Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Իսկ Ալիեւի մոտ ոչինչ չի ստացվում

isk-alieui-mot-ocinc-ci-stacvoum

Վաղը՝ դեկտեմբերի 5-ին, Միլանում, ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ամենամյա խորհրդաժողովի շրջանակներում, տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը:

Մինչեւ տարեվերջ այդ ձեւաչափով հանդիպման հավանականության մասին ասված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ անցյալ ամիս տարածաշրջան կատարած այցի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ: Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել է տեղեկատվությունը եւ հավելել, որ Մնացականյան-Մամեդյարով բանակցությունները կկայանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հանդիպմանը ներկա կգտնվի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Վերջինս մինչ այդ առանձին այցելությամբ եղել է Արցախում, հանդիպել ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը հաջորդում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի արտասահմանյան ուղեւորությանը, որի ընթացքում նա այցելել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահ երկրներ՝ Ֆրանսիա, ԱՄՆ եւ Ռուսաստանի Դաշնություն: Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի երեք հայտարարություն է տարածել եւ ստացել ստանդարտ պատասխան: Իսկ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Զախարովան ուղղակի շոկի է ենթարկել պաշտոնական Բաքվին՝ հայտարարելով, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մոսկովյան այցը չի հակասում Ռուսաստանի ներքին օրենսդրությանը եւ ՌԴ՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկրի ստանձնած պարտավորություններին:

Այս տեսակետից բավական ուշագրավ մեկնաբանություն է արել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը: Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների տեսակետը Բակո Սահակյանի այցելությունների վերաբերյալ լիովին համապատասխանում է իրականությանը, քանի որ Ադրբեջանի ներքին օրենսդրությամբ եւ իրավական ընթացակարգերով ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը «չի մեղադրվում հանցավորության մեջ»:

Զուլֆուգարովի գնահատմամբ՝ միջազգային հանրությունն Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ղեկավարության հետ շփումների սահմանափակում է մտցրել, քանի որ Վրաստանում ընդունվել է «Օկուպացիայի մասին» օրենք, իսկ այդ մարդկանց նկատմամբ հարուցված են համապատասխան քրեական գործեր, հայտարարված է միջազգային հետախուզում: Զուլֆուգարովը տարակուսում է, որ անցած քառորդդարյա ժամանակաշրջանում Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն գնացել համանման քայլերի, այլեւ հետեւողականորեն բռնաճնշման են ենթարկում այն պատգամավորներին, քաղաքական գործիչներին եւ ընդդիմադիր կուսակցություններին, որոնք համարձակվում են երբեմն-երբեմն բարձրացնել այդ հարցը:

Նախկին արտգործնախարարն, այսպիսով, բացահայտում է ներադրբեջանական բանավեճը, ինչից պարզորոշ հասկացվում է, որ Արցախի ղեկավարությանը՝ միջազգային շփումներից մեկուսացնելու հարցում, Ալիեւի մոտ ոչինչ չի ստացվում: Ադրբեջանի իշխանությունը չի համարձակվում ներքին քննարկման դնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Դա ապացուցում է այդ իշխանության թուլությունը, որովհետեւ քաղաքական եւ հանրային քննարկում նախաձեռնելու դեպքում Ալիեւի վարչախումբն ստիպված է լինելու բացել բանակցային գործընթացի էությունը գոնե ընդհանուր գծերով: Այդ դեպքում դիսկուրսի առարկա են դառնալու այնպիսի հարցեր, որոնց պատասխանն Ադրբեջանի գործող իշխանությունը չունի: Ավելի ճիշտ՝ չի ուզում ներկայացնել լայն հանրությանը, քանի որ այդ դեպքում ակնհայտ է դառնալու, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ցանկացած տարբերակ Ադրբեջանի պարտությունն է: Իսկ իշխանությունները տասնամյակներ ի վեր հանրությանը հակառակն են ներշնչում:

Նման իրավիճակում ի՞նչ կարելի է սպասել Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից: Մանավանդ որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է, որ ԼՂ կարգավորման բանակցությունների վերաբերյալ քաղաքական եւ հանրային շրջանակների տեղեկացվածությունը պետք է ընդլայնվի: Նման դիսկուրսի՝ Ադրբեջանը պատրաստ չէ: Պաշտոնական Բաքուն գերադասում է մանր ինտրիգների քաղաքականությունը, որը բացահայտվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով իրավիճակի առթիվ, երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը Ղազախստանի եւ Բելառուսի միջոցով խնդիր է դրել Հայաստանի անվտանգային միջավայրի հնարավորինս բարդացնելը՝ դրանից ածանցվելիք հետեւանքներով հանդերձ: Բայց արդեն կարելի է ասել, որ Ալիեւի այդ ինտրիգը չի տալիս սպասված արդյունքները: ՀԱՊԿ-ում իրավիճակը կարգավորվում է բոլորովին այլ ընթացքով, եւ Հայաստանն այդ ռազմաքաղաքական կազմակերպության ներսում ամրապնդում է իր՝ որպես իրավահավասար գործընկերոջ, դիրքերը:

Ադրբեջանում, ըստ մամուլի հրապարակումների ենթատեքստային ակնարկների, հույսեր են փայփայում, որ գործընթացին կարող է միջամտել ԱՄՆ-ը: Բայց դա չափազանց անորոշ հեռանկար է: Ալիեւը կամ ստիպված կլինի շարունակել շփման գծում վստահության ամրապնդման քայլերը՝ ճանապարհ հարթելով լիարժեք բանակցություններ սկսելու համար, կամ կվերադառնա նախկին՝ ռազմական շանտաժի քաղաքականությանը: Ո՞ր տարբերակը նա կընտրի, պարզ կդառնա արդեն եկող տարեսկզբին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ