Կոտայքում ադամանդագործության ոլորտում խոշոր ներդրումներ են կատարվում

am
kotayqoum-adamandagorcoutyan-olortoum-xosor-nerdroumner-en-katarvoum

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով ադամանդի վերամշակման «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ Աբովյանի արտադրամասում էր: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Մարզպետարանից տեղեկացնում են, որ Արաբական Միացյալ Էմիրություններում 2014 թվականից գործունեություն ծավալող ընկերությունը Հայաստանում արտադրությունը սկսել է 2017 թվականից, իսկ 2018 թ.-ից խոշոր ներդումներ է իրականացնում Կոտայքի մարզում:

Արտադրամասում այս պահին աշխատում են շուրջ 90 աշխատակիցներ, սակայն Աբովյանի նախկին «Սիրիուս» գործարանի մասնաշենքերից մեկում՝ 3 հարկ ընդգրկող 3000 քմ տարածքում, ընկերությունը սկսել է ինտենսիվ շինարարություն իրականացնել՝ ադամանդի վերամշակման ավելի մեծ և հզոր արտադրամաս հիմնելու համար:

Ընկերության հիմնադիրների՝ Արտակ և Արմեն Բաղիկյանների ուղեկցությամբ մարզպետը շրջել է նախ գործող արտադրամասի տարածքում՝ ծանոթանալով աշխատանքային պայմաններին, ապա այցելել նաև շինարարական հրապարակ, հետաքրքրվել հիմնանորոգվող արտադրամասի ընդգրկման ծավալներով:

Արտադրական ամբողջ տարածքը արդիականացվում է միջազգային չափանիշներին համապատասխանող գերթանկարժեք սարքավորումներով. ստեղծվելու են ավելի քան 700 նոր աշխատատեղեր: Ներկայում գործող արտադրամասը կվերածվի հյուրանոցի ադամանդագործությամբ զբաղվող օտարերկրյա ընկերությունների համար:

Ընկերությունն աշխատակիցներին ընտրելու է հատուկ չափորոշիչներով: Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու համար ևս արտադրամաս է բացվելու: Նախատեսում են ուսուցման ծրագիր իրականացնել,որը ևս կվարձատրվի: Նպատակը՝ ընկերությունը վերապատրաստված մասնագետներով համալրելն է:

Արտադրության ղեկավարների հետ քննարկելով ընդլայնման հնարավոր ուղղություններն ու ծավալները՝ Ռոմանոս Պետրոսյանը վստահություն է հայտնել, որ որպես տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչ՝ պատրաստակամ է աջակցել՝ նպաստելու ոլորտի զարգացմանը, քանի որ հաջողած յուրաքանչյուր գործ, ըստ մարզպետի, խթանելու է նախ և առաջ Հայաստանի և, մասնավորապես, Կոտայքի մարզի տնտեսության զարգացմանը:

Ընկերության ղեկավարները մարզպետի հետ զրույցում հայտնել են, որ իրենց նպատակը ադամանդագործության ավանդույթներն ու միջազգային հաջողված փորձը մեր երկիր բերելն է և բարենպաստ գործարար միջավայրի լավագույն պայմաններով ապահովելը, որը կխթանի ադամանդագործության զարգացմանը և այս ոլորտում Հայաստանն ու Կոտայքի մարզը տարածաշրջանային կենտրոն դարձնելուն:

Տեխնոլոգիական գյուղատնտեսության, ինտենսիվ այգեգործության, վերականգնվող էներգետիկայի և ադամանդագործության ոլորտները դիտարկելով որպես մարզի տնտեսական զարգացման հայեցակարգի կարևորագույն բաղադրիչներ՝ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ այս ուղղությամբ տարվում են ակտիվ աշխատանքներ՝ ներգրավելու նոր ներդրողների, ինչպես նաև ստեղծելու բոլոր նախադրյալները, որպեսզի գործող տնտեսվարողներն ավելացնեն իրենց հզորությունները: Նա նաև վստահեցրել է, որ օրենքով սահմանված կարգով՝ իրեն վերապահված լիազորությունների և իրավասության շրջանակներում պատրաստակամ է աջակցել դրանց իրականացմանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ