Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Կանայք կլուծե՞ն խնդիրը

kanayq-kloucen-xndire

Օգոստոսի 23-24-ին նախատեսված էր վրաց-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբերի հանդիպում Թբիլիսիում: Փորձագետները պետք է այցելեին միջպետական սահմանի վիճելի հատվածներ, որտեղ նախատեսված էր անցկացնել չափագրական և տեղորոշման աշխատանքներ: Կայացե՞լ է այդ հանդիպումը, թե՞ հետաձգվել՝ այդ մասին հրապարակային տեղեկություններ չկան: Փոխարենը հայտնի է դարձել, որ հատկապես Դավիթ Գարեջիի վանական համալիրի հատվածում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրացուցիչ հենակետեր է տեղաբաշխել, տարածքում հայտնվել է նաև ռազմական տեխնիկա: Վրացական կողմն իր հերթին կայացրել է դեպի վանական համալիր տանող ավտոճանապարհի հիմնանորոգման և արդիականացման որոշում: Բաքվում Վրաստանի իշխանությունների այդ քայլը գնահատում են որպես «երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական համագործակցությանը ոչ համարժեք»: Թե ինչու՞ պիտի ինքնիշխան Վրաստանը սեփական տարածքում ավտոմայրուղի կառուցելու հարցը համաձայնեցնի Ադրբեջանի հետ, ինչպես կարծում են Բաքվում, երևի միայն ադրբեջանցիները կարող են «բացատրել»:

Այս իրավիճակում հայտնի է դարձել, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային: Գարնանն Ադրբեջան այցից և Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ հայտարարությունից հետո սա Վրաստանի նախագահի առաջին հրապարակային շփումն է պաշտոնական Բաքվի հետ, որն ակնհայտորեն դուրս է պետական արարողակարգից և ունի ենթատեքստային ուղերձի իմաստ: Վրաստանի նախագահն Ադրբեջանի առաջին փոխնախագահին ակնարկել է երկու երկրների միջև հարաբերություններում միմյանց շահերը փոխադարձաբար հարգելու անհրաժեշտության մասին: Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը պետք է գտնի իր սահմանները: Ադրբեջանում դա հասկացել էին այնպես, որ Զուրաբիշվիլին Դավիթ Գարեջիի վանական համալիրի հարցում «տուրք է տալիս ազգայնական շրջանակների ազդեցությանը»:

 Վրաստանի նախագահը, մինչդեռ, սկզբունքային խնդիր է բարձրացրել: Վրաստանը չի կարող ապագայի հեռանկար ունենալ, եթե չվերականգնի ազգային ինքնության սահմանները: Խնդիրը վանական համալիրի զբաղեցրած տարածքը չէ, որ ընդամենը 25 քառակուսի կիլոմետր է կազմում: Վրաստանի համար ճակատագրական կարող է լինել տվյալ տեղաշրջանի էթնիկական ինքնության ապագայի հարցը: Ադրբեջանի առաջին փոխնախագահին հղած շնորհավորական ուղերձում Վրաստանի նախագահը նրբորեն շոշափում է այդ հարցը: Ի՞նչ պետական լիազորություններ ունի Ադրբեջանի առաջին փոխնախագահը՝ ստույգ հայտնի չէ, բայց Մեհրիբան Ալիևան հիմնականում զբաղվում է հումանիտար և մշակութային հարցերով: Հնարավո՞ր է, որ նրա նախաձեռնությամբ սկզբնավորվի վրաց-ադրբեջանական պատմա-մշակութային երկխոսություն: Որոշ ադրբեջանցի փորձագետներ, այդ թվում և նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը, հանդես են եկել կողմերի միջև հումանիտար շփումների մշտապես գործող հարթակ ստեղծելու առաջարկությամբ: Վրաստանի նախագահը, կարծես, Մեհրիբան Ալիևային ծննդյան օրվա շնորհավորանքով արել է առաջին քայլը: Հարկ է, ընդ որում, նշել, որ նման երկխոսությամբ առաջին հերթին պետք է շահագրգռված լինի Ադրբեջանը: Ի՞նչ արձագանք կգտնի Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության մոտ Վրաստանի նախագահի դիվանագիտական քայլը: Հնարավո՞ր է, որ Ալիևն ընդունի վրաց-ադրբեջանական տարաձայնությունների հարթման հարցում Մեհրիբան Ալիևային ներգրավելու կամ նրան գլխավոր բանագնաց նշանակելու որոշում: Դժվար է կանխատեսել ադրբեջանական կողմի քայլերն այդ ուղղությամբ, բայց իշխող տպավորություն է, որ Ադրբեջանը Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման բոլորովին այլ տարբերակ է առաջ տանում, և դա թուրքական գործոնի ռազմաքաղաքական կարևորության շեշտադրումն է:

Հայտարարվել է, որ սեպտեմբերի 2-ին Բաքվում տեղի կունենան Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան հրամանատարա-շտաբային զորավարժություններ՝ տարածաշրջանում կոմունիկացիոն ենթակառուցվածքների համատեղ պաշտպանության սցենարով: Խոսքը, բնականաբար, Բաքու-Ջեյհան նավթատարի, Հարավային գազային միջանցքի և Բաքու-Կարս երկաթուղու մասին է: Նույն օրը տեղի կունենան նաև թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի զորավարժություններ, որոնց Վրաստանը չի մասնակցի: Երևում է, Վրաստանը չի տրվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմական ինտեգրացիայի գայթակղությանը: Ազգային ինքնության սահմանների խնդիրը վրացական կողմի համար ավելի կարևոր է: Այդ ուղղությամբ Զուրաբիշվիլի-Ալիևա երկխոսություն կսկսվի՞:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ