Ժողովրդական Վարդավա՞ռ, թե՞ Քրիստոսի Պայծառակերպության տոն. եկեղեցին չի մերժում ազգայինը, բայց կոչ է անում պահպանել տոնի հոգևոր խորհուրդը

joxovrdakan-vardavar--te-qristosi-paycarakerpoutyan-ton-ekexecin-ci-merjoum-azgayine--bayc-koc-e-anoum-pahpanel-toni-hogeor-xorhourde

Մի քանի օրից՝ հուլիսի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ ինչպես ժողովրդի շրջանում է ընդունված ասել՝ Վարդավառը: Հայերի մոտ Վարդավառի տոնը հիմնականում բնորոշվում է միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթով, սակայն ջրի խորհուրդը ոչ մի կապ չունի հեթանոսության հետ, այն միշտ ունի մաքրագործության խորհուրդը: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հարցին ի պատասխան նշեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Ինչպես Քրիստոսը բարձրացավ Թափոր լեռը և պայծառակերպվեց, այնպես էլ մենք, Քրիստոսի օրինակով պետք է կարողանանք վերափոխվել և պայծառեցնել մեր կյանքը` սրբագրելով մեր կյանքից ամեն չար հակում ու ցանկություն: Թափոր լեռը խորհրդանշում է մարդկային բարձունքը, որն ամեն մեկս պետք է կարողանանք բարձրանալ: Ավետարանը պատմում է, որ Քրիստոսը իր հետ վերցրեց երեք աշակերտների, ովքեր իրենց բնավորությամբ և նկարագրով մեզ տալիս են պայծառակերպության ճանապարհը», - ասաց Տեր Եսային:

Նա նկատեց, որ, ցավոք, տարիներ շարունակ մարդիկ չեն գիտակցել Պայծառայկերպության խորհուրդը, և նաև այդտեղից է գալիս այն թյուր պատկերացումը, թե Վարդավառը հեթանոսական տոն է: «Այլ բան է, որ քրիստոնեական որևէ տոնի հետ համադրվում է հեթանոսական շրջանից փոխանցված ժողովրդական ավանդույթներ, որոնք ոչ թե կրոնական կամ դիցական պատկերացումներ են արտացոլում, այլ հենց ժողովրդական ավանդույթ են: Շատերին գուցե թվում է, թե մենք մերժում ենք ժողովրդական ավանդույթները, սակայն եկեղեցին երբեք խնդիր չի ունեցել մերժելու այդ գեղեցիկ ավանդույթները: Ընդհակառակը, եկեղեցին եղել է այդ ավանդույթների կրողը»,- ասաց նա:

Քահանայի խոսքով՝ հետխորհրդային անցումային շրջանում երիտասարդներին շատ բաներ չի ավանդվել, և հաճախ մեր ավանդույթները աղճատված ու խեղաթյուրված են մատուցվել նրանց: Սակայն ներկայումս հենց երիտասարդներն են ցանկանում սովորել ու բացահայտել դրանք, և արդյունքները մենք արդեն տեսնում ենք. «Կա մի պարզ ճշմարտություն՝ այդ ավանդույթները զտվում ու մաքրվում են, երբ կա հոգևոր գիտակցություն, որովհետև այն, ինչ եկեղեցու ներսում է կատարվում, եթե մենք այդ խորհուրդը ճիշտ ենք հասկանում և արտացոլում, ավանդույթները դրա հայելանման պատկերն են դառնում»:

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական միությունների ատենապետ Վահան Մարդյանն էլ պատմեց, թե այս տարի ինչպես է նշվելու Քրիստոսի Պայծառակերպության տոնը:

«Երիտասարդաց միություններս արդեն հինգ տարի է՝ փորձում ենք վեր հանել ազգային սովորույթները և ամեն տարի տոնից մեկ օր առաջ, այս տարի՝ հուլիսի 27-ին, ժամը վեցին, մեծ թափոր ենք կազմում և ազգային երաժշտությամբ, երգ ու պարով շարժվում դեպի Մանկական զբոսայգի: Սովորաբար թափուրում ավանակ ենք ունենում՝ վրան տատիկ նստած, որը ևս ժողովրդական ավանդույթ է եղել:  Փորձումենք կապել հոգևոր բովանդակությունը նաև Նոյի տեսարանով, և Նոյի ընտանիքը մեզ հետ քայլում է: Այդ օրը նաև տոնին բնորոշ քաղցրավենիք է բաժանվելու ժողովրդին»,- ասաց նա:

Մարդյանը նշեց, որ խնդիր է դրված նաև ազգային որոշ սովորույթներ վեր հանել, որպեսզի «ջրոցի» կոչվածն ավելի գեղեցիկ ներկայացվի իր ազգային բովանդակության մեջ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ