Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ժողովուրդը սթափվել է և լուրջ կերպով ուսման հետևիցն է գնում, որ միակ փրկությունն է մեր. Կոմիտասի նամակը Արշակ Չոպանյանին

am es
joxovourde-stapvel-e-e-lourj-kerpov-ousman-heteicn-e-gnoum--or-miak-prkoutyounn-e-mer-komitasi-namake-arsak-copanyanin

Կոմիտաս Վարդապետի նամակը Արշակ Չոպանյանին
1908, 5 հուլիսի, Էջմիածին



«Սիրելի՛ Արշակ,

Վաղուց է քեզ նամակ չեմ գրել: Այս տարին վերջացաւ: Ես գոհ եմ ինձանից. այս տարի տուել եմ հինգ համերգ եւ դասախօսել եմ վեց անգամ: Պատրաստել եմ եւ սկսել Հայ գեղջուկ քնարի միաձայն հրատարակութեան տասնեակներով դպրոցների եւ առօրեայ գործածութեան համար: Պատրաստել եմ դաշնակի համար բաւական երգ: Խազերի ուսումնասիրութիւնն առաջ տարել եւ աշակերտներիս պատրաստել: Անդրանիկ աշակերտս՝ Ստեփան սարկաւագն արդէն աւարտեց Բերլինում եւ Օգոստոսին կը գայ Ս. Էջմիածին:


Այս տարի ամառանոց գնալ չեմ կարող. արտագրելու բաներ շատ ունեմ: Բայց պէտք է ասեմ, որ եղանակները զով են այստեղ էլ:
Քո չը գալդ մեզ շատ տխրեցրեց. ես եւ ընկերներս անհամբեր սպասում էինք գալուդ. դու անշնորք ես, ուզենայիր, կարող էիր գալ. այնպէս ես սովորել Փարիզին, որ չես կարողանում բաժանուել: Գիտես թէ քեզ համար որքան արդիւնաւետ կարող էր լինել գալդ. իզուր չեկար: Ինչ եւ իցէ, ինչպէս տեսնում եմ, ես աւելի շուտով Փարիզ կը գամ, քան դու այստեղ, եւ քեզ քաշ տալով կը բերենք այստեղ, որ բուն ժողովրդին իր բնիկ երկրում ճանաչես:


Այժմ հանգամանքները լաւանում են, ժողովուրդը սթափուել է եւ լուրջ կերպով ուսման հետեւիցն է գնում, որ միակ փրկութիւնն է մեր եւ ապագայ կեանքի պատուանդանը:


Երեւի ամառանոց գնացած կը լինես. մեր բարեկամներին, Գեւօին եւ միւսներին անշուշտ կը տեսնես եւ շատ կը բարեւես: 
Նոյնպէս սիրալիր բարեւներս յղէ, երբ տեսնես մեր Շահմուրադին, Կէվրէքներին, եւ մանաւանդ Յովակիմեաններին եւ մեր սեղանակիցներին, առանձնապէս Երուանդ Մանուէլեանին եւ քեզ:
Այսօր Մելիքեանին էլ մի նամակ գրեցի:

Շատ սիրալիր բարեւներս
Համբոյրիւ քոյդ Կոմիտաս»

 

Աղբյուրը՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտ

Լրահոս

Նմանատիպ նորություններ