IRI խորհրդատվական թիմը կաջակցի ԿԳ նախարարությանը

am
iri-xorhrdatvakan-time-kajakci-kg-naxararoutyane

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ռազմավարական խորհրդատու Բարրի Ջեքսոնի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության համակարգում բարեփոխումների հիմնական ուղղություններին, կրթության կառավարման արդյունավետության բարձրացմանը և գերատեսչական կարողությունների հզորացմանն առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում կողմերը կարևորել են մասնավորապես հաղորդակցության ռազմավարության մշակումը` շեշտը դնելով կրթության բոլոր մակարդակներում մեկնարկած բարեփոխումների գործընթացում հանրային ընկալումների աջակցության դերակատարման բարձրացման վրա:

Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է ներկայումս ընթացող բարեփոխումների ծրագրերը` հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության բնագավառներում: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հանրակրթության ոլորտում առաջնային է համարվում կրթական նոր չափորոշիչների ու առարկայական ծրագրերի մշակումը, միջին մասնագիտական կրթության բնագավառում` դուալ կրթության համակարգի ներդրումն ու աշխատաշուկայի հետ ՄԿՈՒ հաստատությունների կապերի ամրապնդումը: Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները, ինչպես նշել է Ա. Անափիոսյանը, մեծապես պայմանավորված են լինելու բուհերում հետազոտական բաղադրիչի ավելացմամբ, որին կնպաստեն «Բարձրագույն կրթության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի ընդունումը:

Ոչ ֆորմալ կրթության զարգացումը ևս կարևոր ուղղություն է. այս ասպարեզում հաջողություններ է արձանագրել «Թումո» ստեղծարար կենտրոնը: Մասնավորապես, նախարարի տեղակալի տեղեկացմամբ` Եվրոպական միության և «Թումո» կենտրոնի միջև օրերս կնքված դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեկնարկել է ինժեներական ևկիրառական գիտությունների նոր համալիրի կառուցումը: Նոր համալիրն իր մեջ կներառի STEM /մաթեմատիկա, ճարտարագիտություն և բնագիտական առարկաներ/ հետազոտությունների և ՏՏլաբորատորիաներ, ինչպես նաև այլ կարևոր ենթակառուցվածքներ: Դրանք հնարավորություն կտան բուհերում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ձեռք բերել կիրառականհմտություններ:

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) խորհրդատվական թիմը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարությանը` հաղորդակցության ռազմավարություն մշակելու հարցում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ