Ջրի ուսապարկեր՝ հետախույզներին

jri-ousaparker-hetaxouyzneri

Հատուկ նշանակության հետախուզական խմբի համար պատվիրված ջրի ուսապարկերն արդեն Հայաստանում են: Նախաձեռնությունը կրկին «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությանն է, որն ամիսներ առաջ հայտարարած դրամահավաքի շնորհիվ ջրի ուսապարկեր հասցրեց Թալիշի դիրքապահներին:

ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը «ՀԱՅ ՁԱՅՆ»-ի հետ զրույցում ասաց, որ այս անգամ ջրի ուսապարկերի համար դրամահավաքը տևել է ընդամենը մեկ օր, հատուկ հայտարարություն չի եղել, բայց գրառմանն արձագանքած ֆեյսբուքյան ընկերների միջոցով հնարավոր է եղել հավաքել անհրաժեշտ գումարը. ««Ջրի ուսապարկ՝  Թալիշի դիրքապահներին» ծրագիրը Արցախում հաջողությամբ իրականացնելուց հետո մենք քննարկումներ ունեցանք հրամանատարության հետ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումներին ջրի ուսապարկեր տրամադրելու վերաբերյալ: Որոշվեց, որ հաջորդ նախաձեռնությունը պետք է լինի հետախույզների համար: Սկսեցինք բանակցել մեր չինացի գործընկերների հետ, որոնցից պատվիրել ենք և այս անգամ էլ մեծ զեղչեր ստացանք, իսկ պատվերը կրկին անվճար Հայաստան է հասցրել Globbing ընկերությունը»:

Մեր զրուցակիցը ընդգծեց, որ այս անգամ ջրի ուսապարկերը հատուկ քողարկմամբ են և համապատասխանում են մեր հետախույզների համազգեստի նախշերին: Ջրի ուսապարկերը Հայաստան հասնելուց հետո նախաձեռնության անդամները դրանք անձամբ կհասցնեն հետախուզական խմբերին:

Իսկ նախաձեռնությունը, ինչպես նշեց Դավիթ Թորոսյանը, շարունակական բնույթ է կրելու:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ