Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Լենքորանում ռուսական դեսա՞նտ

lenqoranoum-rousakan-desant

  Ադրբեջանի խորհրդարանում անցյալ տարվա բյուջեի կատարողականի քննարկումներին պատգամավոր Ռուֆաթ Գուլիեւը Լենքորանի օդանավակայանը Ռուսաստանին երկարաժամկետ վարձակալության տալու առաջարկություն է արել:

  Պատգամավորի կարծիքով` դա կնպաստի Ադրբեջանի հարավային շրջաններում տնտեսական աշխուժությանը: Պատգամավորի այդ տեսակետին ծավալուն մեկնաբանությամբ անդրադարձել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սարդար Ջալալօղլուն: Նրա կարծիքով` հարավային շրջաններում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար բավական կլիներ հոգեւոր առաջնորդ Փաշազադեի ահռելի կապիտալի ներդրումն իր հարազատ Լենքորանում:

    Ջալալօղլուն այն կարծիքին է, որ Լենքորանի օդանավակայանը Ռուսաստանին երկարաժամկետ վարձակալության տալու գաղափարը տնտեսական չէ, այլ` խիստ քաղաքական: Ադրբեջանցի քաղաքական գործիչը համարում է, որ ներկայումս մշակվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանը վերստին նվաճելու ծրագիր: Որպես հիմնավորում` նա բերում է երկու օրինակ: Առաջինը Կասպից ծովում ռուսական ռազմական ներկայության մեծացումն է, ինչպես նաեւ Կասպից նավատորմիղի տեղակայումն Աստրախանից Մախաչկալա փոխադրելու ծրագիրը, որն անցյալ տարի է մեկնարկել եւ պետք է ավարտին հասնի մինչեւ 2020թ. տարեվերջ:

   Ջալալօղլուն գտնում է, որ Կասպից ավազանում ռուսական ռազմածովային ուժերի արդիականացումն ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանության սահմանափակմանը: Նախագահի նախկին թեկնածուի վկայակոչած երկրորդ օրինակն ավելի ցցուն է: Վիճակագրական տվյալներ վկայակոչելով` նա պնդում է, որ ներկայումս 160 000 ադրբեջանցի երեխա կրթություն է ստանում ռուսական դպրոցներում: Նա համարում է, որ դա Ադրբեջանի սահմանադրության կոպտագույն խախտում է:

    Ընդ որում, Ջալալօղլուն ասում է, որ խոսքը ոչ թե ռուսաց լեզուն սովորելու, այլ` ռուսական կրթություն ստանալու մասին է, երբ ադրբեջանցի երեխաներն ուսանում են Ռուսաստանի պատմություն, աշխարհագրություն, ռուսական գրականություն եւ առհասարակ մշակույթ: Ադրբեջանցի քաղաքական գործիչն ահազանգում է, որ տասանմյակ անց կյանք է մտնելու մի սերունդ, որը քաղաքակրթական ոչ մի կապ չի ունենա Ադրբեջանի հետ:

   Նա վկայակոչում է անցյալ դարասկզբի իրավիճակը, երբ ռուսական կրթություն ստացած ադրբեջանցի մտավորականությունը դեմ էր Ադրբեջանի անկախությունը, ամեն կերպ պաշտպանում էր Ռուսաստանի շահերը: Նրա գնահատմամբ` հենց այդ սերունդն էլ դարձավ Ադրբեջանի անկախության գերեզմանափորը` քաղաքական եւ սոցիալական պարարտ հող ստեղծելով, որպեսզի բոլշեւիկյան Ռուսաստանը տապալի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը: Նախագահի նախկին թեկնածուի մշակութաբանական վերլուծությունները տվյալ դեպքում այնքան էլ հետաքրքիր չեն: Էականն այն է, որ Ադրբեջանի խորհրդարանում, որտեղ իրավիճակը լիովին վերահսկում է Իլհամ Ալիեւի գլխավորած «Ենի Ազարբայջան» կուսակցությունը, հնչել է Լենքորանի օդանավակայանը Ռուսաստանին երկարաժամկետ վարձակալության տալու գաղափար: Ադրբեջանը տոտալիտար երկիր է, խորհրդարանը չունի եւ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր: Դա թույլ է տալիս եզրակացնելու, որ ռուս-ադրբեջանական միջկառավարական կամ միջգերատեսչական մակարդակում նման հարց արդեն իսկ արծարծվել է:

   Խոսքն առայժմ քաղաքացիական օդանավակայանի մասին է, որը ներկայումս չի շահագործվում: Ռուսական կողմի համար, ամենայն հավանականությամբ, այդ օդանավակայանը կարող է ունենալ միայն ռազմական ենթակառուցվածքի նշանակություն: Զուտ կոմերցիոն տեսակետից Լենքորանի օդանավակայանը չի կարող հետաքրքրել ռուսական կողմին: Այստեղ կարեւոր է ընդգծել, որ թեման շրջանառության է դրվել մի պահի, երբ ծայրահեղորեն լարված են Իրան-ԱՄՆ հարաբերությունները: Լենքորանն Ադրբեջանի թալիշաբնակ տեղաշրջանի կենտրոնն է եւ սահմանակից է Իրանին: Տեղի օդանավակայանի վարձակալությունն Ռուսաստանի համար հնարավորություն է` ֆորս-մաժորային իրավիճակում պաշտպանել իր աշխարհաքաղաքական շահերը` նաեւ հնարավորինս օժանդակելով Իրանին:

   Այս թեման, սակայն, շրջանառվել է ընդդիմադիր մամուլում: Իշխանական լրատվամիջոցները դրան առայժմ չեն անդրադարձել: Տպավորություն է, որ գաղափարը հանրայնացնելով ընդդիմադիր համարվող շրջանակների միջոցով` Ալիեւի ռեժիմը փորձում է հանրային տրամադրություններ շոշափել: Ադրբեջանի սահմանադրությամբ արգելվում է երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայան ունենալ:

   Բայց դա չէր խանգարում, որ ռուսական կողմը շահագործեր Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը: Լենքորանի օդանավակայանի վարձակալությունը, հնարավոր է, Ադրբեջանում Ռուսաստանի ռազմական ներկայության ճանապարհի առաջին քայլը դառնա:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ