Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Իսլամացված հայեր. Թուրքիայի նիրհող հրաբուխը

islamacvac-hayer-tourqiayi-nirhox-hrabouxe

Մի քանի ամիս առաջ նկարահանումներ էին կատարվում Դիարբեքիր նահանգի Էղիլ շրջանի իսլամացված հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի համար։ Մի քանի օրից տեղի կունենա այդ ֆիլմի ստամբուլյան շնորհանդեսը։ «Թաքցված խաչ» կոչվող ֆիլմի հեղինակները փորձել են ցույց տալ բռնի ուժով դավանափոխված հայերի ինքնության ճգնաժամը, հետցեղասպանական իրողությունները և հոգեկան վերքերը, որոնք փոխանցվում են արդեն երեք սերունդ։ Ֆիլմի ստեղծման ընթացքում կազմակերպիչները հանդիպել և խոսել են մուսուլմանացված հայերի առաջին սերունդը համարվող 75-ից բարձր տարիքային խմբի մարդկանց հետ։ Նրանցից լսել ու գրի են առել անցյալի սոսկալի պատմությունները։

 

«Հայտնի է, որ Թուրքիայում կան հազարավոր մուսուլմանացված հայերի ընտանիքներ: Այս ինքնությունով ապրող մարդիկ ոչ կարողանում են հաշտվել ամբողջապես ձուլվելու հետևանքով իրենց ներսում ապրող նոր ինքնության հետ, ոչ էլ կարողանում են վերադառնալ իրենց նախկին հայկական ինքնությանը»,- արձանագրել են ֆիլմի հեղինակներն իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքում։

 

Առհասարակ Թուրքիայում իսլամացված հայերի անցյալի ու ներկայի հարցը շարունակում է մնալ սակավ ուսումնասիրված և խորքային հետազոտությունների կարոտ թեմա։ Ստուգված ու հաստատված փաստերի բացակայության պատճառով է, որ դավանափոխ հայերի թիվը մերթ ներկայացվում է հարյուր հազարաներով, մերթ՝ միլիոններով։ Տուրք չտալով ծայրահեղությանը և չափազանցությանը՝ միանգամայն ողջամիտ ենք համարում ընդունել առնվազն տասնյակ հազարավոր  իսլամացված հայկական ընտանիքների առկայությունը ներկայիս Թուրքիայի բնակչության կազմում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ այդ թիվը չի կարող ավելին լինել, պարզապես ելակետային ենք համարում նվազագույն ցուցանիշը։ Դավանափոխ եղած հայերի մի մասը ուծացման քաղաքականության հետևանքով մնացել է անտեղյակ իր արմատներից ու էթնիկ ծագումից։ Բայց մյուս մասն էլ  փորձում է հետ բերել կորցրած ինքնությունը: Թուրքիայում բնակվող հայ քրիստոնյաներն ունեն ինստիտուցիոնալ մարմիններ, որոնք նրանց համար հնարավորինս ստեղծում են հայեցի ապրելու և մտածելու որոշակի պայմաններ, մինչդեռ Թուրքիայի ոչ քրիստոնյա հայերը, ըստ էության, զուրկ են հայկականությունն ապահովող նման հնարավորություններից և ունեն միայն կորցրած անցյալ։

 

Ահա թե ինչու է իսլամացված հայերի մասին ֆիլմի ստեղծումը կարևոր խթան դառնում մոռացության խորշերից այդ թեման դուրս բերելու և լույսի ներքո դնելու համար։ Հայկական ինքնության լուսաբանումը որևէ տեսքով՝ լինի դա կինեմատոգրաֆի, թե գրատպության միջոցով, միայն ու միայն անհրաժեշտություն է։ Ֆիլմի ստեղծումն, իհարկե, չէր կարող անցնել անաղմուկ ու անխաթար։ Հայատյաց շրջանակները, որոնք իրենց հռչակել են ազգայնականներ, իսկույն ատելության խոսքով թիրախավորեցին ֆիլմի հեղինակներին ու մասնավորապես ռեժիսոր Ալթան Սանջարին՝ անվանելով նրան «դավաճան»։ Սանջարը թեև դատի տվեց նրանց, բայց բայց դատարանը չբավարարեց հայցը։

 

Այժմ սպսասվում է ֆիլմի ստամբուլյան ցուցադրությունը, որը եթե չտապալվի ազգայնամոլական շրջանակների կողմից, կարելի է գոհացած շունչ քաշել։ Թուրքիայում հայկական ինքնության, էթնիկ պատկանելության շուրջ համախմբման կազմակերպումը պետք է լինի ազգային օրակարգի ռազմավարական կետերից մեկը։ Ընդհանրապես մահմեդականացված հայերի առկայության փաստը նման է նիրհող հրաբխի, որը հարկավոր է արթնացնել ամենատարբեր եղանականերով։ Դիարբեքիրում, Դերսիմում, Տրապիզոնում կամ մնացյալ վայրերում իսլամացված հայերի հատվածական օջախների ակտիվացումը կարելի է և պետք է, քանի որ կնպաստի հայկական ներուժի մեծացմանը և զգալի կշիռ կհաղորդի հայկական գործոնին։ Սա պետք է լինի Անկարայի մտավախությունը և հայության մտազբաղությունը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ