնում Ջոն Բոլթոնի հետ հանդիպում էր ունեցել, որը գնահատել էր արդյունավետ և գոհացուցիչ: Դրան հաջոդրած այս զարգացումները հաշվի առնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը Վաշինգտոնին կարողացել է հասկացնել Իրանի նշանակությունը մեզ համար:

-Դա մշտական գործընթաց է, ոչ թե մենք պետք է մի անգամ գնանք, բացատրենք Բոլթոնին ու հետ գանք, այլ պետք է դա մշտական բնույթ կրի: Մենք այլընտրանքներ շատ չունենք, և ԱՄՆ-ն չի կարող մեզանից պահանջել այն, ինչը չի կարողանում իրականացնել այլ երկրների նկատմամբ, օրինակ, չհամագործակցել պարսկական բանկերի հետ և այլն: Նույն «Մելլաթ» բանկը իր մասնաճյուղերն ունի Թուրքիայում և այլ երկրներում, բայց այնտեղ բանկերը չեն փակվել և այդպիսի ճնշումներն էլ ակնհայտորեն չեն աշխատում:

Միացյալ Նահանգներին պետք է միշտ հիշեցնել, որ մենք այլընտրանք չունենք. չորս հարևան ունենք, երկուսի հետ շրջափակված վիճակում ենք, մեկին էլ իրենք են ցանկանում փակել, Վրաստանում էլ խառը իրավիճակ է, ի՞նչ պետք է անի այս ժողովուրդը: ԱՄՆ-ին պետք է բացատրել, կոմպրոմիսային իրավիճակներ ստեղծել: Բնականաբար, չենք կարող ԱՄՆ-ի դեմ դուրս գալ և ասել՝ մեզ չեն հետաքրքրում քո պատժամիջոցները, որովետև դրանք կարող են մեզ վրա էլ տարածվել: Հետևաբար, մնում է շարունակել ամենօրյա աշխատանքը և գտնել այն հնարավոր ուղղությունները, որոնցով կարելի է համագործակցել Իրանի հետ և չփչացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:

Էներգետիկան այդ ոլորտներից է, որովհետև այն բարտերային բնույթ ունի մեր պարագայում. մենք գազը ստանում ենք և հոսանք ենք տալիս, ֆինանսական գործարքներ չկան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ