Կրոն և մեծ քաղաքականություն. տհաճ միջադեպ Թբիլիսիում

kron-e-mec-qaxaqakanoutyoun-thaj-mijadep-tbilisioum

Զանազան միջազգային հարթակներում տեղի ունեցող հակառուսական դեմարշները շարունակվում են:

Այսօր արտառոց դեպք տեղի ունեցավ Թբիլիսիում հունիսի 19-ից 22 նախատեսված Ուղղափառության Միջխորհրդարանական ասամբլեայի (IAO) 26-րդ նստաշրջանում: Ինչպես հաղորդում է ռուսական РИА Новости գործակալությունը, աշխատանքային քննարկումների ժամանակ Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, որպես բողոքի նշան նիստը վարող ռուսական Պետդումայի կոմիտեներից մեկի ղեկավար Սերգեյ Գավրիլովի կողմից՝ խոսնակի աթոռը «զավթելուն», խափանեցին աշխատանքները: Նրանք պահանջեցին Գավրիլովից ազատել աթոռը, այնուհետև հակառուսական և հակապուտինյան էքսպրես-ցույց կազմակերպեցին, ինչը ստիպեց ռուսական պատվիրակությանը լքել դահլիճը:

Գավրիլովը պատմեց նաև, որ նրան սկսեցին մեղադրել Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղի ունեցած բախումներին մասնակցելու մեջ, ինչը, իր ասելով, բացարձակ չի համապատասխանում իրականությանը և ինքը միշտ զբաղված է եղել միմիայն հումանիստական գործունեության իրականացմամբ, մասնավորապես, օժանդակելով Սիրիայի և Կոսովոյի քրիստոնյա բնակչությանը:

Իսկ ուկրաինական  www.eurointegration.com.ua ինտերնետ-ռեսուրսը հաղորդում է, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը դեռ երեկ է լքել նստաշրջանի աշխատանքները՝ բողոքելով Գավրիլովի՝ նիստը նախագահելու հավակնությունների դեմ: «Քրիստոնեական հավատն ու Եկեղեցին խաղաղություն են խորհրդանշում, իսկ Ռուսաստանն այսօր մեզ պատերազմ է հայտարարել՝ զավթելով մեր տարածքները: Ես այլևս մեկնաբանելու բան չունեմ»: Սրանք են եղել Դոլգովի խոսքերը հեռանալուց առաջ:

Հիշեցնեմ, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են առաջինիս կողմից 11 տարի առաջ, երբ Մոսկվան հայտարարեց, որ ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունները:

Ինչ վերաբերում է նստաշրջանի աշխատանքներին, որին մասնակցում են 25 պետությունների շուրջ 100 պատվիրակներ, այն կարող է ավարտվել նախատեսվածից ավելի շուտ: Համենայն դեպս, տեղական ժամանակով ժամը 14-ի դրությամբ ակամա դադարը դեռ շարունակվում էր և նույնիսկ աշխատանքների վերականգնման դեպքում ընդհանուր տպավորությունն արդեն փչացել է:

Ինչպես տեսնում ենք, «գեոսինկլինալային» ճաքեր է տալիս նաև Ուղղափառ քրիստոնեությունը՝ հիշենք թեկուզ այն, ինչ տեղի ունեցավ նույն Ուկրաինայում: Ցավոք, այս ամենի հետևում երևում են մեծ քաղաքականությունը սեփական շահերին բանեցնող նոր գերազանցություն Գլոբալիզացիայի երկար ու ամենահաս ականջները:

Լրահոս

Նմանատիպ նորություններ