Ջրահարսի վարսեր կամ լեգենդ Ջերմուկի մեծ ջրվեժի մասին

am en ru
jraharsi-varser-kam-legend-jermouki-mec-jrveji-masin

Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի մոտակայուոմ է գտնվում «Ջրահարսի վարսեր» ջրվեժը: Այն ունի 72մ բարձրություն, և թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ՝ աղջկա վարսեր է հիշեցնում: Ջուրն իրեն գրկող ժայռերի հետ շատ գեղեցիկ տեսարան է ստեղծում: Դա Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել: Պատահական չէ նաև ջրվեժի հետաքրքիր անվանումը...

*  *  *

Շատ հնուց ջրվեժի գլխավերևում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի հզոր իշխանի ամրոց: Իշխանը ուներ շատ գեղեցիկ դուստր, որի ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի որդուն` երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ:

Ամեն օր, կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն շուտով իշխանը գտնում է աղջկա սենյակում պարանը և գլխի է ընկնում... Ջղայնանում է ու անիծում դստերը ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:

Սակայն սիրահարներին ոչինչ չէր կարող պահել հանդիպման գայթակղությունից: Հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ