ԿԳ-ում քննարկվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության երկամյա ծրագրի հիմնական ուղղությունները

am es
kg-oum-qnnarkvel-en-younisef-i-het-hamagorcakcoutyan-erkamya-cragri-himnakan-ouxxoutyounnere

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեիտենինի հետ: Արևիկ Անափիոսյանը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով դրա ընդլայնման և զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության 2019-20 թթ. գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, կարևորվել է վաղ մանկության ուսումնառության ծառայությունների մատչելիության խնդիրը. այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագրին: Նշվել է, որ հիմնադրամի աջակցությամբ մշակվել և փորձնական կարգով ներդրվել են վերոնշյալ մոդելները, որոնք կարող են կիրառվել փոքր համայնքներում:

Առաջիկա տարիներին նախատեսվում է ևս 35 նման հաստատությունների հիմնում ՀՀ մի շարք մարզերի փոքր համայնքներում: Նշվել է, որ նման հաստատություններում կանանց ներգրավումը կնպաստի աշխատաշուկայում վերջիններիս զբաղվածության ապահովմանը: Արևիկ Անափիոսյանը նշել է, որ պատրաստվել են նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ինստիտուցիոնալիզացման իրավական ակտերի նախագծեր՝ ստեղծելու հնարավորություն այլընտրանքային մոդելների ներդրման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ներառական կրթության հարցում ՅՈՒՆԻՍԵՖ-ի շարունակական աջակցության հարցը: Այդ համատեքստում անդրադարձ է եղել ներառական կրթության բարեփոխումների իրականացմանը՝ նախադպրոցական և դպրոցական մակարդակներում:

Նշվել է, որ հիմնադրամը պատրաստ է աջակցել համընդհանուր ներառական կրթության ներդրման ծրագրի շրջանակում մանկավարժների վերապատրաստմանը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալը կարևորել է ուսումնական գործընթացում ինտերակտիվ, նորարարական մեթոդների կիրառման և քննական մտածողության ձևավորման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվում է հանրակրթության պետական չափորոշիչի և առարկայական ծրագրերի և ուսուցիչների վերապատրաստման և, առհասարակ, կրթական բովանդակության և ուսումնական նյութերի վերանայման գործընթաց:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի կառավարման խնդրին՝ այդ գործընթացում կարևորելով ՀՀ կրթության և գիտության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ