Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք

kanq--piti-linenq-ou-der-satananq

Հայաստանի ներկա ու նախորդ իշխանությունները մեր երկրի դեմոգրաֆիական խնդիրը համարել և համարում են լուծման կարոտ լրջագույն ռազմավարական խնդիր։ Սերժ Սարգսյանը Հայաստանի բնակչության թիվը 2040-ին 4 միլիոնի հասցնելը ձևակերպել էր որպես համազգային նպատակ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Արցախի Վերածննդի հրապարակում ելույթ ունենալիս ներկայացրել է երկրի ռազմավարական նպատակները և  դրանց շարքում նշել. «Մինչև 2050 թվականը ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու»։

 

Նման ռազմավարական նպատակ սահմանելը և դրան հասնելու ճանապարհային քարտեզ կազմել վճռելը չափազանց կարևոր է մեր պետության ու պետականության ապագայի համար։ Հայաստանը չունի կապույտ վառելիքի կամ սև ոսկու բնական հարստություններ, և իր միակ իրական հարստությունը մարդկային ռեսուրսներն են։ Հացի խնդրից ավելի շատ մենք ունեցել ենք և ունենք քանակի խնդիր: Անընդհատ նվազել ենք տարբեր ձևերով. մի դեպքում արտագաղթի, մյուս դեպքում՝ բռնագաղթի, մեկ այլ դեպքում՝ ջարդերի ու կոտորածի: Իսկ հետանկախական շրջանում Հայաստանն անընդհատ կանգնել է դեմոգրաֆիական մարտահրավերների առաջ ու դրանք չի հաղթահարել, ինչի հետևանքով էլ բնակչության թիվն աճ չի ունեցել:

 

Համեմատության համար նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ բնակչության թիվը 1991թ. կազմել է 3 մլն 512 հզ մարդ, իսկ 2019 հունվարի 1-ի դրությամբ՝ այն կազմել է  2 մլն  965.3 հազար մարդ։

 

Ըստ մեր ժողովրդագրական բնութագրի՝ Հայաստանն ունի 48 քաղաքային և 953 գյուղական բնակավայրեր, որտեղ կենտրոնացված բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 96 տոկոսը, հայեր են։ Այսինքն, իր բնակչության ազգային կազմով Հայաստանն աշխարհի առավել միատարր պետություններից է:  Չնայած այս հանգամանքին՝ Հայաստանում ժողովրդագրության պատկերը խիստ մտահոգող է և անհանգստացնող: Դեմոգրաֆիական գործընթացներում շարունակվում են բացասական երևույթները: 

 

Առհասարակ ժողովրդագրական իրավիճակը բնութագրող 3 հիմնական ուղղություն կա՝ ցածր ծնելիություն, ծերացում և միգրացիա։ Բոլոր այս երեք ուղղություններում էլ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի։ Հերթով դիտարկենք։ Սկսած 1996-ից Հայաստանում ծնված երեխաների թիվն անընդհատ կա՛մ նվազել է, կա՛մ մնացել նույն մակարդակին: Չի եղել որևէ աճ: Ուստի, այս առումով գերակա է դառնում ծնելիության խրախուսման և երեխաների խնամքի հետ կապված սոցիալական ծրագրերի հարցը։

 

Բացի այդ Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների վերին շեմին: Ըստ միջազգային չափանիշների՝ ծերացող է համարվում այն երկիրը, որի բնակչության 7 տոկոսը կազմում են 65 և ավելի բարձր տարիքային խմբի քաղաքացիները: Հայաստանում այդ ցուցանիշն արդեն գերազանցում է ոչ թե 7, այլ 12 տոկոսը:

Անկախությունից հետո Հայաստանի միգրացիոն հոսքերի մեջ գերակշիռ մասը միշտ կազմել է արտագաղթը՝ հիմնականում սոցիալական խնդիրների պատճառով։ Ամեն տարի Հայաստանից անվերադարձ հեռացել են տասնյակ հազարավոր մարդիկ։

 

Ըստ ՄԱԿ-ի Ժողովրդագրության բաժնի կանխատեսումների՝ մինչև 2050 թվականը մեր հարևանները ունենալու են բնակչության թվի զգալի աճ. Ադրբեջանը կունենա 31, իսկ Թուրքիան 43 տոկոսանոց աճ։ Հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքը և այն կարևոր հանգամանքը, որ չորս հարևաններից երկուսի հետ փակ սահման ու վատ հարաբերություն ունենք, հաշվի առնելով, որ պատերազմը դեռ չի ավարտվել, պարզ է դառնում, որ դեմոգրաֆիայի իրավիճակի բարելավումը մեզ համար պարզապես ազգային անվտանգության հարց է:

 

Ժողովրդագրության հիմքում, ի վերջո, մարդն է ու մարդահաշիվը: Մենք անշուշտ դեռ  շատ հաշիվներ ունենք մաքրելու, շատ կորուստներ ունենք վերականգնելու, բայց դրա համար նախևառաջ պետք է շատանալ, մարդկային ռեսուրսներ են անհրաժեշտ:

 

Հետևաբար, կարիք է զգացվում ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի, որտեղ կլինեն կոնկրետ հաշվարկներ ու գործողությունների կոնկրետ սխեմա: Միայն այդ դեպքում դեմոգրաֆիան կդադարի լինել նոր Հայաստանի հին վերքը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ